Աշխարհի տարբեր հատվածներում աննախադեպ ջերմային ալիքների սկսվելուց հետո European Insomnia Network-ի հետազոտողները վերջերս ուսումնասիրել են, թե ինչպես են գիշերը դրսի ջերմաստիճանի փոփոխություններն ազդում մարմնի ջերմաստիճանի եւ քնի որակի վրա: Հետազոտությունը, որը հրապարակվել է Journal of Sleep Research-ում, ցույց է տվել, որ ջերմային հարմարավետությունից դուրս շրջակա միջավայրի ջերմաստիճանը կարող է մեծապես ազդել մարդու քնի վրա՝ խաթարելով մարմնի ջերմակարգավորման ունակությունը:
Հեղինակները նշում են, որ տարեցները, երեխաները, հղիներն ու հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող մարդիկ կարող են հատկապես խոցելի լինել ջերմային ալիքների՝ քունը խանգարող հետեւանքների նկատմամբ:
Կարեւոր է, որ ննջասենյակում ջերմաստիճանը 25 աստիճանից ցածր լինի։
Հայտնի է, որ քունը դառնում է ավելի մակերեսային եւ ավելի քիչ վերականգնող, եթե սենյակի ջերմաստիճանը շատ տաք է: Հնարավորության դեպքում օդորակիչի փոխարեն օգտագործեք օդափոխիչ սարք: Քնելուց առաջ տաք ցնցուղ ընդունեք։
Պլանավորեք մարզվելը միայն առավոտյան, երբ ավելի զով է, եւ օրվա ընթացքում շատ ջուր խմեք, որպեսզի օգնեք օրգանիզմին զովանալ գիշերվա ընթացքում: Ալկոհոլը ջրազրկում եւ խանգարում է քունը։ Հնարավորության դեպքում կանոնավոր քնի ժամանակացույց պահեք, հատկապես դա վերաբերում է երեխաներին, եզրակացրել են հետազոտության հեղինակները: