Պետությունը գործատուներին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ 250,000-350,000 դրամի չափով, եթե նրանք աշխատանքի ընդունեն վերջին երեք ամսվա ընթացքում անընդմեջ գործազուրկի կարգավիճակ ունեցող, 35 տարեկանից բարձր գործազուրկ կամ նպաստառու գործազուրկ քաղաքացու։
168.am-ը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից փորձեց պարզել, թե 35 տարեկանից բարձր գործազուրկ քանի՞ քաղաքացի կա և ո՞ր ոլորտից են, քանի՞ գործատու է դիմում ներկայացրել, և գործազուրկի կարգավիճակ ունեցող անձանց աջակցություն տրամադրելու առումով ի՞նչ չափանիշներ կան:
«Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում հաշվառված և գործազուրկի կարգավիճակ ստացած 35 տարեկանից բարձր տարիքի անձանց թիվը նոյեմբերի 1-ի դրությամբ կազմում է 34916։ Գործազուրկների զբաղվածության ապահովման ծրագրի շրջանակում փոխհատուցում ստանալու նպատակով գործատուն ՄՍԾ-ի պաշտոնական կայքէջի միջոցով լրացնում է առցանց դիմում՝ կցելով համապատասխան աշխատանքային պայմանագիրը, և մուտքագրում աշխատանքի ընդունվող անձի հանրային ծառայության համարանիշը»,- մեզ հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը՝ նշելով, որ հաշվի առնելով այն, որ ծրագրի իրականացումը նոր է մեկնարկել՝ գործատուների թվի վերաբերյալ դեռևս պաշտոնապես տեղեկատվություն ներկայացնել չեն կարող:
«Ծրագրի շրջանակում աջակցությունը տրամադրվում է ՄՍԾ տարածքային կենտրոնում հաշվառված և վերջին երեք ամսվա ընթացքում անընդմեջ գործազուրկի կարգավիճակ ունեցող՝ 35 տարեկանից բարձր տարիքի յուրաքանչյուր գործազուրկի, ինչպես նաև նպաստառու գործազուրկի աշխատանքի տեղավորման դեպքում, ընդ որում, նպաստառու գործազուրկ լինելու դեպքում՝ վերջին երեք ամսվա ընթացքում անընդմեջ գործազուրկի կարգավիճակ ունենալը և 35 տարեկանից բարձր լինելը պարտադիր պահանջ չէ»,- նշեց մամուլի խոսնակը։
Հավելենք, որ ծրագրում կարող են ներգրավվել այն գործատուները, որոնք համապատասխանում են հետևյալ չափորոշիչներին՝ չեն հանդիսանում հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին, մինչև ծրագրի համար դիմում ներկայացնելը գործել են առնվազն երկու տարի անընդմեջ, վերջին երեք ամսվա ընթացքում անընդհատ ունեցել են առնվազն 10 վարձու աշխատող, նրանց կողմից հաշվարկված եկամուտների փաստացի ֆոնդը նշված ժամանակահատվածում չի նվազել, կամ նվազումը կազմել է ոչ ավելի, քան 5 տոկոս:
Անի Կարապետյան