Չիկագոյում կգործարկվի օդային տաքսի ծառայություն
Advertisement 1000 x 90

Չիկագոյում կգործարկվի օդային տաքսի ծառայություն

Հինգ տարի առաջ հիմնադրված ամերիկյան Archer Aviation ընկերությունը (Սան Խոսե, Կալիֆոռնիա), որը մասնագիտացված է eVTOL տեսակի էլեկտրական ինքնաթիռների առևտրայնացմամբ, հայտնել է, որ United Airlines-ի հետ համագործակցությամբ մինչև 2025 թվականը Չիկագոյի կենտրոնից Օ’Հարե միջազգային օդանավակայան կգործարկի կոմերցիոն օդային տաքսի ծառայություն: Յուրաքանչյուր տաքսի կարող է տեղափոխել չորս ուղևորի։

Այս օդային երթուղին հնարավորություն կտա ուղևորներին նվազագույնի հասցնել ցամաքային ուղևորության ժամանակը՝ 30-45 րոպեից հասցնելով մինչև 10 րոպեի։ Ընկերության ներկայացուցիչների հավաստմամբ, եթե առաջին փորձնական երթուղին արդարացրեց իրեն, կգործարկվեն նաև այլ՝ ավելի երկար երթուղիներ։

Ըստ Archer Aviation-ի՝ թռիչքները խոստանում են ժամանակի ընթացքում «տնտեսապես շահավետ» դառնալ, թեև սկզբնական շրջանում դրանք հասանելի կլինեն միայն շատ հարուստ հաճախորդներին։ Էլեկտրական օդային տաքսի ծառայության գլխավոր առավելություններից մեկը խցանումների և վնասակար արտանետումների իսպառ բացակայությունն է։

Նախագծի իրականացման համար Archer Aviation ընկերությունը United Airlines-ից ստացել է $10 մլն զարգացման կանխավճար։

Հրապարակման պատրաստեց ita.am