Ինտերտային գովազդը Հայաստանից տանում է գումարը. JAMnews
Advertisement 1000 x 90

Ինտերտային գովազդը Հայաստանից տանում է գումարը. JAMnews

Այսօր բոլորս ապրանք վաճառող ենք՝ տուն, մեքենա, կահույք, երաժշտություն, կրթություն, նորություն, ժամանց և այլն: Մենք կարիք ունենք հասկանալ, որտեղ ներկայացնել մեր ապրանքը, ում համար և ինչ գնով:

Եթե տասը տարի առաջ գովազդատուն դիմում էր գովազդային գործակալություններին, որոնք իրենց ծառայության համար միջնորդավճար էին գանձում, ապա այսօր որոշակի գիտելիքների դեպքում ինքը կարող է իր ապրանքը ճիշտ գովազդել:

Ավելի մանրամասն Հայաստանում իրավիճակի մասին։ Ինչպե՞ս կարող է յուրաքանչյուր մարդ գովազդել ապրանքը շուկայի փոփոխության պայմաններում։ Ի՞նչ հարթակներ են գերադասում հայտնի ընկերություններն ու փոքր բյուջեով նորաստեղծ բիզնեսները։

Գովազդել այնտեղ, որտեղ «թիվ կա»

Սա նշանակում է, օրինակ, որ փոքր գովազդային բյուջե ունեցող գործարարն այն չի ծախսի արտաքին գովազդի վրա: Հայաստանում չկա հստակ թիվ, թե տվյալ վահանակը քանի հոգի է դիտել: Արտաքին գովազդով զբաղվող ընկերկությունները կարող են մոտավոր թիվ ներկայացնել, թե քանի մեքենա կարող է անցած լինել, ասենք՝ Երևան-Սևան մայրուղով: Նույնը ռադիոգովազդի դեպքում է:

Փոքր գովազդային բյուջեի դեպքում հեռուստատեսություն մուտքն անիմաստ է, որովհետև տարբեր հաշվարկներով Հայաստանում հեռուստագովազդի (հանրապետական սփռում) մեկ րոպեն սկսվում է 36 հազար դրամից, հասնում՝ 150 հազարի: Բացի դրանից, անհրաժեշտ է բավական մեծ գումար ծախսել հեռուստատեսային հոլովակի արտադրության վրա։

Ամենամատչելի գովազդը ինտերնետային հարթակներում է: Քիչ գումարով կարելի է հստակ արդյունքներ ստանալ: Առցանց գովազդի հայկական շուկայում ամենաարդյունավետ գործիքներ առաջարկող հարթակներ են Մետան՝ իր Ֆեյսբուք և Ինստագրամ հարթակներով, և Գուգլը։

Օրինակ, որևէ մանկական սրճարան կարող է ֆեյսբուքում սկսել գովազդել իրեն 50-60 դոլար բյուջեով: Ընդ որում, հստակ թիրախավորել իր լսարանը (օրինակ, աշխատանք ունեցող մայրիկներ, որոնք ապրում են Երևանում)։ Հնարավոր է նաև հետևել մարդկանց քայլերին՝ արդյո՞ք գովազդը դիտելուց հետո մտնում են իրենց ֆեյսբուքյան էջ, ուղարկում հաղորդագրություն և այլն:

Ինտերտային գովազդը Հայաստանից տանում է գումարը

2022թ-ի համար Հայաստանում գովազդի ամբողջ շուկայի (հեռուստագովազդ, ռադիոգովազդ, թվային և արտաքին գովազդ) շրջանառությունը կազմել է մոտ 60 մլն դոլար։

Հայաստանյան առցանց մեդիա հարթակները գովազդից քիչ գումար են գեներացնում: Ժամանակին կար գովազդային ցանց՝ միասնական և հասկանալի խաղի կանոններով համակարգ, բոլորը տեսնում էին թրաֆիկները, շարժը։ Դրա հիման վրա գովազդը բաշխվում էր հարթակների միջև։ Այժմ այն չի գործում։

Գովազդային գործակալների խոսքով, տեղական լրատվական կայքերի հետ աշխատելն իրենց համար գլխացավանք է թե՛ կազմակերպչական, թե՛ ֆինանսական առումով։ Դրա համար նախընտրում են գովազդներ տեղադրել դրսում՝ յություբի, նաև com, net, ru և այլ դոմեյնների վրա։

Նրանք ոչ թե քանակ են վաճառում, այլ սեգմենտ, հետաքրքրություն և բովանդակություն։ Այսօր արդեն հնարավոր է հստակ թիրախավորել պոտենցիալ սպառողներին՝ օգտագործելով լոկացիաներ, առցանց հետքեր և այլ գործիքներ։ Ուստի արդյունավետ գովազդը պերֆորմանսի մղողն է։

«Պերֆորմանսն» այն է, որ մարդը, օրինակ, ֆիլմ դիտելիս, նկատում է գովազդը և այցելում այդ ապրանքը կամ ծառայությունն առաջարկող կայքը, որոշակի ժամանակ է անցկացնում այստեղ, ծանոթանում բովանդակությանը, հարցեր է տալիս, գործողություններ կատարում՝ սպառելու նպատակով։

Գործողությունների մղող գովազդը

Ամբողջ աշխարհում գովազդը վերափոխվել է, գովազդատուն ոչ թե քանակին է հետևում, այլ որակին: Պարզ ասած՝ նա ուզում է, որ իր ապրանքը ցուցադրվի իր նախընտրած խմբին, ոչ թե շատերին։ Օրինակ, նրան է պետք է, որ գովազդը հասանելի լինի 40-50 տարեկան 20 հազար տղամարդկանց, որոնք աշխատում են բանկային, անշարժ գույքի վաճառքի, արտադրության ոլորտներում:

Գովազդատուն՝ համացանցում գովազդի տեղադրման պահից տեսնում է դրա արդյունավետությունը։ Սկզբում դրա նկատմամբ հետաքրքրության տեսքով, թե ինչպես են մարդիկ մտնում, կարդում, հետևում իր սոցմեդիա հարթակներին, հետո արդեն սպառում իր ապրանքը: Այստեղ կարևոր է այն հանգամանքը, որ եթե սխալ լսարանի հետ է աշխատանք տարվում, գովազդատուն կարող է դադարեցնել իր ապրանքի ցուցադրումը տվյալ սեգմենտի մոտ:

Իսկ ավանդական մեդիա հարթակներում՝ տպագիր մամուլ, ռադիո և հեռուստատեսություն, պայմանագրերը կնքվում են որևէ ժամկետի համար՝ մեկամսյա, եռամսյակային, տարեկան:

Փոքրիկ բիզնեսը մարդկանց տեսանելի դարձնելու համար այլևս պետք չի միլիոնավոր դրամներ վատնել՝ գովազդային հոլովակ նկարահանել, հաղորդումների հյուրընկալվել, գովազդային ռեպորտաժներ պատվիրել և այլն: Ավելի քիչ գումարով կարելի է սոցիալական մեդիա հայտնիների (influencers) միջոցով ներկայացնել ապրանքը: Եվ նրանց էջում եղած մեկնակաբանությունների միջոցով հասկանալ մարդկանց վերաբերմունքը, դրական և բացասական ազդակները, աշխատել դրանք բարելավելու ուղղությամբ:

Ինտերնետային գովազդն ապահովում է հետադարձ կապ: Մինչդեռ հեռուստատեսությամբ որևէ գովազդ դիտող մարդը, ով ուզում է տվյալ ապրանքի կամ ծառայության մասին հավելյալ տեղեկություններ ստանալ կամ ինչ-որ բան ճշտել, կապի և արձագանքի հնարավորությունից գրեթե զրկված է:

Եթե գումարը խնդիր չէ

Հայտնի, խոշոր ընկերություններն ու բրենդները ամբողջ տարվա համար պլանավորում են իրենց գովազդը դեռ մեկ տարի առաջ՝ ներառելով բոլոր մեդիա հարթակները և գովազդի բոլոր ճյուղերը՝

գովազդային հոլովակներ,

տպագրություն,

հաղորդումներում, ֆիլմերում տեղակայում,

հովանավորչություն և այլն:

Այս դեպքերում խնդիրը բրենդի ցուցադրումն է՝ հիշեցումը, որ ինքը կա՝ ի տարբերություն փոքր ընկերությունների, որոնք դեռ իրենց ապրանքին ծանոթացնելու խնդիր ունեն: Մեծ ընկերությունները սովարաբար իրենց գովազդային բյուջեի մոտ կեսը կամ ավելին ծախսում են հեռուստաընկերություններում:

Հայաստանում ևս հեռուստագովազդ նախընտրում են հիմնականում խոշոր գովազդատուները։ Իսկ, օրինակ, միջին կամ փոքր բյուջեի (մինչև 20 հազար դոլար) դեպքում այնպես են ուզում տեղադրել գովազդ, որ մաքսիմում արդյունավետ լինի։ Հիմնականում այդ գումարը ծախսում են առցանց հարթակներում։

«Անկաշկանդ» գովազդ

Սոցիալական ցանցերի հայաստանյան հատվածում ավելացել են ապրանքը կամ ծառայությունը հումորային գրառումներով ներկայացնելու փորձերը։

Հաղորդակցությունը, կարծես, դուրս է եկել ընդունված կաղապարներից, դարձել անկաշկանդ ու մտերմիկ։ Եթե նախկինում նման փորձերը քիչ էին և համարձակ էին թվում, ապա հիմա մասսայական են։

Հեռահաղորդակցության օպերատոր Ucom ընկերությունը կապի հերթական խափանման առիթով գրել է, որ հույս ունի իր բաժանորդները հասցրել են տնեցիների հետ շփվել այդ ընթացքում: Եվ արդարանում է, որ այս անգամ ընկերությունը չի մեղավորը, այլ Ֆեյսբուքը:

Լսարանին հասնելու, շփվելու, նոր հետևորդներ գրավելու համար կոկիկ տեքստերի ժամանակն անցել է, հիմա կարևոր է դարձել կատակելը, կրեատիվ հնարքներն ու մեմերի լեզուն։ Շատ է հանդիպում միջազգային հաջող ու սուպեր զանգվածային նախագծերի համատեքստի օգտագործումը՝ ֆիլմերի, սերիալների, երգերի և այլն։

Հայաստանյան բանկերից մեկն իր հետևորդների հետ կատակում է հիպոթեքային վարկերի թեմայով՝ օգտագործելով Նեթֆլիքսի «Squid Game» սերիալի դերասան Լի Յունգ-Ջեյի կերպարը «առաջ և հետո» ֆորմատով:

Գովազդային շուկայի հետ կապված մտահոգություններ

Հայաստանի կառավարությունը 2021թ-ին պատվիրեց աուդիտ, որպեսզի պարզի Հայաս­տանում հեռուստաչափումներ իրականացնող «Ադմոսֆեր Արմենիա» ընկերության կող­­մից մատուցվող ծառայության արժանահավատությունն և հեռուստաչափումների իրականացման մեթոդաբանության համապատասխանությունը միջազգային չափանիշներին։ Արդյունքում որոշակի խախտումներ արձանագրվեցին:

Մեկ այլ ուսումնասիրություն իրականացրեց Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը: Արձանագրվեց, որ մրցակցային խախտումներ հայտնաբերել են բոլոր մեդիա ուղղություններում, իսկ ամենաշատը՝ հեռուստատեսային շուկայում․

«Դաշտում կան գերիշխող դիրք զբաղեցնող հեռուստաընկերություններ և պայմանագրային ուժով սեյլս հաուս [Sales-houses` հեռուստատեսային գովազդի ժամանակը վաճառող ընկերություններ, պատվիրատուների հետ կապող օղակ] համարվող ընկերություններ, որոնց կողմից իրականացվող գնային քաղաքականությունը ռիսկային է»։

Ըստ հանձնաժողովի, թեև ինտերնետային հարթակներում և ռադիոյում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններ չկան, սակայն խնդիր կա գնային առաջարկների թափանցիկության ու օրենսդրական բացթողումների հետ կապված։ Պարզ ասած, ինտերնետում գովազդը վերահսկող մարմին չկա:

jam-news.am