Արցախ մուտք գործելու համար առաջ են քաշվել նախապայմաններ՝ «ընդունել Ադրբեջանի քաղաքացիությունը» և ստուգել բոլոր անձանց. Բեգլարյան
Advertisement 1000 x 90

Արցախ մուտք գործելու համար առաջ են քաշվել նախապայմաններ՝ «ընդունել Ադրբեջանի քաղաքացիությունը» և ստուգել բոլոր անձանց. Բեգլարյան

Միջադեպի հիմնական փաստերը. Ադրբեջանի կառավարության գործակալները («էկո»-ահաբեկիչները) երեկ Շուշիի մերձակայքում արգելափակել են արցախցի 27 քաղաքացիական անձանց մուտքն Արցախ։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական, ԱՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը.

«1. Քաղաքացիական խումբը, որը հիմնականում բաղկացած էր կանանցից, ծերերից և երեխաներից, ռուս խաղաղապահների երկու մեքենաներով ճանապարհվել է Հայաստանի Գորիս քաղաքից՝ իրենց ընտանիքների հետ վերամիավորվելու նպատակով։

  1. Նրանք մնացել էին Հայաստանում՝ Արցախի՝ արդեն 115 օր շարունակվող շրջափակման պատճառով։
  2. Նրանք կանգնեցվել են Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում, Շուշի քաղաքից ոչ հեռու, Ադրբեջանի կառավարական գործակալների («էկո»-ահաբեկիչների) կողմից:
  3. Խմբի համար ճանապարհ բացելու նպատակով ավելի քան հինգ ժամ ռուս խաղաղապահները բանակցել են ադրբեջանական կողմի հետ, սակայն ապարդյուն։
  4. Ադրբեջանցիները ահաբեկել են մեքենաներում գտնվող մարդկանց՝ ներխուժելով մեքենաներից մեկը և սպառնալիքներ հնչեցնելով։

 

  1. Արցախ մուտք գործելու համար առաջ են քաշվել նախապայմաններ՝ «ընդունել Ադրբեջանի քաղաքացիությունը» և ստուգել բոլոր անձանց։
  2. 27 հոգուց 23-ը գիշերը վերադարձել են Գորիս՝ մուտք չգործելով իրենց հայրենիք։
  3. Ադրբեջանական ահաբեկման արդյունքում չորս կանանց առողջական վիճակը կտրուկ վատացել է, որոնցից երեքն ուշագնաց են եղել։
  4. Ուղեկցող խաղաղապահները շտապ օգնություն են կանչել և այդ չորս հոգուն ռուսական և ադրբեջանական մեքենաներով տեղափոխել Ստեփանակերտի բժշկական կենտրոն:
  5. Ադրբեջանական կողմը չի թույլատրել խաղաղապահներին օգտվել արցախյան շտապօգնության մեքենաներից և փորձել է հիվանդներին տեղափոխել իրենց վերահսկողության տակ գտնվող Շուշիի հիվանդանոց: Սակայն մարդիկ բողոքել են և պահանջել, որ հիվանդներին տեղափոխեն Ստեփանակերտ:
  6. Սա Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հերթական դրսևորումն է: Մասնավորապես, նրանք արգելափակում են մեր քաղաքացիների մուտքն Արցախ ոչ միայն սեփական մեքենաներով ճանապարհորդելիս, այլ նույնիսկ ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների ուղեկցությամբ, ինչպես դա եղավ երեկ։
  7. Նրանք երբեմն ավելի քիչ խոչընդոտներ են ստեղծում ելքի համար, ինչպես հունվարի 10-ին հայտարարեց Ալիևը, քանի որ նրանց նպատակն, ակնհայտորեն, արցախցիների էթնիկ զտումն է։
  8. Ալիևի բռնապետական ռեժիմը անտեսում է ոչ միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, այլև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումը՝ ապահովելու մարդկանց, մեքենաների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով։
  9. Ադրբեջանում ռասայական/էթնիկ խտրականության ու ատելության պետական քաղաքականության և դրա կանոնավոր դրսևորումների պայմաններում միջազգային հանրությունը պետք է հասկանա ադրբեջանական ցանկացած վերահսկողության դեպքում Արցախի ժողովրդի նկատմամբ գոյաբանական վտանգի մակարդակը։
  10. Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակումը և ատելությամբ պայմանավորված պարբերական հանցագործություններն ու հոգեբանական ահաբեկչությունը, ինչպես նաև միջազգային հանրության կողմից Արցախի ժողովրդին արդյունավետորեն պաշտպանելու և նոր հանցագործությունները կանխելու պարտավորության ձախողումը պահանջում են հրատապ, վճռական և գործնական քայլեր՝ Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի, պատշաճ պաշտպանությունն ապահովելու համար:



Նման նյութեր