Dialogue.am կայքը շարունակում է «Սոցիալական իրավունքի» մեկնաբանությունների շարքը՝ անդրադառնալով այս անգամ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ոլորտում օրենքով տրվող արտոնություններին և հատուկ խմբի ցանկում ներառվելու պայմաններին:
Հաշմանդամություն ունեցող քաղաքացիները, ընդգրկվելով բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում, իրավունք ունեն արտոնյալ իրավասություններով օգտվել առողջապահական, սոցիալական , կրթական ոլորտներում մատուցվող ծառայություններից: Այդ իրավասությունները ամրագրված են ՀՀ կառավարության մի շարք իրավական ակտերով:
Միայն վերջին տվյալներով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության (ԲՍՓ)՝ 18 տարածքային մարմինների կողմից 2017-ի հունվար-փետրվար ամիսներին իրականացվել են 7641 փորձաքննություն, որից հաշմանդամություն է սահմանվել 6284 անձի, ընդ որում նրանց մի մասը փորձաքննության արդյունքում՝ տրված եզրակացության հիման վրա, փոխել է հաշմանդամության խումբը, իսկ 375-ը դուրս են մնացել այս ցանկից:
Այս կարճ ժամանակահատվածում դիմածների ցանկը փոփոխվել է հետևյալ կերպ՝ ըստ հաշմանդամության խմբերի
I–ին խումբ` 75 անձ
II-րդ խումբ` 293 անձ
III-րդ խումբ` 846 անձ
«Հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ սահմանվել է 131 երեխայի:
Սոցիալական ոլորտ. կենսաթոշակ և նպաստ
ԲՍՓ-ի փորձաքննության արդյունքում հաշմանդամության խումբ կամ «Հաշմանդամություն ունեցող երեխա» ճանչված անձիք իրավունք ունեն ստանալ միաժամանակ և՛ թոշակ և՛ նպաս :
Ե՞րբ է սահմանվում հաշմանադամության թոշակ
Հաշմանդամության թոշակը նշանակվում է ԲՍՓ գործակալության կողմից հաշմանդամ ճանաչած անձին, ընդ որում երկու հիմքերով՝
1) հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է հաշմանդամ ճանաչված անձին, եթե հաշմանդամություն սահմանելու կամ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու ժամանակ անձն ունեցել է հետևյալ աշխատանքային ստաժը.
Տարիքային խումբը | Աշխատանքային ստաժը` օրացուցային տարիներով |
մինչև 23 | 2 տարի |
23-ից մինչև 26 | 3 տարի |
26-ից մինչև 29 | 4 տարի |
29-ից մինչև 32 | 5 տարի |
32-ից մինչև 35 | 6 տարի |
35-ից մինչև 38 | 7 տարի |
38-ից մինչև 41 | 8 տարի |
41-ից մինչև 44 | 9 տարի |
44-ից բարձր | 10 տարի |
2) աշխատանքի ընթացքում խեղում ստանալու կամ մասնագիտության հետևանքով առաջ եկած հիվանդության պատճառով` անկախ ապահովագրական ստաժից:
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն` հաշմանդամության աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակի չափը հաշվարկելիս դարձյալ հիմք է հանդիսանում հիմնական կեսնաթոշակի չափը:
Այսպես՝
- 1-ին խմբի հաշմանդամ և հաշմանդամ երեխաների համար` հիմնական կենսաթոշակի չափը սահմանվում է 140 % կամ 22400 դրամ
- 2-րդ խմբի հաշմանդամների համար` հիմնական կենսաթոշակի չափը սահմանվում է 120. % կամ 19200 դրամ
- 3-րդ խմբի հաշմանդամների համար` հիմնական կենսաթոշակի չափը սահմանվում է 100 % կամ 16000 դրամ :
Իսկ ե՞րբ է նշանակվում հաշմանդամության նպաստ
Հաշմանդամության նպաստը նշանակվում է կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող հաշմանդամին և նաև «Հաշմանդամություն ունեցող երեխային», ընդ որում՝ հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար: Քաղաքացուն հաշմանդամության նպաստը դարձյալ նշանակվում է ԲՍՓ-ն՝ հաշմանդամ ճանաչելու մասին փորձագիտական եզրակացության հիման վրա: Նպաստը, ինչպես և թոշակը վճարվում է կենսաթոշակի համար սահմանված, վերը նշված կարգով:
Հաշմանդամության նպաստի իրավունք ունեցող անձը նպաստը ստանալու համար պետք է դիմում ներկայացնի սոցիալական աջակցության տարածքային բաժին (հաշվառման վայր): Դիմումը ներկայացվում է անձամբ:
Նպաստը ստանալու համար այլ անձ դիմելու դեպքում պահանջվում է նոտարի կողմից հաստատված լիազորագիր, ընդ որում, մեկ լիազորագրով նպաստը վճարվում է միայն 12 ամիս ժամանակահատվածի համար: 12 ամիսը լրանալուց հետո, նորից կվերականագնվի լիազորագրով նպաստի վճարումը, եթե նպաստառուն մեկ անգամ անձամբ ներկայանա ՍԱՊԾ:
Նպաստը նշանակվում է հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե անձը իր դիմումը ներկայացրել է այդ օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում:
Ուշադրություն.
Պետք է չուշացնել դիմումը տալու գործընթացը՝ հակառակ դեպքում ՍԱՊԾ-ն նպաստը կնշանակի անմիջապես Ձեր դիմելու օրվանից սկսած, իսկ դա նշանակում է, որ կունենաք ժամանակի, գումարի կորուստ և նախորդ ամիսների համար օրենքով նախատեսված նպաստը այլևս չեք կարողանա ստանալ:
Հիշե՛ք. սոցիալական պաշտպանության պետական հաստատությունում (աջակցության կենտրոն, ծերանոց, մանկատուն) բնակվող անձին հաշմանդամության նպաստ և թոշակ չի նշանակվում և չի վճարվում:
Նպաստ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը
Հաշմանդամության նպաստ նշանակելու համար առաջնային կարևորության փաստաթուղթ է համարվում ԲՍՓ-ի կողմից տրված փորձաքննական որոշման քաղվածքը: Քաղվածքի հետ միասին ներկայացվում են նաև՝
- դիմում
- անձը հաստատող փաստաթուղթ ( անձնագիր, նույնականացման քարտ, օտարերկրացիների կամ քաղաքացիություն չունեցողների համար՝ կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը, փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը:)
- հանրային ծառայությունների համարանիշը կամ բնակչության պետական ռեգիստրը վարող մարմնի տրամադրած՝ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը:
Նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու կամ չվճարված նպաստի գումարը վճարելու համար դիմելու դեպքում՝ պարտադիր է կցել ներքոնշյալ փաստաթղթերը
1) ՀՀ քաղաքացին
- հայտարարություն ՀՀ երկքաղաքացի չլինելու և կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություններում իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու կամ լինելու մասին փաստաթուղթ, իսկ համաձայնագրի մասնակից պետությունում բնակության իրավունք ունեցող՝ ՀՀ քաղաքացին` նաև փաստաթուղթ այդ պետությունում իրեն կենսաթոշակ նշանակած չլինելու կամ լինելու մասին
2) ՀՀ երկքաղաքացին`
- օտարերկրյա պետության իրավասու պետական մարմնի տված` այլ երկրի քաղաքացիությունը հաստատող անձնագիրը,
- հայտարարություն համաձայնագրի մասնակից պետությունում իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու կամ լինելու մասին, իսկ համաձայնագրի մասնակից պետության քաղաքացի հանդիսացող՝ ՀՀ երկքաղաքացին նաև այդ պետությունում իրեն կենսաթոշակ նշանակած չլինելու կամ լինելու մասին փաստաթուղթ
3) օտարերկրյա քաղաքացին`
- օտարերկրյա պետության իրավասու պետական մարմնի տված` այլ երկրի քաղաքացիությունը հաստատող անձնագիրը
- այլ պետությունում իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու կամ լինելու մասին փաստաթուղթը:
Համաձայնագրի մասնակից պետության իրավասու մարմինների և կազմակերպությունների տված փաստաթղթերն ընդունվում են հայերեն թարգմանությամբ` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ փաստաթղթերը ռուսերեն են: Փաստաթղթերի հայերեն թարգմանությունը պետք է վավերացրած լինի ՀՀ գործունեություն իրականացնող նոտարը կամ հյուպատոսական հիմնարկը:
dialogue.am