Մրցակցության խնդիրն այդտեղ ո՞րն է, եթե մեր երկիրը բաց է թողել գնային քաղաքականությունը. Ի սկզբանե օնլայն տաքսիները դեմպինգի են գնացել. Վահագն Սահակյան
Advertisement 1000 x 90

Մրցակցության խնդիրն այդտեղ ո՞րն է, եթե մեր երկիրը բաց է թողել գնային քաղաքականությունը. Ի սկզբանե օնլայն տաքսիները դեմպինգի են գնացել. Վահագն Սահակյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ հուլիսի 29-ին պաշտոնական գրությամբ դիմել է ՄՊՀ` օնլայն տաքսիների ոլորտում տեղի ունեցող գործընթացների, և տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության հնարավոր խախտումների դեպքում օրենքով սահմանված կարգով առաջարկել է իրականացնել անհրաժեշտ գործողություններ։

«Այսօր օնլայն տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունները դարձել են ամենօրյա խնդիր հանրության համար. ոչ կայուն գների պայմաններում օրվա ցանկացած ժամին, անգամ առանց տեղումների եղանակի ժամանակ, նվազագույն սակագինը կարող է կրկնակի, որոշ դեպքերում՝ անգամ եռակի բարձրանալ: Իսկ տաքսի ծառայություններն ու անհատ տաքսիներն անհամեմատ քչացել են»,- գրել է նա:

«Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության» նախագահ Վահագն Սահակյանը չի հասկանում, թե ինչո՞ւ են դիմում Մրցակցության պաշտպանության հանձնաժողով:

«Մրցակցության խնդիրն այդտեղ ո՞րն է, եթե մեր երկիրը բաց է թողել գնային քաղաքականությունը, ասում է՝ շուկայական հարաբերություններ է, ամեն սուբյեկտ ինքն է որոշում գինը: Ի սկզբանե օնլայն տաքսիները դեմպինգի են գնացել: Բոլորն են հիշում՝ «Յանդեքսը» երբ եկավ, 100 դրամից պատվերը սկսվում էր: Շատերը ոգևորվեցին այդ ժամանակ, բայց ասացի, որ կյանքը ցույց է տալիս՝ ձրի պանիրը թակարդի մեջ է, իսկ նպատակը մյուս տաքսիները փակելն է, հենց դա եղավ՝ մինիմալ վճարը 1000 դրամ և ավելի շատ: Ցավոք, սա իրականություն է դարձել: Այն ժամանակ պետք է դիմեին Մրցակցության պաշտպանության հանձնաժողով, երբ «Յանդեքսը» դեմպինգ էր անում, երբ 1100 տաքսի ընկերություն փակվեց»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության» նախագահը:

Մեր դիտարկմանը, որ անհատ տաքսիներն էլ են գումարը բարձրացրել, օրինակ, Օպերայից Կոմիտաս գնալու համար՝ վարորդը 2000 դրամ է պահանջել, Վահագն Սահակյանը նշեց, որ օնլայն տաքսիները չեն թողնում նրանց գումար աշխատել:

«Օնլայն տաքսիները մինչև լիցենզիա չունենան՝ ուղևոր տեղափոխելու իրավունք չունեն, որովհետև այդ ծառայությունը ՀՀ-ում համարվում է լիցենզավորվող ոլորտ:

Անի Կարապետյան

168.am