Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13–ին ադրբեջանական կողմի նախաձեռնած հարձակման հետեւանքով Իշխանասարի դիրքերից մեկում զոհվել է 19-ամյա պարտադիր ժամկետային զինծառայող Հենրիկ Հարությունյանը։
Հենրիկ Հարությունյանը Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղից էր։ NEWS.am-ի հետ զրույցում զինծառայողի հարազատներից Հակոբ Վարոյանը պատմեց, որ 19-ամյա Հենրիկը 10 ամսից զորացրվելու էր։ Սկզբում ծառայության էր անցել Քանաքեռի կապի ուսումնական գումարտակում, 6 ամիս անց ծառայությունը շարունակել էր Կապանի զորամասում։
Դպրոցն ավարտելուց հետո Հենրիկ Հարությունյանը Մարտունու քոլեջում էր սովորում, ծրագրավորող էր ուզում դառնալ։ Նա տան կրտսեր զավակն էր, իրենից մեծ երկու քույր ուներ։
«Տարբերվող երեխա էր, բարի, համեստ։ Էս դեպքերից մոտ 20 օր առաջ արձակուրդ էր եկել, տատիկին ասել էր՝ տատ, նենց բան պիտի անեմ, որ հերոսի կոչում տան։ Իրենց զորամասի անմիջական հրամանատարը, երբ եկել էր հոգեհանգստին, պատմեց, որ 50 հոգու, որոնց մեջ կային վիրավորներ եւ զոհվածներ, մենակով հանել էր դիրքերից, վերջին զինվորին հանելիս դիպուկահարի կրակոցից զոհվել է»,- պատմեց 19-ամյա Հենրիկի հարազատը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 20-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:
Վերջին տվյալով՝ զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, գերեվարվել է 20 զինծառայող։