Երևանի Վարդաշեն թաղամասում երկու տների փլուզումների պատճառը ձյան ծանրությունն է եղել։ Այս մասին փետրվարի 20-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեցին այն երկու տան բնակիչները, որոնցից մեկի տանիքը, իսկ մյուսի պատն էր փլուզվել։
Նրանցից մեկի խոսքով՝ իրենք դիմել են թաղապետարան՝ պատը նորմալ վերանորոգելու համար, սակայն ոչ մի պատասխան։
«Աշնանը մի կողմը փլուզվել էր էլի ձյան ծանրության պատճառով: Այս մեկն էլ այս գիշեր փլուզվեց։ Թաղապետարան ենք դիմել, որ ինչ-որ բանով օգնեն մեզ, վերանորոգենք, բայց պատասխան դեռ չկա»,-ասաց Վարդաշենի 11-րդ փողոցի բնակիչ Սիրանուշ Ազիզբեկյանը, ում տան պատն է փլուզվել:
Նրա խոսքով՝ կողքի պատը նույնպես շուտով կփլվի, թեև սյուներ են դրել. «նաև վախենում եմ, որ պատի վրայով անցնող գազատարը կպայթի»:
Նույն թաղամասի՝ Գ.Մահարի փողոցի վերջնամասում փլուզվել էր տան տանիքը, ու էլի ձյան ծանրությունից: «Ձյան ծանրությունից տանիքն ընկել է։ Հոսանք չունեինք, լարերը վնասվել էին։ Պատերի կողքերը ճաք է տվել, ներքևի քարերն ընկել են հարևանների տների դիմաց։ Սաղ տունը ճաքերի մեջ է»,-ասաց տանտերը՝ Ա. Դ.-ն։
Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին ԱԻՆ ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Վարդաշեն թաղամասի 11-րդ փողոցի տներից մեկի քարե պարիսպը փլուզվել է։ Նույն օրը ահազանգ է ստացվել նաև, որ Երևանի Գ. Մահարու փողոցի տներից մեկի (երկհարկանի) տանիքը ձյան ծանրությունից փլուզվել է, սյուները թեքվել են դեպի մոտակա տները: Տան բետոնյա ծածկը և քարերը պոկվել, ընկել են թիվ 105 տան տանիքին, ինչի հետևանքով վնասվել է նաև տանը կից բնակելի շինության տանիքի ծածկը՝ մոտ 12 քմ, ինչպես նաև փակվել թիվ 101 տուն տանող ճանապարհը: