Հ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր Գիտելիքի օրվա առիթով այցելել է Արարատի մարզի սահմանամերձ Երասխ գյուղ։ Պաշտպանը զրուցել է դպրոցի անձնակազմի հետ դպրոցում առկա խնդիրների մասին, ծանոթացել շենքային պայմաններին։
Քրիստիննե Գրիգորյանն իր ուղերձով շնորհավորել է աշակերտներին, ուսուցիչներին, ծնողներին։
«Գիտելիքը լավ ապագա կերտելու հուսալի միջոց է, իսկ պիտանի կրթությունը՝ փայլուն ապագայի վստահելի երաշխիք։ Ձեր իրավունքներն իմանալու և լավագույնս իրացնելու ճանապարհն անցնում է կրթության միջոցով։ Կրթությունն անհատի ազատությունն է, նրա ստեղծարար մտքի ուժն ու զարգացման երաշխավորը։ Կրթված ու աշխարհը լավ ճանաչող քաղաքացին ուժեղ ու զարգացած պետության նախապայմանն է»,- նշել է Գրիգորյանը։
Նա ողջունել է նաև առաջին դասարանցիներին, նրանց բարի երթ մաղթել։
«Այսօրվանից ձեր անհատական զարգացման կարևոր փուլ եք մտնում՝ ավելի լավ պիտի ճանաչեք գիտելիքը, ավելի լավ պետք է զգաք դրա անփոխարինելի ուժը»,- նշել է Գրիգորյանը։