Երբ հոգևոր իշխանությունը ծառայեցվում է աշխարհիկ նպատակների. aravot.am
Advertisement 1000 x 90

Երբ հոգևոր իշխանությունը ծառայեցվում է աշխարհիկ նպատակների. aravot.am

ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանն արդեն երկրորդ գիրքն է հրատարակել, այն կոչվում է «Զրոյական կետ»:

Թեև «պաշտոնական» շնորհանդեսը դեռ չի կայացել, սակայն գիրքը լուրջ հետաքրքրություն է առաջացրել՝ արծարծվող թեման համամարդկային է: «Առավոտի» հետ զրույցում հեղինակը որոշ «փակագծեր բացեց»՝ գրքի բովանդականության մեջ թաքնված մի քանի զրոյական կետերի վերաբերյալ, որոնք հանրագումարում միավորվում են ամենագլխավոր զրոյական կետի շուրջ: Նարեկ Մալյանը նշում է, որ, ցավոք սրտի, կան կետեր, որոնցից հետո պատմության ընթացքում քաղաքակրթությունն անդառնալիորեն փոխվում է դեպի վատը, իսկ դրանց արձագանքները ի դերև են ելնում 1000, իսկ ավելի կոնկրետ՝ 920 տարի անց:

«Մարդիկ, որոնք 100-ավոր տարիներ առաջ փորձում էին հոգևոր իշխանությունը ծառայեցնել աշխարհիկ նպատակներին, երևի չէին էլ ենթադրում, որ դարեր հետո իրենց փորձը կդառնա հիմքը մահապարտ ահաբեկչության, որը 21-րդ դարում համարվում է քաղաքակրթական աղետ, ուռուցք: Իսկ գրքի ուղերձը հետևյալն է՝ իրական հավատը սերն է, քանի որ Աստված սեր է, և շատ դեպքերում ծիսակարգային պայմանականությունները հեռացել են իրենց բուն նպատակից՝ Աստծուն ճանաչելուց, Աստծո հետ հաղորդակցվելուց, հեռացել են ու աշխարհիկ բնույթ են ստացել: Ինչպես առաջին գրքում՝ «Սոդոմի PR»-ում, այնպես էլ «Զրոյական կետում» շատ մեծ տեղ է տված հասարակական մանիպուլյացիաներին: Ընդ որում, եթե առաջին գրքում դրանք ժամանակակից աշխարհի մանիպուլյացիաներ էին, որտեղ կային ժամանակակից գործիքներ` հեռուստատեսություն, ինտերնետ և այլն, ապա այս դեպքում խոսքը գնում է ավելի հին գործիքակազմի մասին, այսինքն՝ 11-րդ դարում ստեղծված և իրականացված երկու PR-արշավների մասին է խոսվում»,-նշում է Նարեկ Մալյանը:

Հետաքրքրվեցինք՝ իսկ ինչո՞ւ է ներկայիս ահաբեկչությունների, արյան ու պատերազմների դարում, հենց փարիզյան ահաբեկչության դրվագը շեշտադրվել գրքում: «Բանն այն է, որ գիրքը ծնվեց փարիզյան ահաբեկչության դեպքերի համատեքստում, ես անձամբ շատ ծանր տարա կատարվածը, վստահ եմ՝ մեր հայրենակիցների մեծ մասը նույնպես: Խոշոր ահաբեկչական գործողությունները երբեք հայերիս այդքան մոտ չէին եղել, ինչքան փարիզյան դեպքերի ժամանակ: Երբ ես սկսեցի հետազոտել, թե փարիզյան դեպքերն ինչ արմատներ ունեն, ի զարմանս ինձ՝ հայտնաբերեցի, որ ուղիղ 920 տարի առաջ նոյեմբեր ամսին Ուրբան պապը Նոտերդամում իր քարոզով սկիզբ է դրել հոգևոր պատերազմի, «սրբազան պատերազմի», որը դարերի ընթացքում շատ տրանսֆորմացիաների ենթարկվելով՝ ի վերջո վերադարձել է Փարիզի կենտրոն:

Գիրքը սկսվում է պատարագով՝ 1095 թվականին և վերջանում է պատարագով՝ 2015 թ: Ուղղակի բարակ համեմատական գիծ է տարվում ժամանակակից աշխարհի և միջնադարյան կրոնական ֆանատիզմի միջև, զուգահեռն էլ բնավ ի նպաստ քրիստոնյաների չէ: Շատ դեպքերում կաթոլիկները կրոնական մոլեռանդության առումով պակաս վայրագ չեն եղել, որքան մահմեդական ֆունդամենտալիստները: Ասեմ ավելին, քրիստոնեական «սրբազան» պատերազմը մոտ 100 տարով ավելի հին է, քան մահմեդական ջիհադը:

Մի հետաքրքիր բան էլ իմացա ուսումնասիրության արդյունքում՝ առաջին ջիհադի զոհերը Եդեսիայի հայերն են եղել, որոնց որպես քրիստոնյաներ են կոտորել»,- փաստում է գրքի հեղինակը: Նա հավելում է, որ Փարիզի ահաբեկչությունից հետո՝ այն պատկերը, որ մտքում ուներ, փորձել է առանց պաթոսի հանձնել թղթին, որպեզի մարդիկ այլ տեսանկյունից նայեն այդ ամենին:

«Ուրբան պապը գլուխը բարձրացրեց վեր ու նայելով եկեղեցու առաստաղի գունազարդ նախշերին՝ գոչեց.

– Արդ, ժա՛մն է պաշտպանելու մեր եղբայրներին ու քույրերին: Ժա՛մն է արդար հատուցման, ժա՛մն է Աստծո արդարություն հաստատելու Սուրբ հողում և ամբողջ աշխարհում: Ի զե՛ ն, ի՛մ սիրելի հավատացյալ հոտ:

– Դու լե վո՛ւ, – ի պատասխան գոռաց ամբոխը: Ալիք-ալիք տարածվում էր բազմության ձայնը: Մարդիկ վրդովված էին, բարկացած: Նրանք համամիտ էին Ուրբան 2-րդի հետ, որ այլևս անկարելի է հանդուրժել նման վերաբերմունք քրիստոնյաների նկատմամբ»,-այսպես է ազդարարվում քրիստոնեական «սրբազան պատերազմը» «Զրոյական կետում»:

Գիրքը «դու լե վու»-ով էլ ավարտվում է. «Ալին բարձր ձայնով լաց էր լինում` ծնկի եկած Նոտր-Դամ տաճարի դիմաց տեղադրված Փարիզի կենտրոնը նշող քարի վրա: Այդ քարը միակ բանն էր, որ հիշեցնում էր իր մեծ ու չստացված սիրո մասին: Ալին գոռում էր, երկինք էր նայում, կարծես օգնություն էր խնդրում Ալլահից: Անշուշտ, եթե Ալին նույն բանն աներ որևէ սովորական օր, կգրավեր անցորդների ուշադրությունը, մարդիկ անպատճառ կմոտենային, կհետաքրքրվեին, թե ինչ դժբախտություն է պատահել այդ երիտասարդին, սակայն այսօր Փարիզը ժամանակ չուներ՝ կենտրոնանալու մեկ մարդու դժբախտության վրա:

Փարիզն այսօր ինքն էր ծնկաչոք սգում: Նոտր-Դամի բակում հավաքվում էր Փարիզի հավատացյալ քրիստոնյաների բազմությունը: Մարդիկ ժամանում էին եկեղեցի` փորձելով այստեղ գտնել մխիթարություն, այստեղ գտնել իրենց՝ դարեր շարունակ հուզող հարցերի պատասխանը: Տաճարի ներսում եպիսկոպոսը մատուցում էր պատարագ: Պատարագը նվիրված էր ահաբեկչության անմեղ զոհերի հիշատակին: Ոսկեթել հանդերձանքով եպիսկոպոսը քայլում էր խորանի բեմի վրա և լատիներեն օրհնության աղոթքներ ասում: «Դու լե վու, – ի պատասխան եպիսկոպոսի աղոթքներին՝ մրմնջում էին հավատացյալները, – դու լե վու…»:

Հավելենք, որ Նարեկ Մալյանի «Զրոյական կետը» արդեն մեկնել է Լոնդոն, մասնակցել նաև Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառին, նրանով հետաքրքրված են 5 արտասահմանցի հրատարակիչներ:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

 

aravot.am