Արմավիրի բժշկական կենտրոնից հունվարի 28-ին Երևան տեղափոխված և մեկ օր անց մահացած նորածնի հարազատները չեն հավատում, որ երեխան ծնվել է սրտի արատով և թոքաբորբ է ունեցել, ինչպես որ ծնունդն ընդունած բժիշկն է պնդում:
NEWS.am-ի հետ զրույցում մահացած նորածնի պապիկը` Ռուստամ Իսայանը պատմեց, որ հարսը հղիության ընթացքում բոլոր հետազոտությունները ժամանակին անցել է և որևէ խնդիր չի ունեցել:
«Հունվարի 26-ին տարել ենք հիվանդանոց հարսիս, բժիշկը` Նշան Գևորգյանը, սկզբում ասաց, որ ամեն ինչ նորմալ է, իր ուժերով կունենա երեխային, ավելի ուշ էլ ասաց, թե ծանր ծննդաբերություն է սպասվում ու առանց մեր կարծիքը հայտնելու` վակուումով արեցին ծննդօգնությունը: Դրանից հևտո մեզ հայտնեցին, թե երեխան մի քիչ պտղաջուր է կուլ տվել, բայց ամեն ինչ նորմալ է, գնացեք տուն»,- պատմեց նա:
Ռուստամ Իսայանի խոսքով` հունվարի 27-ին արդեն իրենից արհեստական կեր են պահանջել և երեխային կերակրել: Գիշերն արդեն երեխայի վիճակը վատացել է, սակայն այդ մասին հարազատներին ոչինչ չեն հայտնել, միայն հունվարի 28-ին առավոտյան, երբ հարազատները կրկին հիվանդանոց են գնացել` ծննդկանին և երեխային տեսնելու, իմացել են այդ մասին. «Մեզ ասացին, որ Երևանից կանչ են գրանցել ու փոքրիկին տեղափոխում են հիվանդանոց, մենք էլ նրանց հետևից Երևան են եկել: Այստեղ արդեն բժիշկները մեզ հայտնեցին, որ առանց պտղաջուրն ամբողջությամբ օրգանիզմից հանելու` երեխային կաթ են տվել, դրանից էլ վիճակը վատացել է: Մեզ ուղարկեցին արյուն բերելու, որից հետո հորդորեցին տուն գնալ»:
Հունվարի 29-ին առավոտյան Իսայաններն իմացել են, որ փոքրիկը մահացել է: Թե որն է եղել մահվան պատճառը, հարազատներն այդպես էլ չեն հասկացել, ավելին չեն հավատում ծնունդն ընդունած Նշան Գևորգյանի տված աշխտորոշմանը, թե երեխան ծնվել է սրտի արատով և թոքաբորբ է ունեցել:
«Ամբողջ հղիության ընթացքում հարսս ոչ մի խնդիր չի ունեցել, երեխան էլ ծնվելուց հետո թեթև տնքում էր, բայց մեզ բժիշկներն ասացին, թե նորմալ է, պտղաջուր կուլ տված երեխաների մոտ լինում է: Մենք համոզված ենք, որ բժիշկ Նշան Գևորգյանի մեղքով է երեխան մահացել»,- ասաց Ռուստամ Իսայանը:
Նշենք, որ սա երիտասարդ ընտանիքի առաջնեկն էր: Թեև Իսայաններն այս ամենում բժշկի մեղավորություն են տեսնում, չեն պատրաստվում բողոք ներկայացնել իրավապահ մարմիններին: