Հայ տիկտոկեր Մերի Բաբայանը, որն առավել հայտնի է Can_i_97 կեղծանվամբ, այս փուլում մասնակցում է «Հումորի լիգայի» 4-րդ եթերաշրջանի նկարահանումներին՝ ներկայացնելով իր թիմն ու հումորները: Tert.am Life-ը խոսել է նրա հետ այս փուլի զբաղվածության, հումորով զբաղվելու և քննադատությունների մասին:
«Որոշեցի, որ մարդիկ ինձ պետք է տեսնեն նաև այլ դաշտում, ասպարեզում: Մարդիկ, որոնք հետևում են ինձ սոցիալական ցանցերում մոտ 2 տարի չգիտեն, որ նախկինում ես եղել եմ լիովին այլ ասպարեզի մարդ, ամբողջապես եղել եմ ուսման ոլորտում, աշխատել պետական կառույցներում և դասավանդել, բայց «արմատախիլ եմ» եղել այդ դաշտից և եկել սոցիալական դաշտ, իսկ այժմ ինձ փորձում եմ նաև «աճեցնել» հումորային և հեռուստատեսային դաշտում»,- ասաց Մերի Բաբայանը:
Բլոգերը նշեց, որ փորձում է ժամանակին համահունչ քայլել և փորձում է դրսևորվել նաև այլ ոլորտներում:
««Հումորի լիգան» ինձ համար մարտահրավեր է, քանի որ մարդիկ մտածում են, որ տիկիտոկերները դեբիլ են, թերուս, բայց ես եկել եմ այդ կարծրատիպը կոտրելու՝ ասելով, որ միշտ չէ այդպես լինում: Իրականում ճիշտ եմ գտնում նաև նշել, որ բեմում աշխատելը շատ ավելի բարդ է, քանի որ, երբ ձախողում ես բեմում, չես կարող նույն կատակը մի փոքր այլ կերպ մատուցել, ինչն անում ենք սոցիալական ցանցերում»,- նշեց նա և հավելեց, որ այս փուլի հիմնական զբաղվածությունը նախագծում մասնակցությունն է. «Ես ուրախ եմ, որ ինձ այստեղ ուղիղ տեսնում են և կարող են տեսնել, ճանաչել, իսկ սոց. ցանցերում մարդիկ ուղղակի «շպրտում են» մեկնաբանությունները՝ չճանաչելով քեզ և կարծիք կազմելով միայն այն հանգամանքով, որ ես պարում եմ դրսում և նկարում դա»:
Չնայած հակասական կերպարի տիկտոկերը նշում է, որ մեկնաբանությունները և հասարակության կարծիքը նրա համար միևնույն չեն, նաև այդ հանգամանքով պայմանավորված նա եկել է հեռուստատեսային դաշտ՝ իրեն այլ կերպ ներկայացնելով:
«Ես սիրում եմ, երբ իրավիճակներն ու իմ մասին ընկալումները «հակասական են», քանի որ դու սկսում ես փորձել քեզ տարբեր ոլորտներում, լինել կոմֆորտ զոնայից դուրս՝ ստանալով մեծ փորձ: Շատ մարդիկ, որոնք ինձ ընկալում էին, որպես հիմարիկ աղջիկ, որը պարում է մարմնի որոշ հատվածներով, բայց այս հաղորդումից հետո վստահաբար իմ մասին կարծիք է փոխվել»,- ասաց Մերի Բաբայանը: