Արհեստական բանականությունն (ԱԲ) այսօր ակտիվորեն թափ է հավաքում՝ ներթափանցելով նորանոր ոլորտներ։ Շինարարությունը բացառություն չէ, թեև երկար ժամանակ ենթադրվում էր, թե այս ոլորտում գրեթե ամեն ինչ կախված է մարդկային գիտելիքներից և փորձից։
Արհեստական բանականությունը, օրինակ, կարող է օգնել զգալիորեն բարելավելու անվտանգությունը շինհրապարակում: Եվ ահա թե ինչպես։
Աշխատավայրում վտանգի հայտնաբերում
Ըստ Միացյալ Թագավորության աշխատավայրում առողջության և անվտանգության պայմանների վերահսկողության վարչության տվյալների՝ 2019-2020 թվականներին երկրում աշխատավայրում ստացած վնասվածքների պատճառով մահացել է 142 մարդ, վնասվածքներ է ստացել ևս 693,000 մարդ, որոնց բուժման համար միլիարդավոր ֆունտ ստեռլինգ է ծախսվել։
Շինհրապարակում իսկապես շատ վտանգներ կան, և, հետևաբար, շինարարների անվտանգության ապահովումը շատ լուրջ խնդիր է։ Իսկ ԱԲ-ն կարող է մեծապես օգնել աշխատավայրում պատահարների հայտնաբերման, կանխատեսման և կանխարգելման գործում:
Օբյեկտների հետագծման տեխնոլոգիաները (object tracking) կարող են օգտագործվել աշխատավայրում դյուրավառ կամ այլ նյութեր հայտնաբերելու համար, որոնք պոտենցիալ վտանգ են ներկայացնում, կամ, օրինակ, սուր մակերեսները, որոնց դիպչելով մարդը կարող է վնասվածք ստանալ: ԱԲ-ի մոդելներն այնուհետև կարող են իրական ժամանակում մենեջերներին և աշխատողներին զգուշացնել վտանգի մասին, ինչը նրանց կխրախուսի ավելի զգույշ և զգոն լինել:
Այսպիսի տեխնոլոգիաներ, ներառյալ համակարգչային տեսողությունը և ԱԲ-ն, արդեն օգտագործվում են բազմաթիվ ընկերությունների կողմից, որոնց նպատակն է աշխատավայրում «դժբախտ պատահարները հասցնել զրոյի»: Նրանց թվում են IRIS-ը, Everguard-ը և շատ այլ ընկերություններ:
Անհատական պաշտպանիչ միջոցների հայտնաբերում
Անհատական պաշտպանիչ միջոցները (ԱՊՄ) կարող են կյանքեր փրկել, բայց խնդիրն այն է, որ միշտ չէ, որ շինհրապարակում դրանք ճիշտ են օգտագործվում, եթե առհասարակ օգտագործվում են: NIOSH-ի տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում ամեն օր աշխատավայրում վնասվածքներ է ստանում մոտ 2000 մարդ, ինչը կարող էր կանխվել ԱՊՄ-ների պատշաճ օգտագործման դեպքում:
Ավելի մանրամասն՝ news.am