Թուրք ազգայնամոլի կողմից Ծիծեռնակաբերդում Հայոց Ցեղասպանությունը ծաղրելու դեպքին ՀՀ իրավապահներն ընթացք չեն տվել. «Փաստինֆո»
Advertisement 1000 x 90

Թուրք ազգայնամոլի կողմից Ծիծեռնակաբերդում Հայոց Ցեղասպանությունը ծաղրելու դեպքին ՀՀ իրավապահներն ընթացք չեն տվել. «Փաստինֆո»

Թուրք երիտասարդի կողմից Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց Ցեղասպանությունը ծաղրելու, ռասիզմի ու ատելության դրսեւորման ցցուն օրինակը չի արժանացել իրավական գնահատականի. ոչ քննչական մարմինները, ոչ էլ դատախազությունը վարույթ չեն նախաձեռնել։

Հիշեցնենք, որ դեպքի մասին հայտնի է դարձել շուրջ 10 օր առաջ, ինչի մասին ահազանգել է մեկնաբան Աբրահամ Գասպարյանը՝ հրապարակելով երկու տեսանյութ, որոնցից մեկում ազգությամբ թուրք մեկը՝ Թուրքիայի դրոշով շապիկով, ազատորեն շրջում է Երևանի փողոցներում և ֆեյսբուքով եթեր մտնում, իսկ մյուսում նույն թուրքը Ծիծեռնակաբերդում է, ցույց է տալիս «Գորշ գայլերի» նշանը և ծաղրում Հայոց Ցեղասպանությունը։

Իրավաբանների գնահատմամբ՝ այն իր մեջ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հատկանիշներ՝ատելության տարածում՝ ռասայական, ազգային, էթնիկ պատկանելիությամբ պայմանավորված։

Դեպքից օրեր անց, պարզվում է, իրավապահներն այդպես էլ քայլեր չեն ձեռնարկել՝ քրեական վարույթ նախաձեռնելու, ազգամիջյան թշնամանք հարուցող թուրքի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու ուղղությամբ։ «Փաստինֆո»-ն կապ է հաստատել ՀՀ ՔԿ-ի և ՀՀ դատախազության հետ՝ պարզելու, թե արդյո՞ք որևէ վարույթ իրականացվում է՝ դեպքի առնչությամբ, սակայն երկու կառույցներից էլ նշել են, որ որևէ վարույթ չի իրականացվում։ Այսինքն՝ թուրք երիտասարդի կողմից հայերի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի և ազգամիջյան թշնամանք հարուցելու դեպքով իրավապահները քրեաիրավական տարրեր չեն տեսնում, փոխարենը՝ ազգամիջյան թշնամանքի տարրեր են տեսել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հայտարարությունում և կալանքի տակ պահելով հասցրել մահվան, ընդ որում, Գրիգորյանը, լինելով գյումրեցի, դիմել էր գյումրեցիներին, հետևաբար, նման հանցակազմ նրա գործողություններում չէր կարող լինել։ Այլ խոսքով՝ իրավապահներն աչք են փակում թշնամու կողմից Հայոց Ցեղասպանությունը ծաղրելու դեպքի վրա և մինչ ՀՀ իշխանությունները փորձում են խաղաղության դարաշրջան բացել թշնամական երկրների հետ, վերջիններիս ներկայացուցիչներն իրենց գործողություններով բոլորովին հակառակ իրականությունն են ցուցադրում։

Ի դեպ, հատուկ գլխավոր դատախազ Դավթյան Արթուրի եւ ՔԿ նախագահ Քյարամյան Արգիշտիի համար՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքում գոյություն ունի նաեւ 136-րդ հոդված՝ Ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը, դրանք քարոզելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը, եթե դա կատարվել է ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկ ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա։

Տվյալ պարագայում թուրքը՝ էթնիկ եւ կրոնական պատկանելիության հիման վրա հենց Ծիծեռնակաբերդում իր հրապարակային վարքագծով նսեմացրել է, ինչու չէ նաեւ արդարացրել հայերի նկատմամբ իրականացրած Ցեղասպանությունը, ինչի վրա դատախազաքննչական մարմինները ուղղակի աչք են փակում. Նրանց առաքելությունը միայն երկիրը թուրքերին հանձնելու դեմ պայքարող ընդդիմախոսներին բանտարկելն ու մեկուսացնելն է։

pastinfo.am