ԱՄՆ պաշտպանության նախարարության հետազոտական DARPA գործակալությունը, որը պատասխանատու է բանակին մատակարարվող տեխնոլոգիաների մշակման համար և Lockheed Martin ընկերությունը, որպես Project Convergence 2022 (PC22) ծրագրի մաս, հաջողությամբ իրականացել են UH-60A Black Hawk լիովին ինքնավար ուղղաթիռի փորձնական թռիչքներ։
Թռիչքների հիմնական նպատակներից մեկն էր ապացուցել, որ «Black Hawk»-ի նման ուղղաթիռները կարող են օգտագործվել ինչպես կառավարվող, այնպես էլ ինքնավար՝ անօդաչու տարբերակներում, երբ մարտական իրավիճակը չափազանց վտանգավոր է անձնակազմի համար, կամ երբ խոսքը վերաբերում է պարզ, սովորական առաջադրանքների կատարմանը:
Ուղղաթիռը հագեցած է MATRIX տեխնոլոգիայով (պատասխանատու է ուղղաթիռի անօդաչու թռիչքների և ինքնավարության համար) և DARPA-ի կողմից մշակված օդանավերի ավտոմատացման ALIAS համակարգով:
Այս համակարգերի շնորհիվ Black Hawk-ը վերածվել է ինքնավար ուղղաթիռի, որն ունակ է բացի թռիչքներից, արձագանքել նաև արտակարգ իրավիճակներին՝ առանց մարդու միջամտության։
Ցուցադրական թռիչքներից մեկի ժամանակ ուղղաթիռի վրա բեռնվել է 400 արկղ՝ 228 կգ քաշով, որոնք անձնակազմը հասցրել է փորձարկման վայր, այնուհետև լքել ուղղաթիռը՝ հետագա կառավարումը փոխանցելով MATRIX համակարգին։ Լիովին ինքնավար ռեժիմում մեքենան թռել է մոտ 140 կմ՝ 185 կմ/ժ արագությամբ և 60 մ բարձրության վրա։
Փորձարկման հաջորդ փուլում UH-60A Black Hawk-ին ամրացվել է 12 մետրանոց մալուխ՝ ընդհանուր 1180 կգ արտաքին ծանրաբեռնվածությամբ։ Կես ժամ թռիչքից հետո օպերատորը սարքին հրաման է տվել վայրէջք կատարել՝ ուղղաթիռը բեռը իջեցրել է, վայրէջք կատարել և սպասել, որ վիրավորին պատգարակով տեղափոխեն ուղղաթիռի սրահ։ Դրանից հետո ուղղաթիռն ուղևորվել է բժշկական կենտրոն, իսկ այդ ընթացքում BATDOK առողջության մոնիտորինգի սարքը իրական ժամանակում բժշկական կենտրոնին տեղեկատվություն է փոխանցել «տուժածների» վիճակի մասին։
Հրապարակման պատրաստեց ita.am-ը