Մեր թվարկության 79 թվականին ժայթքեց Իտալիայի հարավում գտնվող Վեզուվ հրաբուխը, որը մարդկության պատմության ամենամեծ աղետներից մեկն էր: Սարսափելի կատակլիզմի արդյունքում ամբողջովին ոչնչացվեցին հռոմեական Պոմպեյ, Հերկուլան և Ստաբիա քաղաքները, ինչպես նաև մի քանի փոքր բնակավայրեր։ Ըստ պատմաբանների՝ ժայթքման ժամանակ մահացել է 26 հազար մարդ, սակայն զոհերի թիվը կարող է շատ ավելի մեծ լինել։
Ճարտարապետական շինությունների և մարդկանց հետ միասին շիկացած լավայի շերտի տակ մնացին նաև հին հռոմեական տեխնոլոգիաները։ Այդ շրջանում Հին Հռոմում տեխնոլոգիան բավականին զարգացած էր: Օրինակ՝ Հռոմում առկա էր ջրամատակարարման համակարգ, որի մասին այլ ազգերը չէին էլ կարող երազել։ Վերջերս հնագետներին բախտ է վիճակվել հայտնաբերել հնագույն ջրամատակարարման համակարգի մի մասը և ուսումնասիրել, թե ինչպես է այն գործել:
Նշենք, որ հռոմեացի ճարտարապետները մշակել էին նաև արդյունավետ կենտրոնացված ջեռուցման համակարգ՝ հատակի և պատերի ջեռուցման համար, որը կոչվում էր հիպոկաուստ (Hypocaust):
Ստաբիա քաղաքի ավերումը Վեզուվի ժայթքման ժամանակ
Հնագույն Ստաբիա քաղաքի տարածքում պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են ջրի մատակարարման հիդրավլիկ համակարգ, որը շուրջ 2000 տարի լավայի շերտի տակ մնալուց հետո, գրեթե անվնաս էր մնացել։
Հռոմեացի փիլիսոփա, բնագետ Պլինիոս Ավագի աշխատություններում տեղեկություններ կան, որ Ստաբիայում էին գտնվում ժամանակի հայտնի անձանց ծովափնյա շքեղ վիլլաները։ Ավելի ուշ, պատմաբանները եկան այն եզրահանգման, որ այս քաղաքում է կենտրոնացված եղել Հուլիոս Կեսարի, Օգոստոսի, Տիբերիոսի, Ցիցերոնի և այլ հայտնի անձանց ունեցվածքի զգալի մասը։
Ժայթքումից ոչնչացված քաղաքների պեղումները
Ստաբիայում հնագիտական պեղումները սկսվել են 1749 թվականին։ Մինչև 1782 թվականը քաղաքը մասամբ ուսումնասիրվել է և աշխատանքները դադարեցվել են, որից հետո ավերակները լցվել են հողի շերտով և մատնվել մոռացության։ Տարածքը հնագետների ուշադրությունը կրկին գրավել է 1950-ականների կեսերից։ Պոմպեյում հնագիտական պեղումները սկսվել են ավելի ուշ՝ 1860 թվականից։ Երկու քաղաքներում էլ պեղումները մինչ օրս շարունակվում են, և հնագետները պարբերաբար նոր գտածոներ են հայտնաբերում։
Ստաբիայում Արիաննայի վիլլայի (Villa Arianna) ուսումնասիրության ժամանակ գիտնականները հայտնաբերել են շքեղ պերիստիլ (ուղղանկյուն բակ և այգի, հրապարակ, դահլիճ, որ չորս կողմից շրջափակված է ծածկված սյունաշարով)։ Պեղումների արդյունքում նրանք հայտնաբերել են հնագույն կապարե խողովակ՝ անջատիչներով, որը ինչպես ավելի ուշ պարզվել է հին հռոմեական ջրային համակարգի մի մասն է, որը ջուր է բաշխել մոտակա բոլոր վիլլաներին։
Պահպանված հատվածի զննությունը ցույց է տվել, որ երկու խողովակները միացված են եղել կենտրոնական ջրամբարին՝ ջուր հավաքելու համար։ Այս ջրամբարից ջուր է վերցվել նաև հարակից այլ շենքերի համար։ Գիտնականները նշել են, որ մուտքը դեպի խողովակ բաց է եղել, այսինքն՝ նույնիսկ Ստաբիայի գոյության ընթացքում այն ինչ-որ բանով չի ծածկվել։
Դա արվել է, որպեսզի մարդիկ կարողանան կարգավորել ջրամատակարարման հզորությունը կամ ամբողջությամբ անջատել այն՝ վերանորոգման համար։ Իրականում շենքերի ջրամատակարարման համակարգը շատ չէր տարբերվում ժամանակակից ջրամատակարարման համակարգից։ Ներկայումս հնագետները պեղումները շարունակում են՝ հույս ունենալով գտնել հռոմեական դարաշրջանի այլ տեխնոլոգիաներ ևս։
Հրապարակման պատրաստեց ita.am-ը