Հայաստանում առաջին անգամ անցկացվեց մեկօրյա կրթական ճամբար կանանց և աղջիկների համար, ովքեր հետաքրքրված են տեխնոլոգիաներով ու գործարարությամբ: Ճամբարի կազմակերպիչն էր Girls in Tech Հայաստանը՝ ISTC Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) և USAID-ի հետ համագործակցությամբ:
ISTC Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում հավաքված մոտ երկու տասնյակ կանայք և աղջիկները փորձեցին հասկանալ, թե սեփական ես-ի ո՞ր բացասական կողմերն են խոչընդոտում համաձակությանն ու նոր քայլեր կատարելուն: Դրան հետևած մի քանի խմբային աշխատանքների և խաղերի միջոցով մասնակիցները բացահայտեցին, թե որն է իրենց տեսլականը, ինչն է խանգարում գտնել դեպի այն տանող ճանապարհը և գործող բիզնեսների վերածել գլխում պտտվող հետաքրքիր գաղափարները:
«Եթե չփորձես, չես կարող թռչել» գաղափարը հետապնդող ճամբարի թեման վստահության և ուժի կառուցումն էր: Ճամբարն առցանց վարում էր բիզնեսի և առաջնորդության խորհրդատու, Կալիֆոռնիա-Բերքլիի համալսարանի դասախոս, ամերիկյան Opportu ընկերության հիմնադիր և ղեկավար Հիլարի Վեբերը:
Հիլարի Վեբերը նշում է, որ մենք աշխարհն ու երևույթները միշտ ընկալում ենք արդեն սովորական դարձած փաստերի հիման վրա, բայց ամեն ինչ կփոխվի, եթե «նոր ակնոցներ կրենք» կամ փոխենք մեր հայացքն ու այլ շրջանակի մեջ տեղավորենք իրականությունը:
Կրթական ճամբարի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկել նորարարությունը գործարարության մեջ, նաև անդրադառնալ կառավարման ու առաջնորդության հիմքերին: Իսկ խմբային խաղերից մեկի նպատակն էր՝ համոզվել ու համոզել ներկաներին, թե ինչն է գործարարության գլխավոր խթանը:
Կրթական ճամբարի հաղթողը դարձավ «Համագործակցության» թիմը, որն առավել պատկերավոր ներկայացրեց համագործակցության առավելությունները գործունեության բոլոր ոլորտների համար:
Girls in Tech Հայաստանի գործադիր տնօրեն Սեդա Պապոյանը նշում է, որ շատ ուրախ է, որ նախաձեռնությունը հետաքրքրել է մեծաթիվ կանանց և աղջիկների:
«Վստահ ենք, որ անկախ անձի զարգացման աստիճանից՝ ճամբարի շատ հատվածներ իսկապես արդյունավետ ու օգտակար էին բոլոր մասնակիցների համար», – նշում է նա:
Նշենք նաև, որ Girls in Tech-ը շահույթ չհետապնդող համաշխարհային կազմակերպություն է, որի նպատակն է՝ ներգրավել, կրթել և առաջ մղել տեխնոլոգիաներով հետաքրքրվող կանանց և աղջիկներին: Այն հիմնվել է 2007 թվականին Սան Ֆրանցիսկոյում Ադրիանա Գասկոինի կողմից և այժմ ավելի քան 60 մասնաճյուղերով գործում է աշխարհի տարբեր երկրներում՝ իր շուրջ համախմբելով մոտ 50.000 անդամ: Girls in Tech-ի Հայաստանի մասնաճյուղը հիմնվել է 2016 թվականին Սեդա Պապոյանի կողմից:
Սիրարփի Աղաբաբյան