Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։25-ի սահմաններում Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեպի Նոր Գեղի ընթանալիս դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել գազատար խողովակին, կոտրել այն, ապա առաջ ընթանալով՝ բախվել «Աշտարակ-Եղվարդ» ցուցանակին, կոտրել այն և մոտ 15 մետր շրջվելով՝ հայտնվել ձորակում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Եղվարդի թիվ 46 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Եղվարդի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդն ու ավտոմեքենայում գտնվող 3 ուղևորները հրաժարվել են բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ իրենք չեն տուժել:
Վթարի փաստով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։