Հհատված դասախոսությունից
Երկու եղբայրների միմյանց դեմ ելնելը և մեկի ձեռքից մյուսի զոհվելու պատմությունը: Այս կտորը, այս օղակը ամբողջ առասպելական շղթայի, մշակել և մեկնաբանել է առաջին մեծ ողբերգակը` Էսքիլեսը, իր «Յոթն ընդդեմ Թեբեի» ողբերգության մեջ: Ինքն իր մեջ ավարտված ողբերգություն, այսինքն` դրամատիզմի այն ծայրահեղ աստիճանն է, որը ողբերգական է, երբ եղբայրները պետք է իրար սպանեն. ավելի ողբերգական ի՞նչ պետք է լինի: Ինքն իր մեջ փակված ողբերգություն է: Թվում է, թե ավարտված է ողբերգությունը: Սոֆոկլեսը գտնում է այս իրավիճակի մեջ հետագա ողբերգական զարգացման հնարավորություն` շնորհիվ այն բանի, որ եղբայրներն, այնուամենայնիվ, իրար սպանեցին, բայց մնացել են երկու քույր, դուստրերը` Անտիգոնեն և Իսմենեն: Այս ահա անսպասելի ողբերգական ծռմռության բեկումը, անսպասելի Էսքիլեսի համար, պատկանում է ամբողջովին Սոֆոկլեսին: Ինքն է տեսել, ինքն է մշակել ողբերգության` այդ հնարավորությունը: Սոֆոկլեսի հայտնագործությունն է և նրա պատգամը ամբողջ համաշխարհային գրականության հերոսների դեմ: Եղբայրների մահվանից հետո թագավորը` ձեզ արդեն ծանոթ Կրեոնտը, որոշում է Էթեոքլեսին թաղել որպես ազգի, ժողովրդի հերոս, հայրենիքի պաշտպան, իսկ Պոլինիկոսին պետք է պատժել, շատ էլ թե դիակ է: Հունական պատկերացումներով այդպիսի բարձրագույն պատիժը, բարձրագույն անարգանքը, որ կարելի է հասցնել մահացած մարդուն անթաղ թողնելն է: Ուղղակիորեն պարտադիր չէ, գիտեք, որ հատուկ ասես, որ թռչունները, վայրի անասունները թող գան քեզ հոշոտեն, էդ ենթադրվում է, որ այդպես կլինի: Բայց պատիժը էդ չէ` վայրենիների հոշոտելը, այլ` անթաղ թողնելը: Ուրեմն, ուղղակիորեն անթաղ թողնել նրան: Եվ որպեսզի օրենքը չխախտվի, պահակ կանգնեցնել դիակի վրա: Այս է ահա նախնական իրավիճակը, որը մտցնում է մեզ Սոֆոկլեսի ողբերգության մեջ: Անտիգոնեն` քույրը Պոլինիկոսի, սիրում և պաշտում էր իր եղբորը, և հիմա նրան անարգում են: Ի՞նչ պիտի անի` անարգանքից փրկի եղբորը: Ինչպե՞ս: Գնում է քրոջ` Իսմենեի մոտ: Եվ առաջին բախումը այս երկու կերպարների, երկու տիպերի: Անտիգոնեն համարձակորեն ուզում է կատարել իր պարտքը և անարգանքից հանել եղբորը, Իսմենեն, որ նույնպես սիրում է եղբորը, բնականաբար, էլի պատրաստ է օգնելու, բայց վախկոտ է և հուսահատված, ու խուսափում է: Հետո կուզի: Կգա ժամանակը, երբ Իսմենեն կասի` ես էլ քեզ հետ եմ եղել: Անտիգոնեն կասի` չէ, հիմա քո զոհաբերությունը պետք չէ, զոհաբերություն չանես: Այդպես ձեր հիշողության մեջ թող մնա` Անտիգոնեն` այդ համարձակ աղջիկը և Իսմենեն` նրա վախկոտ քույրը:
Ի՞նչ պիտի անի: Մենակ մնացած աղջիկ է: Փոս փորի, մեջն իջեցնի՞: Չէ, անարգանքից փրկելու համար բավական է մի բուռ հող լցնես դիակի վրա. մի բուռ հողը բավական է, որպեսզի անարգանքը հանվի: Ուրեմն, գալիս ասում են, թե անհայտ մարդիկ թաղման ծես են կատարել Պոլինիկոսի դիակի վրա: «Անմիջապես ուժեղացնել պահակախումբը», – հրամայում է Կրեոնտը, և հետո նրա մոտ են բերում բռնված Անտիգոնեին: Ուրեմն, մեզ հետաքրքրող իրավիճակն է` Կրեոնտ և Անտիգոնե: Ընդհանրապես, մեկնաբանության մեջ այս ողբերգության դարեր շարունակ և ձեր կարդալիք որոշ նյութերում ևս այսպիսի մի մեկնաբանություն կա, որ ահա Կրեոնտը` բռնակալ, հրեշ, վայրենի, դաժան, դահիճ, Անտիգոնեն` հերոսուհի, պայծառ, մաքուր, այսինքն` Անտիգոնեն պայքարում է բռնակալության դեմ: Մենք պիտի այլ կերպ ընկալենք: Անցյալ դարի մեծ գերմանացի մտածող Ֆրիդրիխ Նիցշեն ասում էր. «Եթե ուզում ես պայքարել թշնամու դեմ, ինչ ես դու նրան սեպի մեջ խրում, որ թավալ չգա քո թշնամին, ընդհակառակը, բարձրացրու նրան, աստվածացրու և այդ բարդ աստվածության դեմ սկսի քո կռիվը»: Թշնամու դեմ այդպես են պայքարում: Այնպես որ, թույլ տվեք հիմա էլ ես Կրեոնտին այդ կապանքներից ազատեմ և փորձեմ հասկանալ, թե ինչ է Կրեոնտի թշնամությունը, որովհետև ես անցյալ անգամ ասել եմ ձեզ. որ իրավիճակը գոյություն ունի այնքան ժամանակ, որքան ուժերը հավասարակշռված են, հետո պիտի խախտվի, որպեսզի իրավիճակը փոխվի: Բախվող ուժերը հավասար են: Ոչ թե ճշմարտությունը ստի դեմ, սևը` սպիտակի դեմ, այլ երկու ճշմարտություններ պետք է պայքարեն: Հունական ողբերգությունը սա է ասում: Կրեոնտը թագավոր է, իր ընտրած օրենքները պետության օրենքներն են: Պետությունն առանց օրենքի գոյություն ունենալ չի կարող: Անցյալ անգամ տեսանք, որ այդ գաղափարը կա: Էսքիլեսը. Աթենաս Պալասը ոչ թե իր աստվածային ուժով է փրկում Օրեստեսին, այլ` դատական ատյանը, այսինքն` օրինականությունը, օրենքը, որպես պետության հիմք արդեն գտնված է հունական գրականության մեջ: Սկիզբը դրված է: Պետական օրենքն ասում է` սրան թաղել, սրան թողնել անթաղ, որովհետև ժողովրդի թշնամին է: Ի՞նչ պետք է անի իսկական արդար իշխանավորը, ի՞նչ պիտի անի Կրեոնտը: Պատժի, չէ՞, օրենքը խախտողին պատժի: Ասում են օրենքը օրենք է բոլորի համար` վերից վար, առանց բացառության: Բերում են Անտիգոնեին: Ամեն ինչ սպասում էր Կրեոնտը, ինչ-որ ավազակներ, ինչ-որ սրիկաներ, ինչ-որ Պոլինիկոսի օտար լրտեսներ եկել, այս բանն արել են, որպեսզի սասանեն նրա պետությունը: Չէ, դեմը կանգնած է ձեր տարիքի մի հրաշք աղջիկ: Այն էլ ոչ թե հենց էնպես աղջիկ, այլ իր ապագա հարսնացուն, իր միակ որդու նշանածը: Տեսեք, թե ինչ ծանր ողբերգական վիճակի մեջ է գտնվում Կրեոնտը: Ընդհանրապես մենք խոսում ենք Անտիգոնեի ողբերգության մասին, բայց տեսեք, թե ինչ ողբերգություն է ապրում Կրեոնտը: Եվ տեսեք ինչ է անում Կրեոնտը: Երեք հարց է տալիս Անտիգոնեին. առաջինը` դու՞ ես կատարել այս հանցանքը: Տեսեք, սողոսկելու հնարավորություն է տալիս. ասա` չէ, չէ, առիթ եղավ, հիշեցի գողականներին` «սուխոյ ատկազ»: Բայց Անտիգոնեն «բլատնոյ» օրենքներից դուրս է: Շատ կարևոր հարց է: Այլևս տեղ չունի, ասում է. ինչ կարող ես ասել քեզ արդարացնելու համար: Ասա, որ հիմար աղջիկ եմ, այո, գիտեի, որ արգելված է, բայց էլ չեմ անի, մի բան ասա, փրկվի: Քեզ հնարավորություն է տր-վում: Ասում է, ես արդարանալու բան չունեմ, որովհետև քո օրենքներից զատ ուրիշ օրենքներ կան, և ես դրանց եմ ենթարկվում: Կրեոնտն ամեն ինչ անում է, բայց այնպիսի պատնեշ է, որ միակ բանը, որ կարող է անել, զնդան ուղարկելն է: Ինչ պետք է անի իսկական, արդար արքան, եթե լսում է, որ ժողովուրդը դեմ է: Արդեն երկուսուկես հազար տարի է բոլոր իշխանավորներն այսպես, թե այնպես փորձում են այս հարցին պատասխանել: Ոչ մի իշխանավոր չի ասում, որ ինքը ժողովրդի դեմ է, այդպիսի բան չկա: Ուզում ես 1600 կուսակցություն ունեցիր, ամեն մեկդ մի կուսակցություն ունեցեք, բոլորդ ասում եք` հանուն ժողովրդի: Աշխարհի բոլոր հիտլերները, ներոնները, ստալինները հանուն ժողովրդի են:
Ասում ես, բա ոնց թե, բա կոտորել ես, էս ես արել… Այո, կոտորել եմ` հանուն ժողովրդի, ընդդեմ ժողովրդի: Այսինքն` ժողովուրդը պատրաստ չէ, ազատության պատրաստ չէ, չգիտեմ` անկախության պատրաստ չէ: Ժողովուրդը, այո, ես հանուն ժողովրդի եմ անում, բայց երբ պետք է, ես դեմ կկանգնեմ ժողովրդին` հանուն այդ իսկ ժողովրդի: Այս հազարավոր տարիներ տևող խնդիրը, որն առաջին անգամ դնում է Սոֆոկլեսը Կրեոնտի առաջ, և Կրեոնտն ասում է` հանուն ժողովրդի` ընդդեմ ժողովրդի, մանավանդ, որ ինձ հետ են աստվածները: Այնպես որ ես մնում եմ իմ դիրքերում:
Բայց ողբերգությունը պահանջում է շարժում, նոր ուժ: Հայտնվում է մեզ արդեն ծանոթ Տերեզիասը` պատգամախոսն ու իմաստունը: Նրա ասածը Կրեոնտին սա է. «Գիտե՞ս ինչ, աստվածները համաձայն չեն որոշմանդ, դժգոհ են»: Ի՞նչ պիտի անի Կրեոնտը: Կրեոնտը կարող է իր մեջ ուժ գտնել և պարտավոր է հայտարարելու ոչ միայն հանուն ժողովրդի` ընդդեմ ժողովրդի, այլև հանուն աստվածների` ընդդեմ աստվածների: Համաշխարհային գրականությունն ուրեմն լեփլեցուն է ոչ միայն հավատքով և աստվածաբանությամբ, այլև ըմբոստացմամբ: Հիշենք մեր Ֆրիկին: Գանգատվում է: Այդպես, այն ժամանակներից սկսած մինչև Պետրոս Դուրյան` տրտունջք է, էլ չեմ ասում ողջ համաշխարհային գրականության մեջ:
Ի դեպ, ամբողջ մի ուսմունք կա, էսպես կոչված` թեոդիցիա, որի մեծագույն փիլիսոփա ներկայացուցիչը գերմանացի մտածող Լայբնիցն էր, թեոդիցիա` Աստծու արդարացում, պետք է ճանապարհը գտնեք արդարացնելու համար, բացատրելու համար, թե ինչպե՞ս է, եթե Աստված բարի է, այսքան չար կա, որտեղի՞ց: Գուցե այն պատճառով է, որ այդ չարությունից բարություն պիտի ծնի Աստված: Մարդը չի հասկանում: Ուրեմն, այո, Աստծո կատարածների մեջ այն կա, ինչը որ մարդը չար կարող է համարել: Դրա համար պետք է թեոդիցիա` Աստծո արդարացում, բայց քանի որ այդ Աստծո արդարացումը դեռևս չկա, Աստծո դեմ բողոքում են: Աստված թույլ է տվել, որ չարը հաղթանակի, ուրեմն կարելի է ասել. «Տե՛ր իմ, դա սխալ է, ես բողոքում եմ, ես ըմբոստանում եմ»: Պատկերացրեք, թե ինչքան ավելի հեշտ է այս ըմբոստացումը, երբ Աստված մեկը չէ, ինչպես բոլոր մեծ կրոններում, այլ բազում են, բազում: Եվ ոչ միայն, ասենք, տասներկու աստված ունեցող Օլիմպոսը, այլ այդ տասներկուսի կողքին կան բազմաթիվ այլ աստվածներ` տեղային, արհեստի աստվածներ: Դուք տեսել եք արդեն, որ կարող է սխալներ գործել ինքը Զևսը` Պրոմեթևսի դեմ: Այնպես որ, ինչու՞ չէ, Կրեոնտ, կարող ես ասել: Դու մի քիչ առաջ գտար պատասխանը. այո, ժողովրդի համար ես անում, այո, ժողովրդին պետք է պաշտպանել, այո, պետք է պատժվի հանուն ժողովրդի` ընդդեմ ժողովրդի, հանուն աստվածների` ընդդեմ աստվածների: Այդքան ուժ գտնում է իր մեջ Կրեոնտը: Բայց սա դեռ վերջին հարվածը չէ: Իշխանավորը կարողացավ ապացուցել, որ իշխանական օրենքը անսասան է: Հիմա մեկ ուրիշ բան` մեռածի դեմ մեռած ես ունենալու: Եթե իմ պատգամախոսական խրթնաբանությունը բացատրեմ, կնշանակի, եթե մեռնի Անտիգոնեն, կմեռնի նաև քո միակ զավակը` Հեմոնը:
Հիմա տեսեք ինչ է կատարվում: Կրեոնտը, որպես իշխանավոր, բոլոր հարվածներին դիմադրեց: Հիմա պետք է նրան տեսնեք արդեն ոչ որպես իշխանավոր, այլ որպես սովորական մի մարդ և հայր: Քանդվեց նրա պետական անսասանությունը. Մարդ, Միակ որդին: Նետվում է այնտեղ զնդան, ազատի, ազատի, ի վերջո, ազատի որդուն, բայց Անտիգոնեն արդեն անձնասպան է եղել, և դիակի մոտ կանգնած է Հեմոնը: Տեսնում է Հեմոնը այն մարդուն, ով, այո, այս պահին նրա աչքերում դաժան բռնապետ է և մահվան հասցրեց իր սիրեցյալին: Դուրս է քաշում սուրը հարվածելու համար այդ ճիվաղին, բայց այդ ճիվաղը իր հայրն է: Եվ միակ բանը, որ Հեմոնը կարող է անել, սուրն իր դեմ ուղղելն է: Մեզ կմնա մտածել, թե ինչ կատարվեց և որ ճշմարտությունը հաղթեց:
Ինչու՞ իսկապես Անտիգոնեն այս քայլը կատարեց: Առաջին անգամ այս խնդրին փորձեց պատասխանել անցյալ դարի սկզբում հրատարակված իր առաջին մեծ փիլիսոփայական աշխատության մեջ մեծագույն փիլիսոփա Հեգելը: Նա քննության առավ հարազատական հարաբերությունները: Շատ պարզունակ ձևով, ենթադրենք, վերցնում ենք աստիճանաբար տարբեր հարաբերություններ` կին և ամուսին: Միասին, ես ինչ գիտեմ, հիսուն տարի են ապրում, ոսկի հարսանիք են անում և այլն և այլն: Կին և ամուսին, դրանից ավելի մոտ մարդի՞կ, բայց ներքին թշնամություն ունեն: Արդեն իսկ կին և տղամարդ, արդեն իսկ կռիվ է: Սիրել չի նշանակի միայն փաղաքշել, սիրել կնշանակի նաև հաղթել: Առանց էդ կռվի սեր չի լինի: Բայց հարաբերության մեջ կա այնպիսի որդ, որը կարող է հասցնել ողբերգության: Փոքրիկ, կենցաղային ողբերգության, ասենք` ամուսնալուծության, և կամ` մեծ: Նշանակություն չունի: Չափերը նշանակություն չունեն: Որդը կա: Խախտումը հարաբերության մաքրության սկզբից ևետ դրված է: Կամ, ասենք, ինչ կարող է լինել ավելի մոտ, քան երկու զավակները: Բայց ձեր ամենօրյա օրինակը աչքներիդ առաջ է: Ես, որ և հայր եմ, և պապ եմ և, այսպես ասած, ամբողջ ցիկլը անցել եմ մարդկային, շատ լավ հասկանում եմ` իրոք, իմ ուզածը լավն է, չէ՞: Բայց էն, ինչ որ ես լավ եմ կարծում, քեզ համար լավ չէ: Ի՞նչ ես ուզում, հանգիստ թող ինձ: Այո, լավ է, այո, բայց ինձ համար չէ: Ուրեմն, այս է խնդիրը: Դուք էլ գիտեք, չէ` հայր ու որդի, ուրեմն այս չհասկանալը, նաև այս սերունդների տարբերությունն իր մեջ արդեն պարունակում է հնարավոր ողբերգական բախում: Այսինքն` հարաբերությունները բացարձակ մաքուր չեն: Եվ կամ` եղբայր և եղբայր: Մինչև հիմա մենք, երբ ներկայացնում ենք որևէ մտերիմ ընկերոջ, ասում ենք` ախպերս է: Ասում ենք, բայց հո մենք գիտենք, որ եղբայրների մեծագույն մասը ընկեր էլ չեն: Այո, լավ է, երբ ընկերը եղբայր է, բայց ինչքան ավելի լավ կլիներ, եթե եղբայրը ընկեր լիներ: Կամ երկու քույրեր: Ինչ կարող է դրանից լավ լինել: Իսկ եթե դուք երկուսով սիրեք մի տղայի՞: Պատկերացնու՞մ եք, ինչ ծանր բան է, մեծ ողբերգություն է: Այսինքն` հարաբերության մեջ, այդքան մարդկանց հարաբերության մեջ մեկ էլ տեսար փչացման որդը կա: Ողբերգությունը ծնունդ է առնում, ծիլը կա: Կան, իհարկե, լավ քույրեր, բայց այդ ողբերգության ծիլը կա, մնում է:
Հեգելը գալիս է այն եզրակացության, որ հարաբերության միակ գիծը, որը մաքուր է մնում, քույր-եղբայր հարաբերությունն է: Այնպես որ «Անտիգոնե» ողբերգությունը և, թե ինչու է այդ բանն անում Անտիգոնեն, կարելի է բացատրել և այն բանով, որ ամենասուրբ և ամենամարդկային զգացումը չարատավորելու համար քույրն ամեն ինչ կարող է անել: Չկարծեք, որ Հեգելը այնքան միամիտ է, որ չհասկանար նաև, որ քույր-եղբայր հարաբերությունը ներքնապես նաև վտանգավոր է, որ մեկը կին է, մյուսը` տղամարդ: Մի քանի անգամ գրականության մեջ, էլ չեմ ասում կյանքում, պատահել է ահա, որ տեսել եմ ահա այս հարաբերության ողբերգական արտահայտությունները: Բայց Հեգելն ուզում է ասել, որ այս բոլոր հարաբերությունները պետք է վերցնել իրենց իդեալական մակարդակում:
Իսկ հիմա դառնանք Անտիգոնեին:
…Այն պահից, երբ իմ ճշմարտությունը բախվում է պետական ճշմարտությանը, սկիզբ է առնում ողբերգությունը: Անտիգոնեի դեպքը հենց դա է. նա դեմ է կանգնում պետական օրենքին: Եվ հիմա նա ոչ թե ցնդածի մեկն է: Նա առաջին քաղբանտարկյալն է: Հիմա, ինչպես են պահում իրենց քաղբանտարկյալները: Դրանք այն մարդիկ են, ովքեր հետագայում մասամբ դառնում են հերոսներ. ես դեմ եմ կանգնել պետության օրենքին` ես հերոս եմ: Մեր գիտցած այդ ըմբոստ հոգին, երբ նրան բռնեցին և ասում են հոպ, հիմա քեզ կկրակեմ կսպանեմ: Ասում է` կրակիր, սպանիր: Հիմա, մեր Անտիգոնեն, մեր այդ 27-րդ պատվի կոմիսարը չէ և այդպիսի բաներ չի ասում: Ահա, տանում են հիմա նրան զնդան: Ինչ-որ շարժումներ չի անում, հերոսական ճառեր չի արտասանում, որոնց հետո, գիտեք, ասում են` վերջին խոսք: Ասում են, թե ինչու երեսունյոթ թվին Բուխարինը ուրեմն հերոսական ճառ չարտասանեց, իսկ Դիմիտրովը Սոֆիայում արտասանեց: Հերոսական ճառ: Մեր Անտիգոնեն այդպես չի անում: Ընդհակառակը, նրան ասում ես` սա՞ է հերոսուհին: Այո, դա է: Ուրեմն ձեր տարիքի աղջիկ է: Կյանքը ինչ բան է` դեռ չի տեսել: Սիրել է, բայց դեռ չի ըմբոշխնել դրա քաղցրությունը: Նա ուզում է ապրել, նա ուզում է սիրել, երեխաներ ունենալ, լաց է լինում: Տանում են` լալիս է էս աղջիկը: Ոնց թե, դու հերոսուհի՞ ես, ինչ ես լալիս: Եվ, երբ մտածում ես, բա ո՞րն է այդ քո ճշմարտությունը, բա ու՞ր է քո հերոսությունը. պարզվում է, որ այսպես էլ կարելի է… Եվ նա հերոս է ոչ թե այն ճառն արտասանելու համար, ոչ թե, որ ուզեցել է պետության և օրենքի դեմ կանգնել, որովհետև այլ կերպ ապրել չի կարող: Այո, ուզում է ապրել, սիրել, մայրանալ, բայց չի կարող: Կուզեմ ապրել, կուզեմ փրկվել. էհ, արա, ասա մեղա, մեղա ասա, կամ, ինչպես մահմեդական-ներն ասում են, աման: Թուրքը որ վրադ հարձակվի, ասա աման, և կվերջանա` ամենամեծ գազանից անգամ կփրկվես: Չեմ կարող ասել, չեմ կարող: Էությունս ներքնապես պատրաստ չէ, բայց սա արդեն պայքար չէ, բախում չէ, կռիվ չէ պետության դեմ, այլ իմ եսի, իմ սրտի օրենքի հետ` իմ համաձայնության նշանը: Այդպես, ինչպես բոլոր նրանք, ովքեր երբևէ` հիմա կամ վաղը, իրենց սրտի օրենքը կհակադրեն պետության օրենքին: Պետության մեքենան ծանր տանկի նման կգա և կճզմի, կփշրի, կփշրի… Էս էլ Անտիգոնեի ճշմարտությունը: Քիչ առաջ պաշտպանում էի Կրեոնտին, կուզեք էլի պաշտպանեմ, ասեմ, թե ուրիշ ելք չունի Կրեոնտը: Ուշադրություն դարձրեք, որ արածը Անտիգոնեի մի չնչին բան է` մի բուռ հող: Ուշադրություն դարձրեք, որովհետև կանցնեն ամիսներ, և երբ ես կամ մեկ այլ մարդ կպատմի ձեզ Շեքսպիրի ողբերգությունները, երբ ասի, թե ի՞նչ եղավ, եղբայր Օթելլոյին ի՞նչ է պատահել: Թե ասում է թաշկինակը, թաշկինակը: Թաշկինակի համար մարդ է սպանել, եղբայր: Այդ թաշկինակը, Շեքսպիրի այդ թաշկինակը, այս Անտիգոնեի մի բուռ հողն է: Փոքր բան է, բայց ամբողջ իր կյանքը այս փոքրության մեջ է: Էս փոքրից է, որ մենք հիմա որոտընդոստ ճառեր ենք ասում` փոքրից: Այդ փոքրը բերում է իր հետևից ամենը, և մի բուռ հող ցանողը աշխարհը կքանդի: Իրավունք ունեմ էդպես մտածելու ես,` Լևոնս, ես` իշխանավորս, ես` Հիտլերը, Ստալինը, ես` Թալեաթը, Աբդուլ Համիդը: Ի՞նչ է, հայ ես, իսկ ես ուզում եմ թուրք պետություն ստեղծել, իսկ դու ինձ խանգարում ես, որովհետև դրամս քեզ մոտ է, առևտուրս քեզ մոտ է, հրատարակչությունս քեզ մոտ է, թատրոնս քեզ մոտ է, դպրոցական սիստեմը քեզ մոտ ավելի լավ է կազմակերպված, քան ինձ մոտ: Ի՞նչ պիտի անեմ ես` պիտի խեղդեմ, ջարդեմ, կոտորեմ` մեկուկես միլիոն, երկու միլիոն, Տեր Զորում, թե անապատում, թե եկեղեցում: Կոտորեմ հանուն փրկության: Սա այն է, ինչը որ մեր նոր ժամանակներում, այսքան վատ ժամանակներում կոչվում է արդարացման փիլիսոփայություն: Այդ փիլիսոփայությամբ ամեն ինչ կարելի է, այո, արդարացնել: Մեր պատմության մեջ էլ 66 միլիոն զոհ տվինք սիբիրներում` հանուն սոցիալիզմի: Հակառակ դեպքում սոցիալիզմը չէր հաղթի իր հավի խելքով: Բայց այդ հավի խելքը տակը ուժ ունի, քեզ խեղդելու մագիլներ ունի: Ինչ անեմ ուրեմն, ինչ անեմ: Այո, իրավացի ես, հա, արդար ես, հա կոտորիր հայերին, հրեաներին, սլավոններին, ֆրանսիացիներին, կոտորիր, կոտորիր, ազգեր կոտորիր, սոցիալիստներ կոտորիր, կամ դաշնակներ կոտորիր: Էս բոլորը, էս բոլորը գալիս է մի բուռ հողից, մի թաշկինակից, իմ մի ճիչից, իմ ճշմարտությունից, ես եմ, այդ եմ ուզում, թող ինձ հանգիստ ապրեմ, հանգիստ սիրեմ: Չի կարող, չի կարող թողնել, որովհետև այդ ապստամբությունը կործանումն է պետության: Տեսա՞ք ինչպես կործանվեց Կրեոնտը: Հենց որ իրեն մարդ զգաց` ինքն էլ կործանվեց: Եվ նույն մեքենան կգա և նույն ուժով երկուսին էլ ոտնատակ կտա, կջարդի, կկոտորի: Ինչ է դուրս գալիս, ամբողջ պատմությունը սա է, ամբողջ համաշխարհային գրականությունը սա է` Անտիգոնեի ճիչն է, Անտիգոնեի կռիվն է` հանուն իր փոքրիկ ճշմարտության, իր մի բուռ հողի, իր սիրած թաշկինակի…Ես չգիտեմ գալու՞ է, արդյոք, մի ժամանակ, երբ այս սխալ վերաճած մարդը հանկարծ հասնի հասարակական այն վիճակի, երբ շտկվեն, հարմարեցվեն, համահնչյուն լինեն իմ ճշմարտությունը և այդ հսկա պետության ճշմարտությունը: Մի ժամանակ, և դուք էլ մի կորցրեք ձեր հույսը, որովհետև առանց դրա անիմաստ է ապրել: Ես ոչ միայն բիոլոգիական հույսս եմ կորցրել, այլև մետաֆիզիկ հույսս, որովհետև, երբ դա լինի ինչպիսի գեղեցկություններ, ինչպիսի ողբերգություններ, ինչպիսի զմայլելի հենարաններ կկորցնեմ ես: Կկորցնենք պայքարը, կկորցնենք Անտիգոնեին, կկորցնենք Համլետին, կկորցնենք Օթելլոյին, կկորցնենք ինձ և քեզ` բոլորիս կկորցնենք` հանուն չգիտեմ ինչ-որ իմ և պետական օրենքի նմանության, և կկորցնենք, իհարկե, մեր այս զրույցները, մեր այս կում-կում ծարավը հագեցնելու պահանջը…
05.08.2012 թ.
Առաջին անգամ տպագրվել է «Ա-Ակտուալ արվեստ» ամսագիր #1 2004.