Էյջիզմը տարիքային խտրականություն է: Այն կարող է լինել բացահայտ, ինչպես, օրինակ, աշխատանքի ընդունելու մերժումը, քանի որ մարդը տարիքով մեծ է, կամ ավելի նուրբ, ինչպես մոտ մարդուն ծննդյան տարեդարձին զվարճալի բացիկ նվիրելը այնպիսի մակագրությամբ, որը ակնարկում է պատկառելի տարիքի մասին:
Պարզվում է, որ գրեթե բոլոր տարեցներն այս կամ այն ձեւով զգացել են էյջիզմն իրենց առօրյա կյանքում, ինչպես վկայում է նոր հետազոտությունը:
Հետազոտության համար գիտնականներն ուսումնասիրել են 50-80 տարեկան ավելի քան 2000 մարդկանց ամենօրյա փորձի վերաբերյալ հարցման արդյունքները: Մասնակիցները գնահատվել են՝ հիմնվելով ծերության վերաբերյալ նրանց փորձի եւ համոզմունքների մասին 10 հարցերի պատասխանների վրա:
Որքան բարձր է եղել միավորը, այնքան մեծ է եղել ֆիզիկական կամ հոգեկան առողջության, քրոնիկ հիվանդության եւ/կամ դեպրեսիայի նշանների հավանականությունը:
Հարցվածների մոտ 65 տոկոսը նշել է, որ կանոնավոր կերպով տեսնում, լսում կամ կարդում է կատակներ տարեց մարդկանց մասին, իսկ 45 տոկոսն ասել է, որ ավելի շատ անձնական փորձ է ունեցել, երբ ուրիշները ենթադրել են, որ տարիքի պատճառով իրենք խնդիրներ ունեն՝ կապված տեխնիկայի, տեսողության, լսողության կամ հիշողության հետ:
Հետազոտության արդյունքները վերջերս հրապարակվել են JAMA Network Open ամսագրում։
Ծերաբան եւ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր դոկտոր Քեթրին Սարգսյանը վերլուծել է հետազոտության արդյունքները, գրում է UPI-ն։
Տարեց մարդիկ միակ խումբն են, որոնց վրա մարդկանց դեռեւս թույլատրվում է ծիծաղել, եւ դա նորմալ չէ, ասել է Սարգսյանը։ Նա նշել է, որ տարեց մարդը կարող է յուրովի մեկնաբանել այս նախապաշարմունքներն ու խտրականությունը, եւ դա կարող է ազդել նրա կյանքի որակի վրա:
Սարգսյանը միաժամանակ նշել է, որ տարիքը սերտորեն կապված է հիվանդությունների թվի աճի հետ։
Մասնագետի խոսքով, տարեցներից շատերը լիարժեք եւ ակտիվ կյանքով են ապրում՝ չնայած առողջական վիճակին։
Գեղեցկության ողջ արդյունաբերություն է կենտրոնացած ծերացման դեմ պայքարի վրա, եւ դա նույնպես էյջիզմի ձեւ է, հավելել է նա: