Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից.
«Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի հիմնած 2 օդանավակայանները՝ Վարանդայում և Կովսականում, ավելի շատ Իրանին հարվածելու պլացդարմի են նման, քան Ադրբեջանի մի հատվածից մյուսն իրականացվելիք բեռնափոխադրումների, ուղևորափոխադրումների կամ տարանցիկ ուղիների ստեղծման հնարավորության։
Իրանի գերակտիվությունը Ադրբեջանի ուղղությամբ՝ ուժի ցուցադրման, քաղաքական և տեղեկատվական բնույթի հստակ հայտարարությունների ձևով, բնականաբար պատահական չեն։
Ավելին, Արցախի օկուպացված տարածքները հարավում՝ Արաքս գետի մերձակա հատվածներում, Իրանի դեմ թշնամաբար տրամադրված երկրների հետախուզական, ռազմական գերատեսչությունների հատուկ հետաքրքրության գոտի են։
Հայաստանի անվտանգային միջավայրի նկատմամբ Իրանի առանձնահատուկ ուշադրությունը, ՀՀ անվտանգության և տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի հստակ, կոշտ հայտարարություններն առաջին հերթին ինքնապաշտպանական նպատակ ունեն, որովհետև պոլիգոնի վերածվող Հայաստանը Իրանի համար նոր սպառնալիքի ուղղություն է դառնում։
Հայաստանում չկա այնպիսի իշխանություն, որը ստեղծված իրավիճակում առավելագույնս օգտվի Իրանի հետ համադրվող շահերից, ավելին՝ հենց իշխանության ներսում մեծ հակազդեցություն կա Իրանի հետ հարաբերությունների խորացման ու նոր հնարավորությունների ստեղծման առումով։
Իրանն այս տարածաշրջանում Թուրքիա-Ադրբեջան տանդեմի աճող ազդեցության հիմնական զսպող կենտրոններից է, տարածաշրջանում ուժերի հավասարակշռության ապահովման դերակատարներից և նրա ակտիվությունն առաջին հերթին պետք է դիտարկել այս տեսանկյունից»։