Պատմաբան Վահե Անթանեսյանը իր միկրոբլոգում հրապարակել է Գարեգին Նժդեհի նամակը Կարմիր բանակի զորահրամանատարին:
Հայ ազատագրական պայքարի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը` Գարեգին Նժդեհը, հայտնի է ոչ միայն իր ռազմական տաղանդով: Նա նաև Ցեղակրոն ուխտի հիմնադիրն է: Ուխտ, որ ամբողջ սերունդներ է կրթել ու կրթում Հայաստանում ու սփյուռքում: Նժդեհյան գաղափարախոսության ու փիլիսոփայության էությունը լավ պատկերված է նրա նամակում, որ ուղղված է 11-րդ Կարմիր բանակի հրամանատարությանը` Լեռնահայաստանի պայքարի թեժ օրերին…
Մոռանանք մի պահ, մոռանանք որ մենք կռվող կողմեր ենք: Մոռանանք, որ այն դուք էիք, որ խաբելով ավարի ու ավերածության մատնեցիք ըմբոստ ու ազատասեր Ղարաբաղը, Սյունիքն ու Վայոց ձորը, սոցիալական քայքայումի հետ անաստվածորեն առաջ տարաք այդ լեռնաշխարհը լցնող ժողովրդի գլխատման գործը: Մոռանանք և այն, որ դուք էիք, դուք, որ արհամարհելով հեղափոխական էթիկայի ամենատարրական պահանջները` գիտակցելով դաշնակցեցիք Արևելքի գերազանցորեն ռեակցիոն, կուլտուրավեր հայաջինջ ուժերի հետ, երեկվա հանրապետական Հայաստանը քեմալական դարձրիք: Մոռանանք նաև, որ ձեր, աշխատավորության հասցրած չարիքից և հայահալած ու հակահեղափոխական քաղաքականությունից խթանված Սյունաց, Արցախի, Վայոց ձորի ռազմական ուժերը մի գիշեր իջան լեռներից ու մաքրեցին իրենց երկիրը, աշխարհի չորս քամիներին տալով ձեր բարբարոս զորամասերը: Մոռանանք այդ բոլորը, չնայած պատմության և ձեր ձեռքով խաչված հայ ժողովուրդը չի մոռանա, մոռանանք, կրկնում եմ և խոսենք որպես երկու օբյեկտիվ կողմեր: Սկսում եմ, լսեք: Ձեր վերջին նամակի մեջ դուք առաջարկում էիք ինձ բարեկամանալ Խորհրդային Հայաստանի կառավարության հետ և միամտորեն հարց էիք տալիս, թե ու՞մ վրա եմ դրել հույսս: Խորհրդային Հայաստան չկա: Կա քաղաքականապես բռնաբարված Երևան անունով մի քաղաք և մեկուկես տասնյակ գյուղեր, այսինքն` տերետորիալ մի աբսուրդ: Ձեր դավադրությամբ Հայաստան երկիրը դարձավ քեմալիստական: Միամիտ չլինենք կարծելու, որ Մոսկվայի ձեր վերջին կոնֆերանսը մուկ չի ծնելու: Ձեր ցանկությամբ տաճիկները մտան, սակայն ձեր հրամանով նրանք չպիտի հեռանան, և խոստովանենք, որ եթե քեմալիստները քաղաքական հնարավորություն ունենան շարժվելու դեպի Երևան, ձեր, միայն թալանի մեջ մարզված և Ղարաբաղում կին ու երեխաներ կոտորելու գործում մասնագիտացած զորքերը չեն, որ պիտի պաշտպանեն ձեր ձեռքով գլխատված ու զինաթափ եղած հայ աշխատավորությանը: Չգիտեմ, նման պայմաններում աբսուրդային Խորհրդային Հայաստանի հետ միտք կունենա՞:
Թվում է, որ իմ` Երևանի կառավարության հետ բարեկամանալուց կշահի միայն ձեր երեկվա բարեկամ և այսօրվա թշնամի Քեմալը, որովհետև հայ զինվորն անմարտունակ, փալաս է դառնում, երբ անգամ ձևականորեն դառնում կամ կոչվում է Կարմիր, բոլշևիկյան, սովետական: Ձեր հարցին, թե ու՞մ վրա եմ դրել հույսս, Անտանտայի թե Վրաստանի, պատասխանում եմ` միայն իմ ազատասեր ժողովրդի հաղթական ռազմունակության, իմ երկրի բարձր լեռների և իմ պաշտպանած արդար դատի վրա:
Ուժեղը նա չէ, որ ուտող բերաններ, երկոտանի մեքենաներ, թալանչիներ կամ թնդանոթների արճիճ շատ ունի, բայց սիրտ ու հոգի չունի, սրբություններ չի ճանաչում: Ուժեղը նա չէ, որ ոչնչով չի տարբերվում կարմիր ցարերից, սուլթաններից, որը խաբեությամբ դրախտ ու հազար ու մի բարիքներ բերելու խոստումներով մտնում է մի երկիր, թալանում, սոցիալապես գլխատում, ապստամբության մղում ժողովրդին, և թողնում, փախչում: Ուժեղը նա չէ, որ ամբողջ բրիգադներով հարձակվում է Շվանիձոր կոչվող գյուղի վրա և քառասուն օր շարունակ թնդանոթներից և գնդացիրներից արճիճ ու կրակ է թափում հարյուրի հասնող ապստամբների գլխին և նահանջելուց առաջ ասպետություն չի ունենում ծունկի գալու ապստամբների դիրքերի առաջ և ասելու. Փառք ձեզ, ապստամբներ, որ այդպես կռվել ու ձեր երկիրն ու մարդկային իրավունքները պաշտպանել գիտեք: Ուժեղը նա չէ, որի ուժերի ավանգարդը կազմում են կարմիր սուտը, խաբեությունն ու պրովոկացիան, որը գիտե, որ գերմանական զրահապատ բռունցքը ջարդ ու փշուր դառավ, զինաթափ եղավ բելգիական տրագիկ և հերոսական ոգու առաջ: Ուժեղը նա չէ, որ հանուն իր աննշան հաջողությունների, իր պյուռոսական հաղթանակների, դաշնակցում է անգամ սատանայի հետ, որը լինելով Նապոլեոնի խեղանկարը, Մաքիավելի է իսկական: Ուժեղը նա չէ, որ կազմակերպված մեծ ոճիրն ու թալանը անվանում է Ռուսական մեծ հեղափոխություն, որը խելագար հալածանքներ է իրականացրել անգամ սոցիալիստական ինտելեգենցիայի դեմ, որն առանց ամոթի ու խղճի խայթի իր ամենավուլգար քրեական գործիչներին, ինչպիսիք են սադիստ Աթարբեկյանն ու Ավիսը, անվանում է ռուսական Մարատ: Ուժեղը նա չէ, որն օրական յոթն անգամ վերև ու ներքև թքել գիտի, բայց կրծի վրա, գրպանի խորքում ռուսական խաչն ու Տիրամոր պատկերն ունի: Ուժեղը նա չէ, որի հաղթանակները ռազմական լինելով` բարոյական չեն: Դուք չգիտեք, թե ով, ինչպես և ինչով է հաղթում: Լսեք, ասեմ: Գիշեր է: Մի քանի զինվորներ Գորիսի մի այգում սուր խրամատաշինական գործիքնորով փոսեր են փորում: Գերեզմանները պատրաստ են: Ահա բանտի դռնից դուրս նետեցին երկու ականավոր սոցիալիստների: Դատապարտվածները գիտեն, որ իրենց տանում են հողին հանձնելու, բայց չգիտեն, որ պիտի մորթվեն: Մոտեցրին փոսերին: Մի քանի սրեր բարձրացան մթության մեջ և իջան: Սոցիալիստներից մեկը գլխատված է, մյուսի ձախ թևը կտրված:
-Սրիկաներ, սպանեք, կտրեք մյուս թևս էլ, բայց գիտեցեք, դուք ձեզ եք սպանում: Ցարն էլ ձեզ պես վարվեց ժողովրդի պաշտպանների հետ և մեռավ բռնաբար:-Սրիկաններ, մարդասպաններ,-վերջին անգամ գոռաց Շիրինն ու սրերի ծանր հարվածներից գլորվեց փոսը:-Սրիկաներ, մարդասպաններ, վախվխելով ու կամացուկ կրկնեց ժողովուրդը ու սեղմեց բռունցքը:
Կռիվ էր, ձերոնք թնդանոթների ու գնդացիրների հետ կախվել էրն Ալագյազից կարճևան գյուղի վրա: Երրորդ օրն էր, իսկ ապստամբները հեգնում էին թշնամու ճիգերն ու փորձերը ու առատ հունձ անում: Ջուր չկար, ծարավ էինք: Կարճևանցի հայ կինը կուժը լիքը սառը ջրով բարձրանում էր մեր դիրքերը: Թշնամին նկատելով` գնդացրային կրակ բացեց նրա վրա: Հարյուրավոր գնդակներից մեկը փշրեց նրա կուժը: Կինը նորից իջավ Արաքսի ափը, նոր կուժը լցրեց ջրով ու շարունակեց դեպի մեր դիրքերը: Էլի նա ընկավ կրակի տակ, թեթև վիրավորվեց և կորցրեց կուժը: Հավատացած էինք, որ նա այլևս չի վերադառնա, բայց մի քիչ անց նորից պաշտելի հերոսուհին բարձրացավ սարը: Վիրավորված հայ կնոջ ներկայությունը կրակով և վրեժով լցրեց ապստամբների հոգիները: Կես ժամ անց թշնամին մեր սարերից կրնկակոխ փախչում էր: Ահա իմ ուժը: Կարյուշկինը իր հեծելագնդով եկել, պաշարել էր Երիցավանք գյուղը: Հրամայված էր ցերեկը չպատասխանել թշնամուն: Ապստամբները սրտատրոփ սպասում էին խավարի իջնելուն, իրենց հարազատ տարերքին, երբ հպարտ կապանցին թշնամու բանակի մասին հարց տալու փոխարեն հարցնում է. Որ է թշնամին: Գիշեր է: Գայլավաշտերը սպասում են ազդանշանին` սկսելու իրենց ուժանակային գրոհը: Լռության մեջ բարձրացավ ապստամբներից մեկի` մահն արհամարհող, վտանգն անգիտակցող երգը:
Վաշտերը դուրս թռան իրենց խրամատներից, լսվեցին գոռ կեցցեները, որին հետևեցին դինամիտային պայթյունները: Լույսը բացվեց: Մեր ձեռն էր մնացել թշնամու ուժերից կեսից ավելին` մի քանի հարյուր հրացան և երկու տասնյակից ավելի գնդացիր: Մենք այսպես շատ անգամ երգով ենք հաղթում: Սյունիքի բացօդյա երկնքի տակ հավաքված են հազարավոր կանայք` քաղաքից ու գյուղերից: Խոսում է մեկը. Դիմենք Սպարապետին. եթե նա այսօր մինչև երեկո չքշի թշնամուն Զաբուղից էլ դեն,մենք կհարձակվենք դեղատների վրա,մեր մեջ կբաժանենք եղած թույնը և անձնասպանությամբ վերջ կտանք մեր կյանքին, որ մեկ էլ կարմիր զինվորների կամ սև ասկյարների երեսը չտեսնենք:
Մութը դեռ չէր ընկել, երբ մեր սուրհանդակը ավետեց, որ ջարդված թշնամին ետ է շպրտվել:
Ահա թե ինչով և ինչպես ենք հաղթում մենք:
Այդպես եկաք, խաբեցիք, թալանեցիք, ապստամբեցիրք ժողովրդին և պարտվեցիք: Դուք պարտվեցիք, որովհետև պետք է պարտվեիք, որովհետև դա պատմության վճիռն է, որովհետև մարդկությունն է այդպես ցանկանում: Դուք պարտվեցիք, որովհետև բարոյապես պարտված եք եղել ձեր, հենց ձեր քանդված ու գլխատված բուն հայրենիքում` Ռուսաստանում, որովհետև ձեր ամեն մի քայլը, ամեն մի գործը բարոյական մի պարտություն է, էթիկական մի անձնասպանություն: Սյունիքը հաղթեց ձեզ, որովհետև նա պետք է հաղթեր, որովհետև վարձկան զինվորի տեղ նա ունի 200-ի չափ ժողովրդական ուխտած վաշտապետներ, նույնքան դավիթբեկյան գայլավաշտեր, իրեն ապաստան` բարձր լեռներ, որքան բարձունք` այնքան գնդացիր /միայն ձեր զորքից խլված 200-ը/, խոր ձորեր, թշնամու համար գերեզման, ծով ատելություն դեպի իր թշնամին,ծով սեր դեպի իր հայրենի երկիրն ու արյունով գնված ազատությունը, բոլոր ճակատներում անհատակ պարկեր, որոնք բերանբաց սպասում են մեր երկրի թշնամիներին, և գրանիտե հավատ, որ ապստամբ ժողովրդին միայն աստված կարող է հաղթել: Խորամանկ Մաքիավելին էլ չի կարող օգնել ձեզ: Ձեզ լավագույն մոդեռն զենքը` կարմիր սուտը, չեղած դրախտն էլ չեն փրկի ձեզ, որովհետև այդ զենքերով միայն մի անգամ կարելի է հաղթել:
Խոստացած դրախտի տեղ դժողք, հազար ու մի բարիքների փոխարեն`սով, սիֆիլիս, արյուն, արցունք, կոտորած, Քեմալ, քեմալիստներ բերիք հայ աշխատավորության համար:
Եզրելով նամակս, ավելացնում եմ. իզուր եք ենթադրում, որ ես ցանկություն ունեմ պայթեցնելու Երևանն ու մոկուկես տասնյակ գյուղերը, որոնց վզին զոռով դրված է սովետական լուծը, եթե Ղարաբաղում սկսած բարբարոսություններով չստիպեք անել այդ քայլը: Ցգրություն:
Ինքնավար Սյունիքի սպարապետ` Նժդեհ: 24.02.1921 Գորիս