Մուսուլմանական մի շարք երկրների քաղաքացիների ԱՄՆ մուտքի արգելքը, որը սահմանվել է Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից, ամերիկյան տնտեսությանն արդեն առնվազն 185 մլն դոլար գումարի վնաս է պատճառել: Ինչպես փետրվարի 27-ին հայտնել է Huffington Post ցանցային հրատարակությունը, այս եզրակացությունն է բովանդակում Գործարար տուրիզմի միջազգային ասոցիացիայի (GBTA) զեկույցը:
«Հետազոտության համաձայն, գործարար ուղևորությունների ինտենսիվությունն ԱՄՆ-ում զգալիորեն նվազեց այն բանից անմիջապես հետո, երբ Թրամփն ստանձնեց նախագահի պաշտոնը, բայց կտրուկ անկում տեղի ունեցավ նրա կողմից հունվարի 27-ին (միգրացիայի հարցերի վերաբերյալ) հրամանագրի ստորագրումից հետո»,-նշվում է հոդվածում:- ԱՄՆ-ը շուրջ 185 մլն դոլար է կորցրել գործարար ուղևորությունների ամրագրումից հրաժարվելու հաշվին»: ԱՄՆ-ի և մյուս երկրների միջև գործարար ուղևորությունների ինտենսիվությունը հրամանագրի ստորագրումից մեկ շաբաթ անց նվազել է 2 տոկոսով:
GBTA-ի հաշվարկների համաձայն, գործարար ուղևորությունների՝ տարեկան 1 տոկոսով կրճատումը կարող է հանգեցնել ԱՄՆ-ի 71 հազար աշխատատեղերի կորստի և 5 մլրդ դոլարով ՀՆԱ-ի նվազման: Փորձագետների գնահատումներով՝ մուսուլմանական յոթ երկրների քաղաքացիների մուտքի ժամանակավոր արգելքի հետևանքով միայն Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) զբոսաշրջության ոլորտը երեք տարվա ընթացքում կարող է կորցնել մոտավորապես 736 մլն դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: