Սեյրան Օհանյանն իր ունեցվածքը թողած ուրիշներին է ակնարկում. armtimes.com (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Սեյրան Օհանյանն իր ունեցվածքը թողած ուրիշներին է ակնարկում. armtimes.com

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեկ հանդես եկավ հերթական տեսաուղերձով, որտեղ հիմնավորում էր, թե ինչու է որոշել դուրս գալ պետական համակարգից: Նույն տեսաուղերձում նա անդրադարձ է կատարել տարբեր երկրների զարգացման ուղիներին:

«Պարզ է, որ նորմալ հասարակարգում պետք է հաստատված լինեն արդար և օրինական հարաբերություններ, որտեղ հարուստներն իրենց ունեցածի մի մասը հարկային ողջամիտ համակարգի միջոցով զիջում են, սոցիալական պատասխանատվություն են ստանձնում հասարակության մյուս շերտերի առաջ, վայելում են հանրության հարգանքն ու չեն վախենում սեփականության կորստից: Այդ բանաձևը կոչվում է պետության բարօրության գաղափար, որն առկա է աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրներում և որի կառուցման ճանապարհով պետք է գնանք նաև մենք՝ ՀՀ-ի քաղաքացիներս…»,- հայտարարել էր Սեյրան Օհանյանը:

Հարկ է հանրությանը հիշեցնել, թե տարիներ շարունակ պետական պաշտոն զբաղեցնող Սեյրան Օհանյանն ինչ կարողության տեր է դարձել:

«Պիրամիդա» ժամանցի կենտրոն

Սեյրան Օհանյանը ԼՂՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար եղած ժամանակ 2002 թվականին քաղաքացիներ Տիգրան Մովսիսյանի և Շանթ Ալեքսանյանի հետ ստեղծել է «ՍՏՇ Պիրամիդա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: «ՍՏՇ» հապավումն էլ նրանց երեքի անվան առաջին տառերի միացությունն է: Մինչև 2005 թվականն այս ընկերության բաժնետերերի մեջ փոփոխություն է լինում և 2005-ին Սեյրան Օհանյանի հայրը՝ Մուշեղ Օհանյանը դառնում է այդ ընկերության 55 տոկոս բաժնետեր: Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայում գտնվող «Պիրամիդա»-ն սկզբում գիշերային ակումբ է եղել, որի հետ կապված մամուլում բազմաթիվ աղմկոտ հրապարակումներ են եղել: «Հետք» էլեկտրոնային պարբերականը մանրամասն անդրադարձել է «Պիրամիդա»-ի պատմությանը: Նշենք, որ այժմ այս սրճարանի տարածքի մի հատվածում մինչ օրս էլ ժամանցի կենտրոն է գործում, որտեղ ՀՀ քաղաքացիների մուտքն այդքան էլ ցանկալի չէ: Հյուրերի մեծ մասն օտարերկրացի են՝ հիմնականում Իրանից:

Սեյրան Օհանյանի առանձնատունը «Վահագնի» թաղամասում

2016 թվականին, երբ Սեյրան Օհանյանը դեռ պաշտպանության նախարար էր, մամուլում հրապարակումներ հայտնվեցին այն մասին, որ նա «Վահագնի» թաղամասում (Երևան-Աշտարակ մայրուղու սկզբնամաս) շքեղ առանձնատուն է կառուցում: Պաշտպանության նախարար եղած տարիներին այս լուրը չի հերքվել:

Էլեկտրոնային լրատվամիջոցներում Օհանյանի անվան հետ կապվող մեկ այլ առանձնատուն էլ է ներկայացվել:

Սեյրան Օհանյանի և կնոջ պաշտոնական ունեցվածքը

Սեյրան Օհանյանի կինը ոչ պակաս հայտնի մարդ է: Ռուզաննա Խաչատրյանը Կարեն Կարապետյանի կառավարությունից առաջ առողջապահության նախարարի խորհրդականներից մեկն էր, սակայն նոր նախարարի՝ Լևոն Ալթունյանի, նշանակելուց հետո նա աշխատանքից ազատման դիմում գրեց: Ռուզաննա Խաչատրյանը պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ ներկայացրել է միայն 1.6 միլիոն դրամ ստացած աշխատավարձի մասին տեղեկություն (հունվարից մինչև հոկտեմբեր ամիսների համար):

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ ունեցել է ընդամենը 18 միլիոն դրամ, իսկ որպես եկամուտ նշել է աշխատավարձը՝ 3.1 միլիոն դրամ և զինվորական թոշակը՝ 3.8 միլիոն դրամ:

Սեյրան Օհանյանը 1992 թվականին ԼՂՀ ինքնապաշտպանական կոմիտեի շտաբի պետի պաշտոնում նշանակվելուց հետո ռազմական ոլորտից դուրս չի եկել մինչև 2016 թվականը: Օհանյանն այս ընթացքում հասցրել է լինել ե՛ւ ԼՂՀ, ե՛ւ ՀՀ պաշտպանության նախարարներ:

Լուսանկարում՝ «Պիրամիդա» սրճարանը Երևանում:

armtimes.com