Երևանում օդի աղտոտվածության շատ բարձր ցուցանիշներ են արձանագրվել. շինհրապարակներում խիստ ստանդարտներ կսահմանվեն
Advertisement 1000 x 90

Երևանում օդի աղտոտվածության շատ բարձր ցուցանիշներ են արձանագրվել. շինհրապարակներում խիստ ստանդարտներ կսահմանվեն

Կառավարությունը շինարարական հրապարակներում կարգապահության բարձրացնելուն ուղղված որոշում է կայացրել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության դեկտեմբերի 8-ի համապատասխան որոշմամբ՝ պատվիրատուներին  կպարտադրվի շինարարական ծրագրերի գնման պայմանագրերում  նախատեսել կարգավորումներ շինարարական հրապարակներում առկա իրավիճակի, աշխատանքի անվտանգության, սանիտարահիգիենիկ, տեխնիկական անվտանգության, մթնոլորտային օդի և շրջակա միջավայրի աղտոտման նորմերի պահպանման վերաբերյալ, զուգահեռ դրանց՝ խախտման  համար պայմանագրերի նախագծերում ներառել նաև պատասխանատվություն նախատեսող կարգավորումներ՝  շինարարության կասեցում, տույժ կամ տուգանք։

«Այս հարցը վարչապետի աշխատակազմում քննարկել և կարգավորում էինք որոշել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Քաղաքաշինության կոմիտեի հետ՝ դեռևս սեպտեմբերին։ Այն ժամանակ եկել էինք այն եզրակացության, որ Ֆինանսների նախարարի հրամանով հաստատվող պետական օրինակելի գնումների պայմանագրերում կարող ենք նախատեսել նորմ, ըստ որի՝ կապալառուն կարող է պատվիրատուից պահանջել, որ այդ շինարարական նորմերը պահպանվեն, տեխնիկական վերահսկողն այն հաստատի և այն վերաբերվի կահավորման և աշխատանքի անվտանգության պայմաններին։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ դա բավարար չէ և անհրաժեշտ է նորմատիվ կարգավորման աստիճանի բարձրացնել և պարտադիր բնույթ տալ այդ կարգավորումներին։ Մենք այդ հայեցողական կարգավորումը, որը նախատեսված էր օրինակելի գնման պայմանագրերում, հիմա բերում ենք պարտադիր նորմ դարձնելու կարգավիճակին»,- ասաց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ով Կառավարության հերթական նիստի ժամանակ ներկայացրեց նախագիծը;

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն  ընդգծեց, որ շինհրապարակներում պետք է ստանդարտ սահմանվի։

«Խոսքը շինհրապարակներում ստանդարտ սահմանելու մասին է, թե շինհրապարակը ի՞նչ վիճակում պետք է լինի, այնտեղ աշխատողներն ի՞նչ վիճակում պետք է լինեն, ի՞նչ հագուստ և անվտանգության միջոցներ պետք է կրեն։ Այստեղ հարցերը բազմաշերտ են՝ նաև սկսած նրանից, որ նախորդ շրջանում նաև մայրաքաղաք Երևանում նախորդ շրջանում տեսանք, թե փոշու ինչպիսի մակարդակ կար, երբ շինարարական ծավալները մեծ թափ էին հավաքել։ Մյուս կողմից՝ անընդհատ ահազանգեր ենք ստանում, տեսնում ենք, որ օդի աղտոտվածության շատ բարձր ցուցանիշներ են արձանագրվել Երևանում։ Դրա պատճառներից մեկն այն է, որ շինհրապարակներում ստանդարտները չեն պահպանվում։ Մենք պետք է այս հարցում լինենք հետևողական»,- եզրափակեց վարչապետը։

tert.am