Սառեցված միս են բերում էժան գնով, մտցնում շուկա՝ ասելով, թե սոցիալական հարց են լուծում, բայց ստացվում է՝ դեմպինգ են անում. Սերգեյ Ստեփանյան
Advertisement 1000 x 90

Սառեցված միս են բերում էժան գնով, մտցնում շուկա՝ ասելով, թե սոցիալական հարց են լուծում, բայց ստացվում է՝ դեմպինգ են անում. Սերգեյ Ստեփանյան

ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 17-ի N 1765-Ն որոշմամբ սահմանվել է սակագնային քվոտա՝ 2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների  /խոշոր եղջերավոր անասունների միս՝ 11.3 հազ․ տոննա, խոզի միս՝ 7․5 հազ․ տոննա, թռչնամիս՝ 39.1 հազ․ տոննա, և կաթնային շիճուկ՝  1.2 հազ․ տոննա/ նկատմամբ, որոնց ներմուծումը «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի կիրառմամբ» թույլատրվում է՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառմամբ:

Որոշմամբ հաստատվել են 2023 թվականի ընթացքում արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև Հայաստանի Հանրապետություն ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների /խոշոր եղջերավոր անասունների միս, խոզի միս, թռչնամիս և կաթնային շիճուկ/  ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման կարգը, ներմուծման մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը:

Սա կարգավորման միջոց է, որը հնարավորություն է տալու որոշակի քանակությամբ ապրանք ներկրել ավելի ցածր մաքսատուրքով: Գործիքը կիրառելի է ԵԱՏՄ շրջանակում՝ հաշվի առնելով տվյալ երկրի արտադրության, սպառման և ապրանքների անհրաժեշտության ծավալները:

Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ  Սերգեյ Ստեփանյանի գնահատմամբ՝ Կառավարության ընդունած որոշումը լավ չէ տեղական արտադրողի համար:

«Սա շատ վատ է, որովհետև ընդհանրապես միջազգային պրակտիկայում քվոտա՝ նշանակում է հակագնագոյացում: Եթե քվոտա ես մտցնում, շուկան բալանսից գցում ես, հատկապես՝ տեղական արտադրությանը: Դա խիստ ծայրահեղ դեպքերում են անում և կարճաժամկետ, իսկ մեզ մոտ երեք տարի է՝ այդպես է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սերգեյ Ստեփանյանը՝ հավելելով, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հանդիպման ժամանակ իրենց դժգոհությունը հայտնել են՝ ընդգծելով, որ շուկայում այսպիսով հավասար մրցակցություն չի ապահովվում:

«Մսամթերք բերում են այն երկրից, որտեղ ավելցուկ է կամ երկարաժամկետ սառեցված միս է, բերում են էժան գնով, մտցնում շուկա՝ ասելով, թե սոցիալական հարց են լուծում, բայց ստացվում է՝ դեմպինգ են անում: Վրաստանից, Ուկրաինայից,  այսպես ասած, թարմ պաղեցված միս են բերում, սակայն բացառվում է, որ այդպես է. սառեցված է: 2.5 կիլոգրամանոց հավեր են, լրիվ բտված՝ անտիբիոտիկներով, խթանիչներով»,- նշեց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահը:

Հավելենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 11-ին հանդիպել է թռչնամիս արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները քննարկելու նպատակով։ Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և «Հայաստանի թռչնաբույծների միություն» ՀԿ-ի նախագահ Սերգեյ Ստեփանյանը։

Քննարկվել են ոլորտի հետագա զարգացմանը, եկամտաբերության և մրցակցային հնարավորությունների բարձրացմանը, ներմուծվող թռչնամսի նկատմամբ սակագնային քվոտաների կիրառմանը, թռչնաբուծարաններում կերային բազայի ապահովմանը, ոլորտում օրենսդրական դաշտի բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր։

Անի Կարապետյան



Նման նյութեր