Կորեայի Հանրապետության կառավարությունը կուժեղացնի շարժական հեռախոսների համար նախատեսված այն կուտակիչների որակի վերահսկողությունը, որոնք արտադրում են երկրի ընկերությունները: Այս մասին հայտնել է Կորեայի թեստավորման լաբորատորիան (KTL), որը պատասխանատու է երկրի տարածքում իրացվող ապրանքների հավաստագրման համար:
«Կառավարությունը վերանայում է շարժական հեռախոսներում և սմարթֆոններում օգտագործվող մարտկոցների հավաստագրման կանոնները», որպեսզի թույլ չտա Samsung Galaxy Note 7 ապարատների պատմության կրկնվելը, որոնց կուտակիչները կարող էին ինքնաբերաբար պայթել կամ բռնկել, ասված է հաղորդագրության մեջ:
Մեկ շաբաթ առաջ Samsung-ը հայտնել էր, որ բռնկման պատճառ էին դարձել կուտակիչների նախագծման և հավաքման տեխնոլոգիական գործընթացի թերությունները: Ընկերությունը խոստացել է, որ բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկի, որպեսզի ապագայում նման իրավիճակ չլինի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: