ԱՄՆ Օհայո նահանգի Իսթ Փալեսթայն քաղաքի բնակիչ, 8-ամյա մի տղա YouTube-ով սովորել է մեքենա վարել, որից հետո հոր մեքենայով 4-ամյա քրոջը տարել է մոտակա McDonald’s ռեստորան: WKBN27-ի փոխանցմամբ, երեխաները կիրակի երեկոյան թաքուն դուրս են եկել տնից, երբ նրանց ծնողները պառկել են քնելու: Տնից մինչև ռեստորան մոտ մեկուկես մղոն ճանապարհը մանկահասակ վարորդը անցել է հաջողությամբ՝ հատելով մի քանի խաչմերուկ և գնացքի գծերը. երեխան երթևեկության կանոնների ոչ մի խախտում թույլ չի տվել, արագությունը չի գերազանցել և հաջողությամբ կայանել է McDonald’s-ի մոտ՝ «չիզբուրգեր» է պատվիրել՝ դրա համար վճարելով իր խոզուկ-խնայդրամարկղից վերցրած մանրադրամով:
«Ռեստորանի աշխատակիցները կարծել են, թե երեխայի ծնողները մեքենայում են», – պատմել է Օհայոյի ոստիկանության ներկայացուցիչ Ջեյքոբ Կոհլերը: Ռեստորանում ճաշելիս է եղել երեխայի ընտանիքի բարեկամներից մեկը, ով տեսնելով տեղի ունեցածը, զանգահարել է հարազատներին: Երեխաները տեղում կերել են իրենց համբուրգերը՝ մինչև անհանգստացած ծնողները կհասնեին ռեստորան՝ նրանց տուն տանելու:
«Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս սովորել ամեն ինչ», – նշել է ոստիկանը՝ շարունակելով․ – «Այդ երեխան մեքենա վարել է սովորել YouTube-ում տեսանյութեր դիտելով: Նա երևի մոտ 5 րոպե ուսումնասիրել է, թե դա ինչպես է արվում, ու հետո որոշել, որ արդեն կարելի է գնալ»: