Մանկական տրավմաները՝ ամնեզիայից մինչև «լապատկա» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մանկական տրավմաները՝ ամնեզիայից մինչև «լապատկա»

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում երեկ բազմահազարանոց հանրահավաք տեղի ունեցավ՝ Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, գործող նախագահի, պետնախարար Ռուբեն Վարդանյանի ու տասնյակ-հազարավոր արցախցիների մասնակցությամբ: Արցախցիները վերահաստատեցին՝ Արցախն ինքնորոշված պետություն է, ու դա անշրջելի իրողություն է:

Արցախի հանրահավաքը կոտրեց ադրբեջանական և մերձփաշինյանական քարոզչական այն թեզը, թե նախկին հանրահավաքին մարդիկ են տարվել Հայաստանից՝ ապահովելու համար հանրահավաքի մարդաշատությունը: Հիմա Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է, ելումուտ չկա, սակայն Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ասեղ գցելու տեղ չկար:

Սա, իհարկե, ինչպես սպասելի էր, ցնցումների մեջ գցեց մեկ ադրբեջանական քարոզչամեքենային, մեկ էլ փաշինյանամերձ, անգամ շատ մերձ շրջապատին:

Երեկ Նիկոլ Փաշինյանի կողակիցը՝ Աննա Հակոբյանը, ծավալուն գրառմամբ էր հանդես եկել՝ անդրադառնալով Վերածննդի հրապարակի հանրահավաքին: Նախ հիշել էր, որ 2 տարի առաջ իրեն թույլ չեն տվել Ստեփանակերտում տոնածառ տեղադրել ու տոնական վրաններ, և, որ այդ վրաններն ապամոնտաժվել են: Երկու տարի հետո տիկին Աննա Հակոբյանը հիշել է, որ ցավից կքած ու նոկաուտի ենթարկված Ստեփանակերտում ողբերգությունից մեկ ամիս անց արգելել են տոն կազմակերպել:

«Հիմա էլ, այդ նույն մեծահասակները այդ նույն երեխաների ձեռքները սրտաճմլիկ գրառումներ են տալիս, կանգնեցնում են տոնածառների առաջ ու լուսանկարում: Լացացնող տեքստեր են սովորեցնում ու տեսանկարահանում, նրանց մասնակցությամբ տարբեր ակցիաներ են կազմակերպում և այդ ամենը տարածում են աշխարհով մեկ, որպեսզի խղճահարություն հարուցեն, վրաններ ապամոնտաժվեն: 3, 4, 5 տարեկան բալիկներին հայրիկներն ու մայրիկները ստիպում են պարզել հետևյալ բնույթի տեքստեր. «Բացեք կյանքի ճանապարհը, ես ապրել եմ ուզում», «Կարոտում եմ իմ անհոգ Արցախը», «Մենք այստեղ ենք ուզում միայն ապրել», «Արցախը կա ու միշտ կլինի», Արցախը իմ հոգին ու սիրտն է», «Օզում ում ճանապարհը բացվի, մամաս պապաս կյան կոխկս», «Ես Ձմեռ պապիկից ոչինչ չեմ ուզում, միայն խաղաղություն», «Արցախում կամքի ուժ կա» և այլն»,- վրդովվել էր տիկին Աննան՝ ցնծության մեջ գցելով ադրբեջանցիներին ու վայրկենապես հերթական անգամ դառնալով ադրբեջանական մեդիայի հերոսը:

Բայց նույնիսկ սա չի էականը էս պատմության մեջ:

Քաղաքական նպաատակներով երեխաներին օգտագործելու մեջ մեղադրում է մեկը, ով իշխանության է եկել, այդ թվում, նաև երեխաների մանկասայլակներով փողոց փակելու արդյունքում, խոսում է մեկը, ում ամուսնու քարոզարշավներին դպրոցներում դասեր էին դադարեցնում, որ երեխաները մասնակցեն դրանց:

«Երեխաներն ուզեցին, մենք որոշեցինք՝ թող մասնակցեն. ոչինչ: Անմիջապես հետո կգնանք դասի»,- 168.am-ի հետ զրույցում ասել էր Արարատի մարզի Արևշատ համայնքի դպրոցի տնօրենը:

Ու ոչ վաղ անցյալի այս իրողություններն աչքի առաջ ունեցող մարդը գրում է.

«Հ.Գ. Մի օր, ի վերջո, պետք է դադարել թաքնվել երեխաների ու 18-20 տարեկան զինվորների թիկունքում։ Եվ որքան շուտ գա այդ օրը, այնքան շուտ կավարտվեն մեր ողբերգությունները»:

Այս կնոջ ողբերգությունը փաստացի արցախցիների կամքն է, մեր 18-20 տարեկան զինվորի անկոտրում ոգին, որքան էլ փորձում են հնարավոր ու անհնարին միջոցներով կոտրել նրանց: Նրա ողբերգությունը Արցախում այդքան արցախցի տեսնելն է ու նրանց միակամությունն առ այն, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, իսկ դժվարություններին կդիմանան:

Ի վերջո, այս կինը խոստում ունի տված Մեհրիբան Ալիևային, որ դեռ չի կատարել. Ստեփանակերտում մուղամ չեն լսել միասին: Ողբերգություն չէ, բա ի՞նչ է…

Հոգեբանները հաճախ մեծահասակների վարքագծի տարօրինակ շեղումների ակունքները տեսնում են մանկության տարիներին նրանց տարած հոգեկան տրավմաների մեջ, փորձում են վերլուծել, թե մանկական տարիքում ի՞նչ ողբերգություն են ապրել, որ նստել է նրանց ենթագիտակցության մեջ ու վարքային արտառոց դրսևորումների պատճառ դարձել արդեն հասուն տարիքում:

Հիմա հետաքրքիր է՝ այս ընտանիքում ի՞նչ հոգեբանական խեղումներ են եղել, որ դրանց շրջապտույտից այս ընտանիքում ծնվածները չեն կարողանում դուրս գալ:

Քույրն ապազգային գրառումներով է ինքնահաստատվում, եղբայրն էլ՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, որդու տարօրինակ երազանքների մասին էր պատմում:

Մեր օրերում երեխայի՝ ինչ-որ մեկին լապատկայով խփելու երազանքը բացատրելի է. ի վերջո, յութուբյան տարատեսակ խնդրահարույց կոնտենտի սպառող երեխան կարող է նման ցանկություն ունենալ: Բայց գիտակցության ու բարոյականության ինչ մակարդակ պետք է ունենա հայրը՝ իր երեխայի այդ ցանկությունը հանրության սեփականությունը դարձնելու համար:

Ի դեպ, գրառումը հիմա միայն ընկերների համար է բաց, իսկ Աննա Հակոբյանի գրառումը փակ է մեկնաբանությունների համար:

Մի բան է միայն սփոփում. Ընդհանուր տրամադրվածությունը: Աննա Հակոբյանի այս գրառումը նույնիսկ իրենց մոտ չեն հասկացել…

Մինչ նյութը պատրաստվում էր հրապարակման, Հայաստանը կառավարող այս զույգը հերթական մեսիջը հղեց հանրությանը՝ հրապարակելով Սանկտ Պետերբուրգ իրենց այցի լուսանկարը ընտանիքի կրտսեր անդամի՝ Արփիի հետ:

Լուսանկարում ցցուն ծաղր կար՝ իմ երեխայի համար բոլոր ճանապարհները բաց են, իսկ ձեր երեխաներն ինձ չեն հետաքրքրում:

Իսկ իրականում սա ընդամենը լավ փաթեթավորված սցենարի իրագործման հերթական գործիքակազմն է:

«Չեմ կիսում այն մոտեցումը, որ Աննա Հակոբյանի գործելակերպը հոգեկան անկայուն վիճակում գտնվող մարդու չգիտակցված գործելակերպ է: Մենք գործ ունենք մտածված գործելակերպի հետ, Արցախի հանձնման այս սցենարում կոնկրետ դեր է տրվել Նիկոլ Փաշինյանի կնոջը, ինչը նպաստում է այն պլանի իրագործմանը, որը նրանք հանձն են առել՝ գալով իշխանության»,- 168.am-ում Սաթիկ Սեյրանյանի հետ զրույցում, անդրադառնալով Աննա Հակոբյանի ակտիվությանը,ասել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:

Դժվար է սրա հետ չհամաձայնել… Իսկ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է արդեն 15 օր: