Ներկայացնում ենք մասնագետի խորհուրդները շութերի և կոպերի եզրերի տատուաժի մասին, որոնք վերջին տարիներին մեծ տարածում են գտել:
Տատու-արտիստ Նելլի Մովսիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինչպես հոնքերի, այնպես և այս դեպքում գլխավորը մասնագետի հմտությունն է ու ազնվությունը, որպեսզի հաճախորդին ճիշտ խորհուրդներ տա և հարկ եղած դեպքում միայն կատարի նման միջամտություն:
«Ինչպես հոնքերի, այնպես էլ շուրթերի ու կոպերի եզրերի դեպքում տատուաժը առողջության տեսանկյունից վտանգավոր չէ, քանի որ օգտագործվող նյութերը բուսական հիմք ունեն: Պարզապես այս դեպքում ևս պետք է տատու-արտիստը այնքան պրոֆեսիոնալ լինի, որպեսզի ճիշտ երանգ ընտրի՝ խուսափելու համար սև պիգմենտներից, ինչպես նաև նա այնքան հմուտ պետք է լինի, որպեսզի տատուաժից մաշկի վրա հետքեր, սպիներ չառաջանան: Երբ տատուն արվում է մաշկը փորելով, ապա նման դեպքում այդ հետքերն այլևս չեն անցնի»,- նշեց մասնագետն ու հավելեց.
«Աչքերի եզրերը տատու անելիս աղջիկներն ու կանայք պետք է հաշվի առնեն մի շատ կարևոր հանգամանք, եթե հոնքերի ու շուրթերի եզրերի տատուն ժամանակի ընթացքում, կամ լազերային միջամտությամբ մաքրվում է, ապա աչքերի եզրերի արված տատուն երբեք չի մաքրվում: Ժամանակի ընթացքում գույնը բացվում է ու տհաճ տեսք ունենում, բացի այդ էլ դրա վրա նորից տատու անել ևս հնարավոր չէ: Կոպերի տատուն, ըստ իս, միայն առաջին տարիներին է հաճելի ու գեղեցիկ, իսկ մաշվելուց հետո՝ այնքան էլ գեղեցիկ տեսք չի ունենում: Ինչ վերաբերվում է կարծիքին, թե տարիքին զուգահեռ կնճռոտվելու դեպքում տատու արված կոպերի ուղիղ «սլաքը» կորցնում է իր ուղիղությունը, ապա դա սխալ է, քանի որ հմուտ տատու-արտիստը կարող է հենց կնճիռների միջնամասով գծել ուղիղ «սլաքը»: Նաև պետք է հաշվի առնել, որ շատ հաստ չպետք է գծել, կոպերի տատուն պետք է արվի շատ բարակ գծով՝ թարթիչների միջնամասով»:
Շուրթերի տատուաժից խոսելիս՝ Նելլի Մովսիսյանը նշեց.
«Շուրթերի եզրերի տատուաժի դեպքում դարձյալ կարևոր է տատու-արտիստի պրոֆեսիոնալիզմը: Հնարավոր է, որ մասնագետը բաց վարդագույնով տատու անի, բայց սխալ աշխատանքի պատճառով լեղակի կապույտ պիգմենտներ առաջացնի: Սա շատ նուրբ աշխատանք է, եթե անգամ փոքրիկ հատված խորը հետք ունենա, ապա հետագայում շրթներկը կլցվի դրա մեջ ու շատ տգեղ տեսք կունենա: Շուրթերի եզրերի տատուաժի ժամանակ տատու-արտիստը նախապես պետք է տեղեկացնի, թե հաճախորդը ինչ հաբեր ընդունի, որպեսզի տատուաժից հետո հերպես և ստոմատիտ չառաջանա, այլապես դրանք կարող են ներկն իրենց հետ դուրս հանել և արդյունքում շուրթերի եզրերի տվյալ հատվածը դատարկ կմնա: Վատ հետևանքներից խուսափելու համար հարակավոր է նաև ճիշտ խնամք ցուցաբերել տատուաժից հետո»:
Ինչպես հոնքերի, այնպես և շուրթերի եզրերի դեպքում տատուաժից հետո հնարավոր է լազերային միջամտությամբ հեռացնել տատուն, եթե հաճախորդը մտքափոխվել է: Թեև մասնագետի խոսքով՝ շուրթերի տատուն համեմատաբար շուտ է մաքրվում, քանի որ արյան շրջանառությունը ավելի արագ է տեղի ունենում այդ հատվածում: