2022 թվականի սեպտեմբերի 27-ին ՆԱՍԱ-ն կանցկացնի աշխարհում առաջին մոլորակային պաշտպանության փորձարկումները և կհրավիրի նրանց, ովքեր ցանկանում են դիտել այն։
Ի՞նչ է կատարվում
Սեպտեմբերի 27-ին ՆԱՍԱ-ն կփորձարկի Երկիրն աստերոիդների և գիսաստղերի տեսքով (DART) պոտենցիալ վտանգից պաշտպանելու տեխնոլոգիան։
Դրա համար Երևանի ժամանակով ժամը 05:14-ին տիեզերանավը կբախվի Դիմորֆոս աստերոիդին, որը պտտվում է Երկրի մոտ գտնվող Դիդիմոս աստերոիդային համակարգում: Դիմորֆոսը վտանգավոր չէ Երկրի համար, նրա տրամագիծը 160 մ է։
Փորձարկումը ցույց կտա տիեզերանավի՝ աստերոիդին միտումնավոր բախվելու կարողությունը, այնուհետև կփոխի դրա շարժումն այնպես, որ այն հնարավոր լինի չափել ցամաքային աստղադիտակներով:
Հետազոտող թիմը կհամեմատի աստերոիդի բախման արդյունքներն աստերոիդների կինետիկ հարվածների համակարգչային շատ մանրամասն սիմուլյացիաների հետ:
Բացի այդ, ՆԱՍԱ-ն կանցկացնի հեռուստատեսային ճեպազրույց Երևանի ժամանակով ժամը 04:00-ին Ջոն Հոփկինսի կիրառական ֆիզիկայի լաբորատորիայից (APL): APL-ը DART տիեզերանավի մշակողն ու կառավարիչն է:
Ուղիղ հեռարձակումը հասանելի կլինի NASA-ի կայքում և YouTube-ի ալիքում։
Հետազոտողներն առանձնացնում են չորս ամենավտանգավոր աստերոիդները՝ 1950 DA, Bennu (1999 RQ36), Apophis (2004 MN4) և 200 SG344: Դրանցից ամենավտանգավորն Ապոֆիսն է։ Գիտնականները հայտնաբերել են այն 2004 թվականին և կանխատեսել բախում Երկրի հետ՝ սկզբում՝ 2029 թվականին, ապա՝ 2036 թվականին, իսկ ավելի ուշ աղետը տեղափոխել են 2068 թվական։ Թեև 2021 թվականի մարտին մի շարք հետազոտություններ կատարելուց հետո ՆԱՍԱ-ն հայտարարեց, որ առաջիկա 100 տարում Երկրի՝ Ապոֆիսի հետ բախման վտանգ չկա, մարդկությունը դեռ պետք է պատրաստվի հնարավոր վտանգի։ Դրա համար NASA-ն փորձարկում է DART ծրագիրը:
Սիրարփի Աղաբաբյան