ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ․․․ ՀԻ՛, ՀԻ՛, ՀԻ՛․․․
Կարդում, լսում էիր և ես հայ պաշտոնյաներին, ականավոր քաղաքական, հասարակական գործիչներին, նրանք տարիներ շարունակ խոսում, համոզում, ապացուցում էին և են, այսպես կոչված, միջազգային հանրության դերի մասին, ինչպես արցախյան հակամարտության, այնպես էլ մարդու իրավունքների և հումանիտար հարցերում․ «Միջազգային հանրությունը թույլ չի տա․․․, պետք է դիմել ՄԱԿ, ԵԱՀԿ, ՄԻԵԴ, Հաագա և այլն»։ Այս «գերազանցիկների» համար միջազգային հանրությունը աստվածների բույլ է նոր Օլիմպոսում, գլխավոր աստված ԱՄՆ-ով, իսկ միջազգային իրավունքը՝ նոր աստվածաշունչ։
Արցախյան հակամարտության կարգավորման խնդիրը դրված էր ԵԱՀԿ-ի վրա։ Տարիներ շարունակ ԵԱՀԿ Մինսկի խումբը հրապարակում էր հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները, որոնցից մեկը՝ ուժի կիրառման բացառումն էր։ Եվ ի՞նչ եղավ 2020 թվականի՞ն․․․ Այդ նույն ժամանակ ձայն-ծպտուն հանեցի՞ն առաջադեմ արևմտյան երկրները, միջազգային կառույցները, մի խոսքով միջազգային հանրությունը։Նրանք ականատես եղան հայ գերիների գնդակահարությանը, հայ կնոջ խոշտանգումներին և սպանությանը։ Այսօր, արդեն 24 օր Արցախը գտնվում է շրջափակման մեջ, տեղի է ունենում հումանիտար աղետ։ Եվ նորից ու նորից բոլորը խոսում, դիմում են իրենց աստվածներին՝ միջազգային հանրությանը։ Եվ ահա արդյունքները․ ԱՄՆ սենատոր էսինչը պահանջում է, ֆրանսիացի հայասեր արվեստագետները պահանջում են և այլն և այլն․․․Հասկացե՛ք վերջապես, նույնը եղել է 1915 -1921 թվականներին, ոչինչ չի փոխվել։ Եթե հույսներս նորից դնենք այդ չարաբաստիկ միջազգային հանրության վրա, կենթարկվենք հերթական ցեղասպանության, որից հետո Ֆրանսիան, առաջ ընկնելով Ուրուգվայից, առաջինը կընդունի հայ ժողովրդի ցեղասպանությունը, ԱՄՆ հայասեր սենատորները խստորեն կդատապարտեն տեղի ունեցածը, ԱՄՆ-ն, ԵՄ-ն միլիոնավոր դոլարների և եվրոների օգնություն կտրամադրեն հայ որբերին, գաղթականներին և․․․և կշարունակեն սերտորեն համագործակցել Ադրբեջանի և Թուրքիայի հետ։
Հարց է առաջանում՝ բա ի՞նչ անել։ Հայկական բանակը պետք է գործի անցնի և բացի Քարվաճառի ճանապարհը։ Հավատացե՛ք, այդ դեպքում ողջ միջազգային հանրությունը կդատապարտի Ադրբեջանին և կհարգի մեզ։
Բայց ու՞մ եմ ասում, անհայրենիք, դավաճան վարչապետ-բռնապետիկի՞ն, գործակալ արտգործնախարարի՞ն, թե՞ հողեր հանձնած, հարյուրավոր զոհեր տված ժպտերես, քեֆչի պաշտպանության նախարարին։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից