Արցախցի կինը դեկտեմբերի 9-ին էր եկել Երևան՝ ամուսնու՝ 44-օրյա պատերազմում զոհված Սերգեյ Մուրադյանի շիրմին այցի։ Սերգեյը որպես սպա՝ ծառայել է Ցորի զորամասում, զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 1-ին՝ Մատաղիսի մատույցներում։ Նրա 29-ամյակը պատերազմի դաշտում էր լրացել՝ 2020-ի հոկտեմբերին։
Արցախցի կինը 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ 2 մանկահասակ երեխաներին թողել է Ստեփանակերտում՝ տատիկների խնամքին։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ամուսնու շիրմին այցելելուց և 2 օր Երևանում քրոջ տանը մնալուց հետո, դեկտեմբերի 12-ի վաղ առավոտյան Ստեփանակերտ մեկնող տաքսիներից մեկով ուղևորվում էր տուն, բայց Տեղ գյուղում՝ հայկական անցակետում, նրանց մեքենան ևս կանգնեցրել են՝ տեղեկացրել, որ ադրբեջանցիները ճանապարհը փակել են, և, որ չեն կարող առաջ գնալ։