Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քրիստոնյա Փաշինյանն ի՞նչ գիտի, որ Կաթողիկոսը զավակ ունի: Մոմ է բռնե՞լ: ԴՆԹ անալիզ է արե՞լ: Թե՞ ԱԱԾ-ն է զեկուցել: Եթե ԱԱԾ-ն է, ապա ինչո՞ւ է միայն քրիստոնյա Փաշինյանին զեկուցել: Միայն Փաշինյա՞նն է քրիստոնյա:
Իսկ եթե զեկուցել է վարչապետին, ու վարչապետն է այս հարցը բարձրացնում, ապա Սահմանադրության խնդիր կա:
Ժողովուրդ, լիքը դեպքերում օրենքն ու արդարությունը իրար հետ չեն բռնում: Երկու կին ունենալն արդա՞ր է: Իսկ Սաուդյան Արաբիայու՞մ: Կամ, որ Նիկոլը Ռադիոյի դուռն էր կոտրում, կարող է որոշների համար արդար էր, բայց անօրինական էր, չէ՞:
Մենք, անկախ վարչապետի կասկածներից կամ փաստերից, պետք է օրենքի մեջ մնանք:
Օրենքը ձեր ձեռքին է, այ իշխանություն ջան, պառլամենտում մեծամասնություն եք: Դրեք օրենքներն ու Սահմանադրությունը փոխեք ու ձեր սխալը/ճիշտը օրինական ճանապարհով տարեք:
Վաղը էս անօրինականությունը դնելու են մեր պետության դեմը:
Երբ 1996-ին ասում էինք (ես այն ժամանակ ԱԺՄ-ի կողմնակից էի) չի կարելի Ազգային ժողովի վրա հարձակվել, մեզ չլսեցին: Դե, եթե մի անգամ կարելի էր, արեցին հոկտեմբերի 27, նոյեմբերի 9-ից հետո ռոբենք մտան պառլամենտը ավերեցին: Եթե 1996-ին մենք թույլ չտայինք հարձակվեին Բաբկեն Արարքցյանի վրա, ապա Արարատ Միրզոյանի վրա չէին հարձակվի: Այսօր մեր հանրության մի մասը ատում է Կաթողիկոսին, մյուս մասն ասում է, որ Եկեղեցին անձեռնմխելի է և ոչ մի դեպքում չի կարելի դիպչել: Բայց քչերն են խոսում օրենքից ու Սահմանադրությունից: Ով եկավ` Սահմանադրություն փոխեց` իրեն հարմարեցնելով: Հիմա էլ՝ Կաթողիկո՞ս:
Բա մեր պետությո՞ւնը։ Ո՞վ պիտի մտածի, որ գալու է վաղը և գալու են նոր իշխանություններ, որ ամեն մեկը իրեն հարմար Սահմանադրություն ու Կաթողիկոս փոխի, ու՞ր կհասնի:
Մենք մեր երեխեքի մասին մտածու՞մ ենք: Ի՞նչ են սովորում ու սովորելու մեզնից:
Օրենք է խախտե՞լ սրբազանը՝ պատժեք: Կասկածում եք, որ Կաթողիկոսն է Օրենք կամ Սահմանադրություն խախտե՞լ` դիմեք դատարան: Բայց ո՞նց թույլ տանք, որ մեր պետությունը Սահմանադրություն խախտի:
Բա մեր պետությունը վաղն ի՞նչ է անելու»:







