ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պարգևատրեց տարվա ընթացքում լավագույնս դրսևորված, ակտիվ կին գործարարներին: Իր ողջույնի խոսքում վարչապետը կանանց մաղթեց միշտ լինել գեղեցիկ, ժպտերես, եռանդով լի: «Սիրելի, հարգելի երիտասարդ կանայք: Սիրով ողջունում եմ ձեզ և այս միջոցառմանը մասնակցելով՝ հասկացել եմ, որ մեր հույսը դուք եք»,-ասաց ն ա:
Կարեն Կարապետյանն իր խոսքում մի անեկդոտ հնչեցրեց, որի հետ, սակայն, ինքը համաձայն չէ. «Եթե շատ հաստ գիրք լինի, ո˚վ կարող է գուշակել, թե այդ գրքի անունը ինչ կլինի. այդ գրքի անվանումը կլինի «Կանանց տրամաբանություն. հատոր առաջին»:
Նա հիշեցրեց, որ հասարակության ամենակարևոր շարժիչ ուժերից մեկը գործարարն է, բիզնես-լեդին է, և այդ իսկ պատճառով բոլոր մեր քայլերն ուղղված են նրան, որ մենք մեր բիզնես- միջավայրը առավելագույնս պարզ ու հասկանալի դարձնենք` հակակոռուպցիոն գործարքներ, հեշտացում, լիցենզիաների ստացում և այլն: «Եվս մեկ անգամ շնորհավորում եմ և մաղթում, որ դուք երբևիցե ձեզ հոգնած չզգաք, լինեք հաջողակ, հարուստ և եռանդով լի»,-իր խոսքն ավարտեց վարչապետը:
ՀՀ վարչապետի «Լավագույն կին գործարար-2017» մրցանակաբաշխության արդյունքներով այս տարի «Լավագույն կին գործատու» անվանակարգը կիսեցին Արաքսյա Մարտիրոսյանն ու Իրինա Չիբուխչյանը, «Լավագույն կին նորարար» անվանակարգում հաղթող ճանաչվեցին Մարինա Գրիգորյանն ու Նարինե Խոջոյանը: «Կին գործարարի լավագույն ապրանքանիշ» անվանակարգում լավագույնները Զարուհի Մուրադյանն ու Մարգուշ Մուրադյանն են, «Լավագույն երիտասարդ կին գործարարները» Իրինա Սարիբեկյանն ու Նելլի Պողոսյանն են, «Լավագույն սկսնակ կին գործարարնե ր» տիտղոսը բաժին ընկավ Հասմիկ Հարությունյանին ու Նելլի Ամիրխանյանին, իսկ «Լավագույն կին գործարար արտահանող» անվանակարգում հաղթողներ դարձան Մարիա Սոբոլևան ու Նելլի Ներսիսյանը:
Ամենամյա մրցանակաբաշխությունն իրականացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աջակցությամբ: