Կարեն Դեմիրճյանի այրու՝ Ռիմա Դեմիրճյանի բնակարանն (ք․ Երևան, Զարուբյաններ 10/1) այլևս պետական պահպանության ենթակա չէ։ Նախագիծը ներառված է Կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի թվում։
«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկերը հաստատելու մասին» N 1008-Ն որոշման N 1 հավելվածի «Կարեն Դեմիրճյանի այրու բնակարան» բառերը հանել»:
Հիմնավորման մեջ ասվում է, որ հաշվի առնելով 2021 թվականի դեկտեմերի 21-ին վերջինիս մահվան հանգամանքը՝ անհրաժեշտություն է առաջացել դադարեցնել ՀՀ ոստիկանության կողմից բնակարանի պահպանությունը։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։