Բացահայտվել է, որ ՀՀ-ում արտադրված և՛ կաթի մեջ, և՛ ձկան մեջ կան հակաբիոտիկներ, որոք օրենքով արգելված են. Դավիթ Պիպոյան
Advertisement 1000 x 90

Բացահայտվել է, որ ՀՀ-ում արտադրված և՛ կաթի մեջ, և՛ ձկան մեջ կան հակաբիոտիկներ, որոք օրենքով արգելված են. Դավիթ Պիպոյան

ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Սննդի շղթաների ռիսկերի գնահատման տեղեկատվավերլուծական կենտրոնը և ՀՀ կառավարության ենթակա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը համատեղ իրականացրել են սննդամթերքում քիմիական վտանգների (ծանր մետաղներ, հակամանրէային նյութեր և աճի խթանիչներ) ռիսկի գնահատման աշխատանքներ: Արդյունքում՝ Հայաստանի Հանրապետությունում արտադրված կաթի մեջ հայտնաբերվել են հակաբիոտիկներ, իսկ ձկնամսի մեջ՝ հորմոնների մնացորդային քանակություն:

Չնայած, սննդակարգային ներգործությամբ պայմանավորված, առողջական ռիսկերը գտնվել են թույլատրելի տիրույթում, այնուամենայնիվ, դա արտահանման լուրջ խոչընդոտ է։ Իսկ կաթում և կաթնամթերքում թունավոր տարրերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ առկա են առողջության համար մտահոգող էլեմենտներ՝ կապարի և կադմիումի ներգործությամբ պայմանավորված:

Ուսումնասիրություններն իրականացվել են պետական բյուջեի ֆինանսավորմամբ: Աշխատանքներում կատարվել են ՀՀ ԳԱԱ «էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն»-ի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր (Իտալիա) Դավիթ Պիպոյանի գլխավորությամբ:

Դավիթ Պիպոյանը 168.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ սննդի անվտանգության ռիսկի գնահատումը կարևոր ոլորտներից է, միաժամանակ լուծում է գյուղատնտեսությանն առնչվող խնդիրներ, մասնավորապես՝ արտահանման, ներկրման, արտադրություններում անվտանգության համակարգերի, ինչպես նաև հանրային առողջապահական: Մեր զրուցակցի փոխանցմամբ, սակայն, տարբեր է հետազոտության բնույթը: Եթե մի դեպքում կարող ես փորձել հասկանալ ռիսկերը, որոնք առնչվում են հումքին և մթերքի անվտանգությանը, մեկ այլ դեպքում կարող ես ուսումնասիրել տվյալ երկրում սննդամթերքի սպառման արդյունքում հանրային առողջապահական խնդիրները:

Նա նշեց՝ ժամանակակից մեթոդների առաջնահերթություններից մեկն ընդհանուր սննդակարգային հետազոտությունն է, այսինքն, առաջին հերթին ուսումնասիրում են տվյալ ազգաբնակչության սննդային սովորույթները, հասկանում, թե տվյալ սննդամթերքը որտեղից է ձեռք բերվում, ինչպիսին է շուկայի բաշխվածությունը, և հետագայում ամբողջ փորձաքննությունը և ռիսկի գնահատումը՝ այդ թվում՝ ներգործության, գնահատվում է այնպես, ինչպես տվյալ երկրում օգտագործում է սպառողը:

«Օրինակ, եթե խոսում ենք զուտ հումքի և սննդամթերքի ռիսկի գնահատումից, ապա փորձաքննության ենթարկվում է հում հավը, դա լինի պետական թե սահմանային վերահսկողության դեպքում, սակայն ակնհայտ է, որ մարդը հում ձևով հավ չի օգտագործում: Սկզբում ուսումնասիրում ենք մարդկանց սննդային սովորույթները, ի՞նչ ձևով են ավելի շատ օգտագործում՝ տապակա՞ծ, խաշա՞ծ, ճաշերի՞, թե՞ խորովածի կամ շաուրմայի տեսքով: Հետևապես՝ մեր հետազոտություններն իրականացնում ենք այնպես, ինչպես մարդիկ սպառում են: Բացի դա, իրականացնում ենք նաև շուկաների մոնիտորինգ ու, եթե տեսնում ենք, որ մեկ ապրանքն ունի շատ բարձր պոպուլյարություն և սպառում, հետևաբար՝ տվյալ բրենդն ընդհանուր սննդակարգային հետազոտության մեջ ավելի շատ նմուշներ է ունենում: Նմուշները փորձաքննության են ենթարկվում խոհարարական վերամշակումից հետո:

Մեթոդի առանձնահատկությունն այն է, որ կան բազմաթիվ քիմիական վտանգներ, որոշ դեպքերում խոհարարական վերամշակումը կարող է բարենպաստ ազդեցություն թողնել՝ քիմիական վտանգը նվազի: Այդպիսի նյութերին են պատկանում հորմոնային նյութերը և հակաբիոտիկները, և դրան հակառակ՝ գոյություն ունեն նյութեր, որոնք խոհարարական վերամշակումից հետո կարող են ավելանալ՝ օրինակ, որոշ ծանր մետաղներ: Այստեղ շատ կարևոր դեր ու նշանակություն ունի սպասքը. թավաների մեջ կարող են տարբեր մետաղներ հպվել: Այս մեթոդն է, որ հնարավորություն է տալիս ռեալ ռիսկի գնահատում անել»,- ասաց ՀՀ ԳԱԱ «էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն»-ի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավարը՝ հավելելով, որ առանձին իրականացվում է նաև հումքի մոնիտորինգ:

Դավիթ Պիպոյանի փոխանցմամբ՝ նախորդ և այս տարի ուսումնասիրել են կաթի և կաթնամթերքի մեջ հավանական թունավոր տարրերի պարունակությունը, ինչպես նաև իրականացվել է առողջական ռիսկի գնահատում:

«Սննդի սպառման առանձնահատկություններն ուսումնասիրվել են սննդակարգի 24-ժամյա հետկանչի մեթոդով, որով հնարավորություն են ունենում պարզել մարդու մեկ օր առաջվա սննդամթերքն ամբողջությամբ: Հետազոտությունները ցույց են տվել, որ կաթում և կաթնամթերքում կապարի և կադմիումի ներգործությամբ պայմանավորված՝ կան առողջական մտահոգություններ: Աշխատանքները տպագրվել են Իտալիայի Առողջապահության ազգային ինստիտուտի հետ համատեղ՝ միջազգային կարևոր «Սննդամթերքի և քիմիական թունաբանություն» ամսագրում: Կաթն ու կաթնամթերքը մարդու սննդակարգում ունեն շատ կարևոր դեր ու նշանակություն, և փաստացի այդ քանակը, որը հայտնաբերվել է, բացահայտեց հանրային առողջապահական մտահոգություններ: Երկրորդ հետազոտությունը, որն արդեն հումքում է իրականացվել, ոչ թե վերամշակված սննդամթերքում, բացահայտվել է, որ ՀՀ-ում արտադրված և՛ կաթի մեջ, և՛ ձկան մեջ կան հակաբիոտիկներ, որոք օրենքով արգելված են, բայց այս մթերքի սպառումով պայմանավորված՝ հանրային առողջապահական խնդիրներ չեն բացահայտվել: Սա նշանակում է, որ խնդիրներ ունենք առաջնային արտադրությունում և խնդիրներ կունենանք արտահանման ոլորտում: Այսինքն, այն քանակությունները, որոնք որ պարունակվում են և չնայած հանրային առողջապահական խնդիրներ չեն կարող առաջացնել, այնուամենայնիվ, արտահանման խոչընդոտ են:

Փաստացի ունենք դեպք, երբ պարունակում է արգելված նյութ, սակայն տվյալ մթերքի սպառումը շատ քիչ է: Մասնավորապես, Հանրապետության արհեստական լճակային տնտեսություններում աճեցված ձուկն ու ձկնամթերքը չունեն հաճախակի սպառում, դրանք հիմնականում տոնակատարությունների կամ խնջույքների ժամանակ են օգտագործում և, որպես կանոն՝ ամսվա մեջ 1-2 անգամ: Սպառման քանակը ևս մեծ չէ:

Օրինակ, Երևանում սպառողների մեծ մասն օրվա կտրվածքով 17 գրամ է օգտագործում, ամսվա կտրվածքով՝ մոտ 400 գրամ, որով պայմանավորված՝ հանրային առողջապահական խնդիր չկա, կա արտահանման խնդիր: Իսկ կաթի և կաթնամթերքի ժամանակ հայտնաբերվել են քիմիական վտանգներ, որոնք թույլատրելի շեմում են եղել և գերազանցում չի եղել, սակայն պայմանավորված սպառման քանակներով՝ հայտնաբերվել են հանրային առողջապահական խնդիրներ: Անգամ փոքր քանակի ծանր մետաղներն ի զորու են առաջացնել առողջական խնդիրներ»,- մանրամասնեց ՀՀ ԳԱԱ «էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն»-ի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավարը:

Դավիթ Պիպոյանը հայտնեց, որ իրենք ներառում են բոլոր արտադրողներին:

Մեր հարցին՝ թերություններն ուղղելու հսկողություն այս դեպքում ինչպե՞ս և ո՞ւմ կողմից է իրականացվում, ՀՀ ԳԱԱ «էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն»-ի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավարը նշեց, որ, օրինակ, երբ ՍԱՏՄ-ի հետ համատեղ են իրականացնում հետազոտությունները, արդյունքները ներկայացնում են տեսչական մարմին, որպեսզի ստուգումներում հաշվի առնի ներկայիս արդյունքները:

«Առողջապահական տվյալների մասով, ճիշտն ասած, Առողջապահության նախարարության հետ, որպես այդպիսին, համագործակցության պլատֆորմ չունենք կոնկրետ սննդամթերքի անվտանգության ձևաչափով: Ցավոք, ՀՀ-ում առողջապահական ոլորտի ռիսկերը, որոնք պայմանավորված են սննդամթերքով, ոչ գերակա են համարվում, ինչը շատ վատ է: Ռիսկի վրա հիմնված ստուգումներ չկան: Առողջապահության տեսչական մարմնի հետ զուտ համագործակցում ենք, պարտականություն չունեն օգտագործել մեր տվյալները: Ռիսկի գնահատման կենտրոն օրենքով պետք է լինի, բայց չկա: Տեսչական մարմինների համակարգման գրասենյակը ևս գերանարդյունավետ է գործում»,- եզրափակեց Դավիթ Պիպոյանը:

Անի Կարապետյան

168.am