Հրազդանի կիրճում մարտի 6-ի երեկոյան դանակահարված երեք երիտասարդներից երկուսի վիճակը բավարար է, մեկինը՝ ծանր: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Արմենիա» ԲԿ-ի փոխտնօրեն Արսեն Գրիգորյանը: Նա նշեց, որ 21-ամյա «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամաբ հիվանդանոց տեղափոխված Հ. Հայրապետյանի վիճակը ծանր է, նրան վիրահատել են, իսկ Վ. Հայրապետյանի և Գ. Իսրայելյանի վիճակը՝ բավարար:
22-ամյա Վ. Հայրապետյանը հիվանդանոց է տեղափոխվել «ձախ կրծքավանդակի և վերին վերջույթի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ, իսկ 21-ամյա Գ. Իսպիրյանը՝ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։ Վ. Հայրապետյանն ու Հ. Հայրապետյանը հարազատ եղբայներ են:
NEWS.am-ի հետ զրույցում Պարույր Հայրիկյանը նշեց, որ դեպքը տեղի է ունեցել իր տան հարևանությամբ և դեպքի վերաբերյալ ոստիկանություն է ահազանգել իր հարազատներից մեկը: Նա լսելով աղմուկ՝ անմիջապես ահազանգել է ոստիկանություն, որից հետո դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են երեք դանակահարված երիտասարդների:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Հրազդանի կիրճից «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել 3 դանակահարված երիտասարդ: