Ադրբեջանը Շուշիի հարակից հատվածով անցնող միջպետական ճանապարհի «բնապահպաններին» հանել է, սակայն նույն տեղում ծառայություն են իրականացնում ադրբեջանցի զինծառայողները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Մեծ առումով, «բնապահպանները» շարունակում են ծառայությունը, ուղղակի իրենց իրական` զինվորական համազգեստով ու զենքով:
Փաստացի այս պահին Ադրբեջանը ՀՀ-ն կապող միջանցքի 2 հատվածներում անցագրային ռեժիմ է սահմանել` Հակարի գետի կամուրջին` անմիջապես Կոռնիձոր գյուղի մատույցներում և Շուշիի հարակից հատվածում, որտեղ վերջին 4 ամիսներին էկոակտիվիստների անվան տակ տարբեր ուժային կառույցների ներկայացուցիչներ էին:
Արցախից պաշտոնապես տեղեկացնում են, որ Շուշիի հատվածում ադրբեջանցիները երեկ կանգնեցրել և երկար ժամանակ արգելել են ՀՀ-ից Արցախ հումանիտար բեռի տեղափոխումը, որն իրականացվում էր ռուս խաղաղապահների միջոցով:
Ժամանակը գնում է, ճնշումն Արցախի նկատմամբ երկրաչափական պրոգրեսիայով աճում, սակայն իրավիճակային հանգուցալուծում դեռևս չկա:
Մինչև ՀՀ իշխանությունը միջանցքը որպես ՌԴ պատկանելիության տարածք է որակում, իսկ ՌԴ-ից հորդորում են ՀՀ իշխանութանը գործընթացի պատասխանատվությունից չխուսափել, արցախցիների վիճակը շարունակում է վատթարանալ»,- գրել է նա: