Արցախի պաշտպանության բանակի կազմալուծման հարցը կրկին առաջնային օրակարգ են հրում, սակայն եթե նախկինում դա արվում էր Ադրբեջանի նախաձեռնությամբ և դա որպես պահանջ/սպառնալիք էր ներկայացվում, ապա հիմա այն ակտիվացվում և քննարկելի են դարձնում և՛ հայաստանյան, և՛ որքան էլ զարմանալի է՝ արցախյան իշխանական շրջանակներից։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Որքան էլ ՊԲ կրճատումը՝ կարևոր չէ ամբողջական, թե մասնակի, ներկայացվի միջազգային երաշխիքների կամ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի կազմի հնարավոր ընդլայնման համատեքստում, անթույլատրելի է։
Այստեղ առաջին խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունը թեման օրակարգային քննարկման հարց է դարձրել, իսկ ավելի կոնկրետ՝ սակարկման, իսկ այն ներկայացվում է նաև որպես Արցախի հետ համաձայնեցված։
Երկրորդ, ես չեմ պատկերացնում, թե էլ ինչ պետք է պատահի Արցախի հետ, որ տեղում հասկանան, որ կոնկրետ այս գործընթացի նպատակը, բառիս բուն իմաստով, Արցախի հենման վերջին հենապատը հեռացնելն է։
Ադրբեջանն այս հարցով շտապում է, որպեսզի խաղաղապահների 5-ամյա ժամկետի ավարտից առաջ վերացնի դիմադրության ամենակարևոր ինստիտուտը, որի պարագայում ո՛չ բանակցելու, ո՛չ էլ պայքարելու ռեսուրս չի լինի։
Դեռ չեմ խոսում այն մասին, որ 44-օրյա պատերազմից հետո տեսել ենք, թե ինչպես են ոտնակոխ տրվել միջազգային երաշխիքներն ու խաղաղապահների ներկայությունը և Արցախի նորանոր տարածքներ բռնազավթվել»։