ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են մարտի 1-ին Մասիսում տեղի ունեցած դանակահարության հանգամանքները, վիճաբանության շարժառիթը. կասկածյալը ձերբակալվել է: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2017 թվականի մարտի 1-ին հաղորդում է ստացվել առ այն, որ ժամը 15:50-ին «որովայնի խոռոչի թափանցող վնասվածք» մարմնական վնասվածքով բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Արարատի մարզի 1993թ. ծնված բնակիչը:
Նույն օրը դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, և ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են երիտասարդի՝ ծանր մարմնական վնասվածքներ ստանալու պատճառները, ինչպես նաև՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Արարատի մարզի 26-ամյա բնակիչ Ա. Հայրապետյանը: Կասկածյալը ձերբակալվել է և հարցաքննվել։
Հաշվի առնելով դեպքի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ դանակահարությամբ ավարտված վիճաբանությունն ունեցել է կենցաղային շարժառիթ։
Փետրվարի 28-ին հնչեցված հայհոյանքի համար տուժողը հանդիպել է կասկածյալին՝ պարզաբանումներ ստանալու նպատակով, որի ժամանակ բռունցքով հարվածներ և դանակի մեկ հարված է հասցվել տուժողին։
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել ականատես վկաներ։
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում դեպքի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: