Ինչո՞ւ ձախողվեցին Windows Phone սմարթֆոնները
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ ձախողվեցին Windows Phone սմարթֆոնները

Windows Phone սմարթֆոնների ձախողման մի քանի պատճառ կա, որոնց թվում կարևոր տեղ է զբաղեցնում այն, որ բջջային օպերատորները կորցրին հետաքրքրությունն օպերացիոն այս համակարգի նկատմամբ, որով աշխատում էին այս սմարթֆոնները: Այս մասին գրում է Windows Latest պարբերականը՝ վկայակոչելով Microsoft-ի Windows Phone հեռախոսների մշակման բաժնի նախկին ղեկավար Բրենդոն Ուոթսոնի խոսքերը։

Միացյալ Նահանգներում և եվրոպական մի շարք երկրներում բջջային օպերատորները հաճախ միտված են լինում իրենց հաճախորդներին վաճառել մրցունակ գներով պահանջարկ ունեցող սմարթֆոններ, ինչը մեծապես որոշում է շուկայում որոշ մոդելների հաջողությունը: Այնուամենայնիվ, ըստ Ուոթսոնի, օպերատորների հետաքրքրությունը Windows Mobile սարքերի նկատմամբ կարճ տևեց՝ ընդամենը մի քանի շաբաթ, ինչից հետո նրանք վերադարձան iPhone-ների և Android-ով աշխատող ֆլագմանային հեռախոսներին նախապատվություն տալուն, ինչի հետևանքով Nokia-ի Lumia սարքերը դուրս մղվեցին երկրորդ պլան։

Բացի դրանից, Windows Phone-ի ձախողման կարևոր գործոնը, ըստ Microsoft-ի նախկին թոփ-մենեջերի, եղել է հավելվածների համեմատաբար համեստ գրադարանը՝ համեմատած iOS-ի և Android-ի հետ: Հավելվածների խանութի զարգացման սահմանափակումները, այդ թվում՝ երրորդ կողմի մշակողներին Microsoft-ի կողմից ցուցաբերվող ոչ պատշաճ աջակցությունը, վճռորոշ խոչընդոտ դարձան օգտատերերի ներգրավման համար:

«Իրականում կարծում եմ, որ մեր պատմության մեջ ամենամեծ խնդիրն այն էր, որ մենք թույլ չտվեցինք մշակողներին օգտագործել այն գործիքները, որոնք մենք էինք օգտագործում ընկերության ներսում»,- ասել է Ուոթսոնը: