«Ձեր գործը երկրի գլխին աղետալի պրոբլեմներ սարքելն ու մի կողմ քաշվելն է». Արտակ Զաքարյան
Advertisement 1000 x 90

«Ձեր գործը երկրի գլխին աղետալի պրոբլեմներ սարքելն ու մի կողմ քաշվելն է». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանն իր ֆեյսբոքյան էջում գրում է․ «ԱԺ փոխնախագահի աթոռին հայտնված Ռուբեն Ռուբինյանն այսօրվա նիստում հետևյալ միտքն է ասել. «Կամ թող Սերժ Սարգսյանը չասի՝ մեզ ցույց տվեք, թե ի՞նչ պիտի անեն խաղաղապահները։ Ասում եմ, թե ինչ պիտի անեն՝ նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում գրված է, թե ինչ պիտի անեն, պիտի վերահսկեն Լաչինի միջանցքը»:

Տրիվյալության ու պարզունակ տգիտության մեջ խարխափող կապիտուլյանտները կարողանում են իրենց ոչ միայն գժի տեղ դնել, այլ նաև հայտնի կենդանու: Իսկ այդ պարոնը ջանացե՞լ է իրեն նեղություն տալ և հասկանալ, թե իրականում ինչպիսի՞ մանդատով են ռուսական խաղաղարար ուժերը ստանձնել միջանցքը վերահսկելու իրենց առաքելությունը: Իսկ կապիտուլյանտները որևէ բան արե՞լ են, որպեսզի այդ մանդատը միջազգային հաստատում ստանա (ստիպելով Ադրբեջանին` ճանաչել մանդատը) և հստակ շարադրված լինեն բոլոր իրավիճակների համար խաղաղարար ուժերի թույլատրելի գործողությունները:

Մի՞թե ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնողի համար դժվար էր հասկանալ, որ ադրբեջանցիներին հազար ու մի շանտաժների, հրահրումների ու ոտնձգությունների հնարավորություններ են տվել հենց իրենք` տգետ կապիտուլյանտները. իրենց անհեռատես, փնթի և դավադիր քաղաքականությամբ:

Ամենահեշտ բանը սեփական անգործությունն ու անկարողությունն ուրիշների վրա բարդելն է: Բա եթե այդքան վստահ եք, որ ռուսական խաղաղապահներն են պատասխանատուն` պաշտոնական հայտարարություն արեք ձեր ԱԳՆ-ով ու պաշտոնապես պահանջեք, նույնիսկ ժամկետ սահմանեք Արցախի շրջափակումը վերացնելու պահանջով: Վախենու՞մ եք անել, որովհետև գիտք, որ ռուսական կողմից կստանաք պաշտոնական արձագանք ու մանրամասն մեկնաբանություն ձեր անսկզբունքայնության ու գործած բազմաթիվ քաղաքական սխալների վերաբերյալ:

Մենք ոչ մեկի փաստաբանը չենք, բայց պատերազմը ձախողելուց ու տանուլ տալուց հետո, մինչ այսօր, դուք ո՞նց չեք կարողացել հասկանալ, որ խաղաղար առաքելության մանդատը պետք է միջազգայնորեն հաստատվի և իրավունքների ու պարտավորությունների առումով բացվածք ունենա: Դու՞ք ընդհանրապես մտածե՞լ եք դրա մասին, թե՞ ձեզ հետաքրքրում էր միայն բունկերներից դուրս գալն ու ժողովրդին նորից խաբելը:

Ձեր գործը երկրի գլխին աղետալի պրոբլեմներ սարքելն ու մի կողմ քաշվելն է:

Հ.Գ. Չմոռանաք նաև, որ նոյեմբերի 9-ի հայտարարության տակ Նիկոլի ստորագրությունն է դրված: Նա ևս ունի պարտավորություն հայտարարության պայմանների իրագործման համար»:



Նման նյութեր