10 պատճառ, թե ինչո՞ւ է Հայաստանը բժշկական զբոսաշրջության Մեքքան. gettreated.co
Advertisement 1000 x 90

10 պատճառ, թե ինչո՞ւ է Հայաստանը բժշկական զբոսաշրջության Մեքքան. gettreated.co

Հայկական GetTreated ստարտափի մասին 168.am-ն արդեն պատմել է: Հայաստանը բժշկական զբոսաշրջության կենտրոն դարձնել փորձող ստարտափն իր բլոգում անդրադարձել է այն պատճառներին, թե ինչո՞ւ արտասահմանում ապրող մարդիկ մատչելի և որակյալ բժշկական ծառայություններ գտնելու նպատակով պետք է այցելեն Հայաստան. կամ ՝ 10 պատճառ, թե ինչո՞ւ  պետք է Հայաստանը համարվի   բժշկական զբոսաշրջության Մեքքան:

Պրոֆեսիոնալ բժիշկներ

Բժշկական զբոսաշրջության կենտրոն համարվելու համար երկիրը պետք է ունենա մասնագիտացված և իրենց գործի վարպետ համարվող բժշկական անձնակազմ: Սա այն ուղղություններից մեկն է, որտեղ Հայաստանն ընդգծված առավելություն ունի: Փոքրիկ երկիրն ունի երկար և հպարտ պատմություն բժշկության ոլորտում, որն ուսուցանվում էր Գլաձորի համալսարանում: Մխիթար Հերացին, ով հայտնի է՝ որպես  «հայկական բժշկության հայր», մեծ դեր է ունեցել վիրաբուժության, դիետաների և հոգեթերապիայի ուսումնասիրություններում:

Հեղինակավոր հայերը, ինչպիսիք են՝ MRT-ի սարքավորումը ստեղծած Ռայմոնդ Դամադյանը (Raymond Damadian), PET սքանավորման համակարգը հայտագործող Միշել Տեր-Պողոսյանը (Michel Ter-Pogossian) և ժամանակակից պլաստիկ վիրաբուժության հայր համարվող Վարազդատ Ղազանչյանը (Varaztad Kazanjian), ունեցան մեծ հեղինակություն և հաստատեցին Հայաստանը բժշկական ինովացիաների քարտեզում: Սովետական Միության տարիներին Հայաստանը համարվում էր բժշկական հետազոտությունների կենտրոն՝ կրթելով առողջապահության ոլորտի պրոֆեսիոնալ մասնագետներ: Մինչ օրս Երևանի պետական բժշկական համալսարանը գրավում է շատ ուսանողների ոչ միայն՝ Հայաստանից, այլև՝ ամբողջ աշխարհից:

Բժշկական սարքավորումներ

Չնայած փոքր չափերին՝ Հայաստանն արել է ամեն ինչ հաջորդ սերնդի բժշկական սարքավորումներ ունենալու համար: Հայաստանն ունի նաև որակյալ մասնագետներ, ովքեր կարողանում են աշխատել այդ սարքավորումներով: Հայ բժիշկներն առավել հաճախ են օգտագործում այս սարքավորումները, քան Կանադայում և Դանիայում աշխատող իրենց գործընկերները: Սա նշանակում է, որ առողջական խնդիրներ ունեցողները կստանան որակյալ բուժօգնություն այստեղ՝ կրճատելով ժամանակը և վճարելով ավելի քիչ:

Հասանելի՝ բոլոր ուղղություններով

Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում գտնվելով՝ Հայաստանը դառնում է իդեալական վայր բժշկական զբոսաշրջության համար: Երևանը համարվում է հարմար ուղղություն այնպիսի խոշոր քաղաքների համար, ինչպիսիք են Դուբայը, Փարիզը, Մոսկվան և մյուս այն քաղաքները, որտեղից դեպի Երևան կան ուղիղ չվերթեր:

Հայաստանը՝ չբացահայտված գանձ

Եթե պրոֆեսիոնալ բժշկական անձնակազմը, ինովացիոն սարքավորումները և ցածր գները քիչ են, ապա Հայաստանով հետաքրքրվելու համար պետք է ուշադրություն դարձնել այդ երկրի բնական գեղեցկությանը, պատմությանը և տեղի ջերմ մշակույթին:

Բժշկական նպատակներով Հայաստան այցելած զբոսաշրջիկներին զարմացնում է այս երկրի լանդշաֆտն ու կլիմայական տարբերությունները: Տեղակայված լինելով սարերի մեջտեղում՝ Հայաստանն առաջարկում է ոչ միայն  հրաշալի օդ, այլև աներևակայելի տեսարաններ:

Անվտանգություն

Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկն է: «Գելափի» տվյալներով՝ 2015-ին Հայաստանն ամենաանվտանգ երկրների շարքում 9-րդն էր:

Լինելով մեծ պատմություն ունեցող փոքր ազգ՝ հայերը շատ համերաշխ և հարգալից են ուրիշների նկատմամբ: Հայաստանը հյուրընկալում է նաև դրսի ընկերություններին: Այս երկրում կարող եք գտնել թե՛ տեղական, և թե՛ միջազգային ապահովագրական ընկերություններ, որոնք նախատեսված են բժշկական նպատակներով երկիր այցելած զբոսաշրջիկների համար:

Այստեղ շատ բան կա անելու

Զբոսաշրջիկները շատ անելիքներ կարող են գտնել Հայաստանում, և խոսքը միայն բժշկական նպատակներով եկած զբոսաշրջիկների մասին չէ:

Հայաստանում կարող եք ուսումնասիրել անվերջ փոփոխվող լանդշաֆտները, բացահայտել լեռներում թաքնված եկեղեցիները, կամ՝ Երևանում այցելել հարյուրավոր թանգարանները, գնալ Օպերա, կամ վայելել գիշերային Երևանը՝ իր ջազ ակումբներով, սրճարաններով, ռեստորաններով:

Վայր, որտեղ կարող եք վերականգնվել վիրահատությունից հետո

Վիրահատությունն ուրախ բան չէ: Երբ երկար ճանապարհ ես կտրում վիրահատության համար, ուրախանալու առիթներն ավելի են քչանում: Հայաստանն առաջարկում է հրաշալի միջավայր, որտեղ կարող եք վայելել լեռների մաքուր օդը: Սա այն է, ինչը հենց  բժիշկներն են  խորհուրդ տալիս:

Սա իրոք մատչելի է

Բժշկական զբոսաշրջության կարևորագույն գործոններից մեկը մատչելիությունն է: Շատերի համար գուցե անակնկալ լինի, բայց Հայաստանում կարող եք ստանալ մի քանի անգամ մատչելի և  արագ բժշկական օգնություն, ինչպես նաև կարող եք ավելի արագ հայտնվել ինքնաթիռում, ամրագրել հյուրանոցային համար, քան այցելել տեղի բժշկին:

Միջինում, վիրահատության ծախսերը Հայաստանում 40-50 տոկոսով ավելի մատչելի են, քան Հյուսիսային Ամերիկայում և Արևմտյան  Եվրոպայում: Ցածր հարկերը դարձնում են Հայաստանին շատ մրցունակ բժշկական տուրիզմի ոլորտում:

Դուք կարող եք համատեղել բժշկական պրոցեդուրաները

Հայաստանը հայտնի է նաև պլաստիկ վիրաբուժությամբ և ատամնաբուժությամբ: Եթե արդեն գտնվում եք քաղաքում, ապա կարող եք ձեր բուժմանը զուգահեռ՝ ստուգել ատամները կամ կատարել փոքր պլաստիկ վիրահատություն:

Այսպիսով,  դուք ոչ միայն ժամանակ կշահեք, այլև գումար կխնայեք: Օրինակ՝ Հայաստանում ռենտգեն հետազոտությունն արժե 50 դոլար, բայց, օրինակ, ԱՄՆ-ում դուք ստիպված կլինեիք վճարել միջինում 200 դոլար:

Առաջին հերթին՝ դուք կմոռանաք, որ այցելել եք բուժման նպատակով

Հայաստանը փորձառություն է:  Շատերն ուշադրություն կդարձնեն բժիշկների պրոֆեսիոնալիզմին, մյուսները կխոսեն գների ցածրության և մրցունակության մասին, սակայն մեծ մասը հենց օդանավակայանից կմոռանա՝ ինչ նպատակով է այցելել այս երկիր: Այս երկրի յուրահատուկ մշակույթը, հետաքրքիր պարադոքսները, էկզոտիկ միջավայրը յուրաքանչյուրին դուրս կհանի բժշկական պալատի սահմաններից: Դուք կունենաք շատ պատմություններ, որոնցով կարող եք կիսվել, երբ վերադառնաք տուն:

Սիրարփի Աղաբաբյան