Կուզեմ ըսել, թե հիմա որ քիչ մը վիճեցինք, երկուքս ալ ճիշտ էինք. Վահագն Դավթյան
Advertisement 1000 x 90

Կուզեմ ըսել, թե հիմա որ քիչ մը վիճեցինք, երկուքս ալ ճիշտ էինք. Վահագն Դավթյան

Կարդալու համար…
Վ. ՍԱՐՈՅԱՆ.
– Երբ Պոլիս իջա, ինքնաթիռին մեջ թուրք ժուռնալիստներ շրջապատեցին ինձի ու սկսեցին հարցերու տարափ տեղալ գլխուս: Գիտեին, անշուշտ, որ հայ եմ: Մեջները գեղեցիկ ժուռնալիստուհի մը կար ու ինձի հարցուց.
– Գիտենք, որ դուն կնոջմեդ բաժնվեր ես, կրնայի՞ր արդյոք, թրքուհու մը հետ ամուսնանալ…
– Ինչո՞ւ չէ, ըսի, բայց պայմանով, որ թրքուհին ձեզի պես գեղեցիկ ըլլա ու նաև կեր ու կուտ գիտնա, եփել- թափել գիտնա…
Թրքուհին անուշ մը ծիծաղեց: Կսպասեին, անշուշտ, որ ըսեի՝ ոչ, չեմ կրնար, քանի որ մենք վրեժ ունինք ձեր դեմ…
Վահագն, վրեժ աղվոր զգացմունք չէ, վրեժ կթունավորե մարդու արյունը, ու ապրելը դժվար կըլլա…
Վ. ԴԱՎԹՅԱՆ.
– Համաձայն եմ, վարպետ, թունավորում է արյունը, եթե մանր վրեժխնդրություն է… Բայց չէ՞ որ առավել մեծ առումով այդ վրեժ կոչվածը նաև արդարությունը վերականգնելու բնածին պահանջ է…Ուրեմն վրեժը նաև արդարություն է:
Վ. ՍԱՐՈՅԱՆ.
– Վրեժը նոր վրեժ կծնե ու արդարությունը չի կըրնար վերականգնվիլ:
Վ. ԴԱՎԹՅԱՆ.
– ՈՒրեմն ի՞նչ, չարը պիտի անպատիժ մնա՞ աշխարհում:
Վ. ՍԱՐՈՅԱՆ.
– Ոչ անպատիժ չպիտի մնա, բայց, բայց վրեժով ալ չպիտի պատժվի, ուրիշ ձևով մը պիտի պատժվի:
Վ. ԴԱՎԹՅԱՆ.
– Մերը վրեժ չէ, վարպետ, մերը արդարության պահանջ է: Եթե նույնիսկ հնարավորություն ունենայինք վրեժ լուծել, չպիտի կարողանայինք, հայի բնածին բարությունն ու խիղճը թույլ չպիտի տային. վկան՝ Նարեկացին, վկան՝ Անդրանիկը… Ինքդ ճանաչել ես Անդրանիկին, գիտես, որ ամբողջովին բարություն ու խիղճ էր: Եվ վրեժ չէր լուծում Անդրանիկը, պատժելով չարին, իր ժողովրդի խիղճն ու բարությունն էր պաշտպանում…
Վրիժառուները չեն նայում, մանուկ է, կին, ծերունի, սպանում են անխնա: Որևէ փաստ կա՞, որ Անդրանիկը ձեռք տված լինի կնոջ կամ երեխայի: Ոչ, չկա: Հակառակ փաստեր՝ ինչքան ուզեք…
Վ. ՍԱՐՈՅԱՆ.
– Հոդ համաձայն եմ քեզի… Վահագն, երբ Անդրանիկին տեսա ու հետը խոսեցա, 14 տարու էի: Գիտես, 14 տարեկաններ դժվար հարցեր կուտան… Հավանաբար դժվար հարցեր կուտայի Անդրանիկին, և այդ պատճառով ալ ինձի հետ ուրիշ լեզվով կխոսեր, Արամ քեռիիս հետ ՝ ուրիշ…
Ու կրնա ըլլալ, որ քու տված հարցերդ ալ դժվար են, ու ատոր համար ալ քեզի հետ ուրիշ լեզվով կխոսիմ, խղճիս հետ՝ ուրիշ…
Վահագն, կըրնա՞ս ինձի ըսել, հայր ու տղա որ կռվին, ո՞ր մեկը ճիշտ կըլլա:
Վ. ԴԱՎԹՅԱՆ.
– Նայած ի՞նչի համար, ի՞նչ պատճառով են կռվում…
Վ. ՍԱՐՈՅԱՆ.
– Ինչ պատճառով ալ ըլլա…
Վ. ԴԱՎԹՅԱՆ.
– Չէ, չեմ կարող ասել:
Վ. ՍԱՐՈՅԱՆ.
– Իսկ ես՝ կրնամ… Երկուքն ալ միշտ ճիշտ կըլլան…
Ուրեմն, կուզեմ ըսել, թե հիմա որ քիչ մը վիճեցինք, երկուքս ալ ճիշտ էինք:
Վահագն Դավթյան։

«Բարի հսկան» գրքից:

Սասուն Անանյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր