Այսօր ապրիլյան պատերազմի ժամանակ Մարտակերտում զոհված զինծառայող, կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է: Արմենակ Ուրֆանյանը ծնվել է 1990 թվականին: Սովորել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, որտեղ ուսումն ավարտելուց հետո մեկնել է Մարտակերտ՝ պայմանագրային ծառայության: ՀՀ զինված ուժերում ծառայության ընթացքում Արմենակ Ուրֆանյանը ստացել է կապիտանի կոչում, երկու անգամ ճանաչվել է հրաձգային վաշտի լավագույն հրամանատար, արժանացել մի շարք պատվոգրերի ու մրցանակների: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Մարտակերտում ծավալված մարտական գործողությունների ժամանակ կապիտան Ուրֆանյանն իր անձնակազմի հետ միասին հերոսաբար պայքարել է հակառակորդի անհավասար ուժերի դեմ՝ ոգեւորելով զինվորներին, կյանքի գնով պաշտպանելով դիրքը: Ոչնչացրել է թշնամու մեկ ինժեներա-հետախուզական զրահատեխնիկա և բազմաթիվ գրոհայինների: Զոհվել է տանկի արկակոծումից:
Արմենակ Ուրֆանյանի հետ միասին դիրքը կյանքի գնով պաշտպանեցին հերոսներ Ռոբերտ Աբաջյանը, Քյարամ Սլոյանը եւ Անդրանիկ Զոհրաբյանը: Կապիտան Արմենակ Ուրֆանյանը հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայության» մեդալով, ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: