Անցած շաբաթ Google ընկերությունը ներկայացրել է իր Android օպերացիոն համակարգի նախնական տարբերակը ծրագրավորողների համար:
Android O աշխատանքային անունը ստացած թարմացումը նախ տրամադրվում է ծրագրավորողներին, որպեսզի նրանք կարողանան մինչև համակարգի վերջնական թողարկումը ստեղծել նոր ծրագրեր կամ իրենց ծրագրերում փոփոխություններ մտցնել Android O-ի նոր հնարավորություններից օգտվելու համար:
Ենթադրվում է, որ շարքային օգտագործողների հեռախոսներում, պլանշետներում և Android-ով աշխատող այլ սարքերում համակարգը հասանելի կդառնա մինչև տարեվերջ:
Մինչ այդ՝ Google-ը հայտարարել է, որ Android O-ի առավել կարևոր նորամուծություններից են մարտկոցի ավելի արդյունավետ օգտագործումը, ծանուցումների բարելավված համակարգը և վիդեո նվագարկման «Նկար նկարի մեջ» ռեժիմը:
Յուրաքանչյուր լիցքավորումից հետո մարտկոցը ավելի երկար օգտագործելու նպատակով Android O-ն կսահմանափակի ֆոնային ռեժիմում բջջային հավելվածներին հատկացվող ռեսուրսները, հատկապես եթե բացված են բազմաթիվ հավելվածներ՝ դրանով նմանվելով iOS համակարգին: Որպես օրինակ՝ եթե Ձեր հեռախոսում, ֆոնային ռեժիմում բացված է Google Maps քարտեզային համակարգը, իսկ ակտիվ է Instagram-ը, Ձեր գտնվելու վայրի մասին թարմացումների պարբերականությունը զգալիորեն կպակասի, ինչի հետևանքով մարտկոցի լիցքը կբավարարի ավելի երկար ժամանակ:
Ծանուցումների հետ կապված, Google-ը տեղեկացնում է, որ Android O-ում հնարավորություն կստեղծվի միանման ծանուցումները խմբավորել ալիքների մեջ (channels) և միանման ծանուցումների հետ կապված կարգավորումները իրականացնել միանգամից: Օրինակ, ենթադրենք Ձեր հեռախոսում կա մի քանի լրատվական հավելված: Այս դեպքում կարելի է դրանք բոլորը խմբավորել «լուրեր» ալիքում և սահմանել, որ Ձեզ համապատասխան ծանուցումներ ուղարկվեն առավոտյան 8-ից մինչև երեկոյան 11-ը, իսկ գիշերային ժամերին չանհանգստացնել:
«Նկար նկարի մեջ» ռեժիմը․ ենթադրվում է, որ այս նորամուծությունը հնարավորություն կտա, օրինակ, YouTube-ով շարունակել դիտել «Ազատության» ուղիղ հեռարձակումը YouTube-ով փոքր պատուհանում, որը կմնա բոլոր այլ պատուհանների վերևում, իսկ ներքևի շերտում, օրինակ, ստատուսներ թարմացնել Facebook սոցցանցում: Նշենք, որ «Նկար նկարի մեջ» ռեժիմը iPad-ներում հասանելի էր iOS 9 թարմացումից ի վեր: