Այս տարվա փետրվարի 7-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բժշկական կենտրոնում մահացած 11-ամյա Գեղեցիկ Սոնջյանի ընտանիքի անդամները չեն կարողանում համակերպվել այն դաժան մտքի հետ, որ բժշկուհու սխալ բուժման պատճառով իրենց երեխան մահացել է: Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում երեխայի տատիկը և մայրիկը մասնավորաբար ասում էին.
«Հունվարի 11-ին երեխան իրեն լավ չեր զգում, և տարանք պոլիկլինիկա, անալիզներ հանձնեցինք, և ասացին, որ ամեն ինչ նորմալ է. անհանգստանալու ոչինչ չկա: Սակայն մենք հետագա մի քանի օրերին նկատեցինք, որ երեխան իրեն լավ չի զգում, ընդհանուր թուլություն ուներ և դժվարությամբ էր քայլում, ու զանգեցինք տեղամասի բժշկուհուն , խնդրեցինք` գա տուն, երեխուն նայի: Նա ուրիշ դեղեր նշանակեց և ասաց, որ երկուշաբթի՝ հունվարի 25-ին` կբերեք բժշկի: Արդեն երկուշաբթի գնացինք, կրկին մի քանի անալիզներ հանձնեցինք, և մեզ ասացին` գնանք հիվանդանոց, որտեղ բժիշկ-մանկաբույժ Մարինե Հակոբյանը խորհուրդ տվեց, որ երեխան մի քանի օր կաթիլայիններ ստանա, ու ամեն բան լավ կլինի: Հենց այդ կաթիլայիններն էլ պատճառ դարձան, որ մենք կորցնենք մեր երեխային»:
Երեխայի մայրն ասաց, որ մահվանից հետո սպասել են պատասխաններին դիահերձարանից, որ իմանան` ինչից է մահացել իրենց երեխան, միգուցե ինչ-որ թաքնված հիվանդություն է ունեցել, սակայն պարզվել է, որ դա ամենևին էլ այդպես չէ: Միայն երեխայի թաղման օրն են հավաքված սգավորները ասել, որ բժիշկ-մանկաբույժ Մարինե Հակոբյանը առաջին անգամ չի երեխայի կյանք խլում, և նրա անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և իր պարտականությունները չկատարելու պատճառով` 2015 թվականի փետրվարի 4-ին մահացել էր 40 օրական Մանե Հարությունյանը, ինչի համար բժիշկ-մանկաբույժը դատապարտվել էր 2 տարի ազատազրկման: