Կարապի լճի տարածքն առաջիկայում կներկայանա ամբողջությամբ բարեկարգված և նորովի կանաչապատված
Advertisement 1000 x 90

Կարապի լճի տարածքն առաջիկայում կներկայանա ամբողջությամբ բարեկարգված և նորովի կանաչապատված

Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերով մեկնարկել են Կարապի լճի շրջակա տարածքի բարեկարգման և կանաչապատման աշխատանքները:  Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Երևաննախագիծ» ՓԲԸ–ի մշակած նախագծով 9740 քմ տարածք զբաղեցնող մայրաքաղաքի հանգստի այս գոտում, որից 2545 քմ-ն լճի մակերեսն է, նախատեսված է առաջնահերթորեն բարեկարգել մայթերն ու ճեմուղիները: Դրանք, ի դեպ, կերեսապատվեն գեղարվեստական ձևավոր բետոնե սալիկներով: Տարածքում կկառուցվեն նաև բազալտե աստիճաններ:

Մայրաքաղաքի բնակիչների և քաղաքի հյուրերի հանգիստը տվյալ վայրում լիարժեք ու հարմարավետ դարձնելու նպատակով կնորոգվեն նաև բազալտե նստարանները, կտեղադրվեն նորերը: Տարածքում կտեղադրվեն նաև նոր աղբամաններ:

Նշենք նաև, որ  մալուխներն է լ կանցկացվեն ստորգետնյա եղանակով՝ հատուկ խրամուղային խողովակներով:

Կարապի լճի հարակից տարածքի կանաչապատման ընթացքում կճմապատվի 107 քմ,  կտնկվի 80 թուփ:

Առաջիկայում հանգստի սիրված գոտին շահագործման կհանձնվի ամբողջությամբ՝ այցելուներին ներկայանալով նորովի և առավել հարմարավետ պայմաններով: